Լրահոս
Օրվա լրահոսը

«Դու՝ պատերազմի էպիկենտրոնում, բայց նամակներդ հեղեղված չէին լաց ու արցունքով»

Փետրվար 20,2021 13:00

Փետրվարի 18-ը ազատամարտիկ, լրագրող, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ,
«Ծովակալ Իսակով» մեդալակիր Շուշան Աբրահամյանի ծննդյան օրն է

Ամեն տարի այս օրը հավաքվում էինք Շուշան Աբրահամյանի՝ մեր Շուշանի փոքրիկ երեւանյան համեստ բնակարանում՝ Լենինգրադյանի վրա:

Այս անգամ էլ կգնանք ու կհիշենք մեր սիրելի Շուշանին, ավաղ՝ նրա բացակայությամբ:

Մեր ընկերն անցյալ տարվա հոկտեմբերի 13-ին ծանր հիվանդությունից հետո իր մահկանացուն կնքեց: Նա չտեսավ այն մեծ ողբերգությունը, որից հաստատապես կխելագարվեր, եթե ողջ լիներ:

1988թ.-ից Շուշանն Արցախում էր։ 1988-1991թթ.-ին դասավանդել է Ասկերանի շրջանի Դահրավ գյուղի դպրոցում, միաժամանակ եղել կապավոր, մարտիկ եւ բուժքույր, մասնակցել ինքնապաշտպանական աշխատանքներին։ Դահրավի իրենց ջոկատով մասնակցել է Շուշիի ազատագրմանը, Խոջալուի, Լեսնոյի առաջին հետախուզական գործողություններին, պայքարը շարունակել Դրմբոնի հետախուզական ջոկատներում։ 1992թ. փոխադրվել է Ստեփանակերտ, աշխատել է «Հայլուր», «Փաստ» եւ «Արմենպրես» գործակալությունների թղթակից, «Անիս» լրատվական գործակալության տնօրեն։

Շուշանը մինչեւ իր կյանքի վերջն ապրեց սրբակենցաղ, իր ծանր հիվանդությունը մի կողմ դրած, հաճախ էր կանգնում իր զինակից ընկերների կողքին, երբ հանիրավի ոտնահարում էին նրանց իրավունքները: Կանգնում էր սարի պես, ինչպես վայել էր մարտադաշտում թրծվածին: Մի առիթով ասել եմ՝ այդպես էլ պարտք մնացինք մեր առաջին ազատամարտի նվիրյալներին, հետո Ապրիլյանի տղաներին… Շուշանը վառ կերպար էր, գունեղ գրիչ ուներ, գեղեցիկ էր պատմում, եթե ցանկանում էր: Մոտիկներով հաճախ էինք ասում. գրիր, հավաքիր ամենը, ինչ ունես, ասում էր՝ «դրա ժամանակը չէ…»:

Շուշանի քույրը՝ Գերմանիայում բնակվող հրապարակագիր, թարգմանիչ Լիզա Բերքյան-Աբրահամյանը նրա մահվանից հետո հավաքել է հիշողությունները, նամակները, հրապարակումները եւ առանձին գրքով՝ «Շուշան» կներկայացնի առաջիկայում հանրությանը:

Ներկայացնում եմ մի հատված Լիզա Բերքյան-Աբրահամյանի անտիպ գրքից:

«Սեղանիս վրա են ինձ հասցեագրած նամակներդ, որոնցից քո ձայնն եմ լսում, քո համուհոտն առնում, պատկերդ է հառնում աչքիս առջեւ, իսկ կարոտդ մխում է մեջս ու մորմոքում։ Անցած դարի 90-ական թվականներին դեռ պատերազմի մեջ էր Արցախը, որը, ցավոք, վերջինը չեղավ ու չէ, իմ արիասիրտ քույր, դու՝ պատերազմի էպիկենտրոնում, բայց նամակներդ հեղեղված չեն լաց ու արցունքով։

Դրանք անանձնական են, դրանց մեջ հայրենիքն է, Արցախն է, դրանց մեջ մեր ծննդավայրն է, մերոնք են, դրանց մեջ դու ես՝ քո հավատով, քո հոգու կրակով, քո դառնություններով, քո այրական ուժով, քո հումորով, որոնք մեկ բոցավառ են, մեկ՝ ամպամած ու մշուշապատ, բայց վերստին մնում են հայրենապաշտը, հավատավորն ու լավատեսը…

Դրանց մեջ են նույնիսկ Արամազդի շներն ու կատուները։ Դու լավ գիտեիր, որ Հայրենիքից հեռու ապրող, ճակատագրով տարագրված քրոջդ ամեն ինչի մասին կհետաքրքրի, մանավանդ որ գրում էիր գունագեղ գրչով։

Իսկ հոդվածներդ, որքանով հնարավոր եղավ գտնել, պատկերավոր են, շռայլ խոսքով։ Անցած դարի 80-90-ական թվականներին, երբ դեռ չկային ներկայիս սոցիալական ցանցերը, ձեռքից ձեռք էին անցնում քո հոդվածները, ոգեւորում մարդկանց, հպարտությունով լցնում նրանց սրտերը։ Ահա, թե ինչու էի ուզում քո ձեռքով հավաքեիր, արարեիր կյանքիդ գիրքը։ Ի ցավ ինձ, չարեցիր, հավատում էիր, որ դուստրդ կշարունակի քո կիսատը։

Բախտավոր եմ, որ ծնվեցինք նույն հորից ու մորից, նույն տանը, երկու իրար սիրող, միմյանցից տարբեր՝ ես՝ թախծոտ-խռովկան, դու՝ խնդուն-զվարթ, ես՝ շուտ ընկճվող, դու՝ անվհատ։ Միասին մեծացանք, մեր տան ուրախությունն ու ցավը միասին ապրեցինք, միասին կիսեցինք։ Շնորհակալ եմ 67 տարի արած քույրությանդ համար՝ ինձ հավատ ու հույս ներշնչող, իմ խոսքաշեն, մեր տան ծիրից դուրս թռած, բոլորիցս տարբերվող քույր…

2020թ. սեպտեմբերի 21-ին՝ վայբերյան վերջին հաղորդագրությամբ շնորհավորել էիր ինձ՝ մեր երկրի անկախության տոնի առթիվ. «Հայը, ուր էլ լինի, նույն ժողովրդի զավակներն են, եւ անկախությունը բոլորի տոնն է… Մենք լավ ենք, Վարվառան արշավի է գնացել, ես՝ չորս պատերի մեջ, ուզում եմ լսել ձայնդ»։

…2020թ.՝ գլխակեր տարվա, սեպտեմբերի 27-ին վերստին թուրքն էր չոքել Արցախի՝ ասել է մեր հայրենիքի դռանը, իմ արցախապաշտ քույր, արյուն էր կաթում մեր սրտներից՝ հազարավոր զոհերի, մեր վիրավոր հողի, կորցրած տարածքների, աշխարհի անտարբերության համար։ Վախենում էի խոսել հետդ, որպեսզի չդառնացնեի, չպղտորեի հոգիդ՝ չսպիացած վերքդ չարյուներ: Ի՛նչ տագնապներ ապրեցիր այդ լուրերից… Ախր, դու Շուշիի ազատամարտի ականատեսն ու մասնակիցն էիր։

Գրել էիր. «Շուշիի ազատագրումը տոն է, որ միշտ մեզ հետ պիտի մնա։ Շուշին այս հաղթանակի ողնաշարն է»։ Իմ պայծառատես Շուշան, 20 տարի առաջ հոդվածդ վերնագրել էիր՝ «Շուշին՝ մեզ, կամ՝ ոչ մեկին»։ Ախր, դուք Շուշին ազատագրել էիք մեզ համար։ Հիմա Շուշին ոչ մեկինն է, վերստին կոտրվեց մեր ողնաշարը, իսկ տոնը մեզ հետ չի՝ մնաց պատմության գրքերում։ Բարձրացրեք ձեր գլուխները, Արցախի՝ ձեր զոհողությունների, ձեր արյան, ձեր կյանքի գնով ձեռք բերած տարածքների մեծ մասը՝ 2020թ. նոյեմբերի 9-ի՝ անփառունակ զինադադարով հետ վերադարձվեց…

Լսեցի, որ հիվանդ ես։ Հուսով էի, որ մեր տաղանդավոր Յուրին (Յուրի Սուրենի Մակարյան, սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու, «Աստղիկ» բժշկական կենտրոնի վիրաբույժ։ Հորս հորաքրոջ թոռը) այս անգամ էլ կփրկի հորքուրի կյանքը։ Ավա՛ղ…
Երկու-երեք շաբաթում քեզ պես անկոտրումը ինչպե՞ս հանձնվեց։ Թե՛ ծնունդով էիր դուրս մեր ընտանիքի ծիրից, թե՛ հրաժեշտով տարբերվեցիր՝ խլեցիր ավագի հերթը։ Ներիր, իմ լաց ու ծիծաղ քույր, այնքան անճար էի, որ անիծված թագավարակի պատճառով չկարողացա հասնել, գրկել, համուհոտդ առնել, լսել վերջին խոսքդ…

Հոկտեմբերի 13-ի չարաբաստիկ օրը՝ Վարվառայիս լացախառն խոսքը.
– Քույրդ այլեւս չկա…

Հայրենիքի սերը սրտիդ մեջ լեռնացած քույր, դու կաս, դու անցար անմահության ճանապարհով, քո անունը ամուր կապվեց Արցախի ազատագրական պայքարի պատմությանը, դու կմնաս քեզ սիրողների սրտերում ու հոգիներում, դու դեռ կծաղկես Վարվառայի դալար շիվերին։

Խաղաղ ժամանակներում քեզ կամփոփեին Եռաբլուրում, դա էր նաեւ քո կտակը, որովհետեւ թե՛ հայրենիքի զինվոր եղար, թե՛ արյուն տվեցիր, թե՛ սիրո կորուստ ունեցար, թե՛ քաջարի ուսերիդ վրա հազար վերք ու վիշտ կրեցիր։ Բայց այն տագնապալի օրերին Եռաբլուրը ծաղկեց հազարավոր դրոնահարված, գրադահարված ծաղկուն երիտասարդների նոր շիրիմներով:

Թող մարմինդ խաղաղ հանգչի մեր սարի անուշ ծոցում, Արագած լեռան վեհաշուք հայացքի առաջ, մեր ծնողների ու քրոջ տաքուկ շնչի տակ, իսկ Աստվածային ճամփորդ հոգիդ թող սավառնի տիեզերքի անսահմանությունում՝ Աստծո հարեւանությամբ եւ Շուշանավարի ժպտա վարում մնացած Լույսի հույսով ապրողներիս»։

Պատրաստեց
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
19.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728