Լրահոս
Օրվա լրահոսը

Առգրավել են համակարգիչները, հեռախոս ու այլ կարեւոր իրեր. Գոհար Մելոյան

Փետրվար 19,2021 23:20

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը, որն այսօր բերման էր ենթարկվել ԱԱԾ, դուրս գալուց հետո ԱԱԾ-ի առջեւ լրագրողների հետ զրույցում ասաց. «Ինձ համար այս պահին անհայտ է, թե ես կամ Անժելա Էլիբեգովան ինչպես կարող ենք ընդհանրապես այս շենքում հայտնվել»:
Հիշեցնենք, որ այսօր ԱԱԾ բերման են ենթարկվել քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը,Գոհար Մելոյանն ու Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան:  Բերման էին ենթարկվել ԱԱԾ:

Գոհար Մելոյանի խոսքով, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ում, որտեղ իրենք աշխատում են, քննչական գործողություն է տեղի ունեցել եւ խուզարկություն. «Իրավապահ մարմնի ներկայացուցիչները հրաժարվեցին ինձ ներկայացնել որոշումը, ինչպես հասկացա՝ այն դատարանի որոշում չէր: Քանի որ չեմ ծանոթացել որոշմանը, չեմ կարող ասել՝ կոնկրետ ինչ գործի շրջանակում էր իրականացվում խուզարկությունը: Մի շարք առգրավված անձնական իրեր կան: Ամբողջովին ուսումնասիրվեցին առկա հաստափոր թղթապանակները, որտեղ մեծամասամբ իրենց հետաքրքրող նյութ չկար: Համակարգիչներ են առգրավել»:

Գոհար Մելոյանը նաեւ ասաց, որ  պատահական ժամանել է աշխատավայր ու հայտնաբերել, որ քննչական գործողություն է ընթանում. «Անհասկանալի է նաեւ կարգավիճակը գործի շրջանակներում: Հարցաքննվել ենք կասկածյալի հիմքով, հրաժարվել ենք ցուցմունք տալուց, քանի որ հստակեցված չէր գործերի շրջանակը: Իրեն ժողովրդավարության բաստիոն հռչակած իշխանությունը սրընթաց կերպով բռնատիրության վերածվեց: Մեր կազմակերպությունը նորաստեղծ է, անհայտ կամ կասկածելի միջազգային աղբյուրներից ֆինանսական միջոցներ չկան, ուստի որեւէ կերպ հասկանալի չէ մեր կազմակերպության հետ կապված նմանաբնույթ գործողությունների իրականացումը»:

Անժելա Էլիբեգովայի խոսքով էլ՝ տեղյակ չէ ինչու է եղել ԱԱԾ-ում. «Ես բացարձակ գաղափար չունեմ՝ ինչ է կատարվում իմ շուրջ, ինչու եմ հայտնվել ԱԱԾ շենքում, առգրավված են իմ հեռախոսն ու աշխատանքային համակարգիչը: Համակարգչում կա շատ կարեւոր աշխատանքային ինֆորմացիա, այդ թվում՝ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ, որոնք պետք է փոխանցեի ՄԻՊ-ին»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728