«Այս վեպը ինձ համար բացահայտում էր եզդիների աշխարհը իր ուրույն մշակույթով, սովորույթներով ապրող եզդիական համայնքի մասին մեր հասարակության մեջ երբեմն առկա են կարծրացած, կեղծ պատկերացումներ: Եզդիական համայնքը մշտապես կիսել է հայ ժողովրդի ցավն ու ուրախությունը, համատեղ անցել դժվարին ուղի, սակայն այն երբեմն թյուրըմբռնումով է ներկայացվել կամ չի ներկայացվել: Թերեզայի հեղինակությամբ այս գիրքը լուծում է այդ խնդիրը գեղարվեստորեն՝ ընթերցողներին ներկայացնելով եզդիական մշակույթն ու պատմության դրվագներ»,- երեկ Լոֆթ ինքնազարգացման կենտրոնում տեղի ունեցած «Այն եզդի կնոջ ճամպրուկը» գրքի շնորհանդեսին ասաց գրքի խմբագիր, Զանգակ հրատարակչության գրական ծրագրերի պատասխանատու՝ Հայկ Համբարձումյանը:
«Գրքի ծնունդը մինչեւ ընթերցողին հասնելու ճանապարհը երկար ստացվեց, որը նման էր մեր երկու ժողովուրդների ճակատագրին: Տպագրվելուց հետո համավարակին զուգահեռ սկսվեց պատերազմը, եւ գիրքը սպասում էր խաղաղ ժամանակների»,-ասաց գրքի հեղինակը՝ Թերեզա Ամրյանը: Նա, վեպի լույսընծայման եւ ընթերցողի սեղանին հայտնվելու խոչընդոտներով լի ճանապարհը ասոցացրեց հայ ժողովրդի մղած պատերազմի եւ այդ ծանր շրջանում եզդի ժողովրդի անմնացորդ նվիրումի հետ:
«Գրքի միջոցով ես փորձել եմ ընթերցողին փոխանցել իմ աշխարհն ու իրականությունը՝ ակնկալելով ընթերցողի «ընկերությունը» այդ իրականության հետ եւ այն, թե ինչպես կընկալի ընթերցողը»,-ասում է նա:
Կարդացեք նաև
Վեպի գլխավոր հերոսը այն եզդի կինն է, ով ուզում է պահպանել ճամպրուկի պարունակությունը՝ իր հոգեւոր նախնիներից ժառանգություն ստացած գույներն ու հոգեւոր, մշակութային, աստվածառաք պատգամները, եւ այն փոխանցել սերունդներին՝ արդիական, նոր գույներով հարստացրած, որպես կենսական պահանջմունք: Հեղինակն ընդգծեց, որ եզդի ժողովրդի՝ այլակրոններից ինքնապաշտպանվելու մղումներն են պատճառ հանդիսացել պարփակվելու սեփական դավանանքի շրջանակում, իսկ այն, ինչը մերօրյա գույներով չի հարստացվում, ոչնչացման վտանգը կա. «Այդ պատճառով է իմ հերոսուհին իր հետ տանում ճամպրուկը թե արեւելք, թե արևմուտք գնալիս»: Անդրադառնալով ստեղծագործական աշխարհ իր մուտքին՝ Ամրյանը նշեց, որ ստեղծագործել է հուշագրությունների տեսքով, սակայն դրանք պահել է իր գրական գզրոցում:
«Իմ առաջին ընթերցողը լուսահոգի դասախոսս էր՝ Լյուսիա Ղազարյանը: Կարդալով իմ գործերը՝ ասաց, որ ես իմ ստեղծագործությունները թողնում եմ մեկուսացած, իսկ մեկուսացումը երբեմն տանում է ինքնաոչնչացման: Իմ առաջին պատմվածքները լույս են տեսել «Գրանիշում», «Երեւանյան Էսքիզում»։ Անցյալ տարի գարնանն էլ իմ պատմվածքներից մեկն ուղարկեցի Զանգակ հրատարակչության կազմակերպած պատմվածքի մրցույթին․ դա կարծես ճանապարհ հարթեց Զանգակի հետ համագործակցելու և վեպը լույս ընծայելու համար»,- պատմում է հեղինակը:
«Թե ճամպրուկից ինչ կվերցնի ընթերցողը, այդ ընտրությունը թողնում եմ իրենց. կարծում եմ՝ կվերցնեն այն, ինչը հոգեհարազատ է իրենց»,-նշեց հեղինակը՝ հավելելով, որ կարդացողներն արդեն արտահայտել են իրենց հիացմունքը գրքում ներկայացված եզդիական մշակույթի մասին: «Հերոսուհին լինելով եզդի՝ իր հայրենիքը համարում է Հայաստանը»,- ասում է հեղինակը, ով իր հերոսուհու կերպարը ստեղծելիս առաջնորդվել է իր ինքնակենսագրական դրվագները ներկայացնելով: «Սա ժանրային առումով իմ առաջին գործն է, որը ինքնակենսագրական պատումների կտորներ է պարունակում, իսկ ես պատմողի դերում էի: Հաջորդ գործերս կլինեն մի փոքր այլ ձևաչափով»,- ասաց հեղինակը:
Շնորհանդեսին ներկա էին հեղինակի ուսանողները, մտերիմները, գործընկերները, ընթերցասեր համայնքը: Գիրքը հրատարակվել է Զանգակ հրատարակչությունում: Թերեզա Ամրյանը ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դասախոս է, դասավանդում է քրդերեն եւ պարսկերեն լեզուներ:
Գիրքն առկա է Զանգակ գրախանութներում, առաջիկա շաբաթվա ընթացքում ընթերցողներն այն կարող են ձեռք բերել նաեւ Բուկինիստ գրախանութներից:
Ալվարդ ՍԵԹՅԱՆ