Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո, առեւտուր կա, որպեսզի մարդիկ սովից չմեռնեն, գնում են ինչ-որ բան են գնում, դրանով չի կարելի չափել, որ տնտեսությունը վերականգնվում է». Թաթուլ Մանասերյան

Փետրվար 19,2021 22:15

Երեկ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի տնտեսությունը վերականգնման փուլ է մտնում։ Կառավարության ղեկավարը նման հետեւություն է արել փետրվար ամսվա առաջին 15 օրերի տնտեսական որոշակի տվյալների վրա հիմնվելով։ Նշված ժամանակահատվածում, ըստ վարչապետի, հանրապետությունում ՀԴՄ կտրոններով եւ հաշվարկային փաստաթղթերով արձանագրվել է 604 հազար գործարքով ավելի, քան նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերին, իսկ դրամաշրջանառությունը նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերի համեմատ աճել է 12 տոկոսով կամ շուրջ 31.4 մլրդ դրամով: «Ընդ որում, ուզում եմ հիշեցնել, որ նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրը դեռևս COVID-ի ազդեցությունները չկային, քանի որ դեռ Հայաստանում կորոնավիրուսի դեպք չէինք արձանագրել: Իսկ 2020թ. փետրվարը շատ լուրջ աճ արձանագրեց 2019թ. նկատմամբ: Հարկ է արձանագրել, որ էականորեն աճել են նաեւ արտահանման եւ ներմուծման ծավալները փետրվարի առաջին 15 օրվա ընթացքում: Իհարկե, էլի ասում եմ, որ այստեղից հետեւությունն այն է, որ տնտեսությունը կարծես թե մտնում է վերականգնման փուլ և, իհարկե, սա շատ կարևոր նորություն է»,-ասել է վարչապետը։

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն էլ նշել է, որ դրամաշրջանառության այդ 31.4 մլրդ աճը հիմնականում վերաբերում է 3 ոլորտի՝ մանրածախ սպառման, արտադրության եւ ծառայությունների մատուցման:

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի կարծիքով՝ չի կարելի 15 օրվա եւ առեւտրի ոլորտի վրա հիմնվելով ասել՝ տնտեսությունը վերականգնվում է։ Aravot.am-ի հետ զրույցում պարոն Մանասերյանը նկատեց՝ Հայաստանն արհավիրքի մեջ է, մինչեւ դրա խորությունը չգիտակցեն, չվերլուծեն եւ հերթով չսկսեն կարեւոր խնդիրները լուծել, հնարավոր չէ խոսել տնտեսության վերականգնման մասին։

«Այո, առեւտուր կա, որպեսզի մարդիկ սովից չմեռնեն, գնում են ինչ-որ բան են գնում, դրանով չի կարելի չափել, որ տնտեսությունը վերականգնվում է»,-ասաց տնտեսագետը։ Նրա խոսքով՝ ծառայությունների ոլորտում, հատկապես լայն սպառման ապրանքները մարդիկ իրենց հիմնական եկամուտների հաշվին չեն ձեռք բերում, այլ՝ անաշխատ եկամուտների շնորհիվ․«Այսինքն, դրսից կամ ներսից օգնությամբ, իսկ դա բավականին զգալի մաս է կազմում, իրականում մարդկանց եկամուտները նվազել են։ Մարդը ՌԴ-ից դրամական օգնություն է ստանում եւ կարողանում է հոգալ ընտանիքի կարիքները։ Հիմա սա տնտեսության վերականգնման հետ որեւէ առնչություն ունի՞։ Իհարկե, ոչ։ Հայաստանում եկամուտները կտրուկ նվազել են, որովհետեւ տնտեսությունը կաթվածահար է եղել, որեւէ լուրջ բաներ չկան, որ տնտեսությունը կենդանության նշաններ է ցույց տալիս։ Դա ուղղակի մասնավոր հատվածի, առանձին ընկերությունների համառության շնորհիվ է կամ հարմարվողականության շնորհիվ։ Իներցիոն գործողություններ կան, որոնց աճ կամ զարգացում չի կարելի համարել, եւ ոչ էլ վերականգնում»։

Տնտեսագետի դիտարկմամբ՝ արհավիրքի խորությունը գիտակցելու համար կառավարությունը պետք է նախ՝ գնահատական տա տնտեսական սպառնալիքներին, իսկ դրանք ամենուր են․«Նախ պետք է հասկանալ՝ երկիրը կարողանո՞ւմ է ապահովել պարենային անվտանգությունը, կարողանում է այդ սպառնալիքի դեմն առնել, կրճատել եւ գնալ առաջ, կարողանո՞ւմ է արդյոք ժողովրդագրական անվտանգությունը ապահովել, ինտելեկտուալ անվտանգությունը ապահովել, տեղեկատվական կամ ֆինանսական անվտանգությունն ապահովել։ Սրանք հորինվածքներ չեն, սրանք շատ ծանր սպառնալիքներ են։ Կարելի է ինչ-որ մի թիվ մի տեղից պոկել, կամ նկարել բերել մարդկանց հրամցնել։ Բայց մարդիկ հիմար չեն, մարդիկ ապրում են այն կյանքով, որը բացարձակ առնչություն չունի այդ հիմարությունների հետ։ Մարդ պետք է մի քիչ իրեն նեղություն տա, կարողանա լսել գոնե լուրջ մասնագետներին, փորձագետներին, հասկանա՝ ինչ է կատարվում։ Եթե ինքն ամեն ինչ գիտի, ուրեմն թող շարունակի, ինչ կարիք կա որեւէ մեկին ներկայացնել այդ թվելը, հաշվետու լինելու կարիք չունի, մինչեւ հիմա ում է հաշվետու եղել, որ հիմա այդ թվերը ներկայացնում է»։

Պետք է սկսել տնտեսության այբուբենից, ըստ տնտեսագետի, պետք է թույլ տալ, որպեսզի մասնավոր հատվածն անկաշկանդ աշխատի եւ պետք է նրա համար ստեղծել բոլոր նպաստավոր պայմանները, եւ առաջին հերթին՝ միկրոբիզնեսի։

Ըստ պարոն Մանասերյանը, կառավարությունը պատկերացում չունի, թե ինչից պետք է սկսել տնտեսության վերականգնումը։ Նա Գերմանիայի օրինակը հիշեցրեց, եւ դրանով ցույց տվեց, թե որն է իրական վերականգնումն ու դեռ մի բան էլ ավելին․«Գերմանիան պատերազմում, երբ ջախջախվեց, ավելի վատ վիճակում էր։ Բայց այդ երկիրը պատերազմից հետո սկսեց հաշվառել իր բոլոր կարողությունները, առաջին հերթին՝ մարդկային կապիտալը, սկսեց արդյունաբերությունից եւ ստեղծեց այն մեխանիզմները, որոնք շահագրգռեցին առանձին անհատներին,մասնավոր սեկտորին։ Լյուդվիգ Էրհարդի սոցիալական շուկայական տնտեսությունը հիմք դարձավ շատ արագ զարգացնելու Գերմանիայի տնտեսությունը։ Սա է օրինակը, ոչ թե այսպիսի խղճուկ տեմպերով, եւ եթե անգամ երեք տոկոս տնտեսական աճ լինի, դա ոչինչ է։ Մինչդեռ հետպատերազմյան Գերմանիայի տնտեսության աճի տեմպը՝ տարեկան միջինը 33-35% էր։ Այ սա է վերականգնողական տեմպը։ Իսկ այս մարդիկ ընդհանրապես գաղափար չունեն իրենք որտեղ են նստած եւ ինչով են զբաղվում»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728