Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ կապեր ունի Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի հետ․ նախկին ՔՊ-ականի բացահայտումը

Փետրվար 19,2021 21:21

Aravot.am-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համահիմնադիրներից մեկը` (այժմ արդեն նախկին անդամ) Արթուր Համբարձումյանն, անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանն իր նախագիծը չէ, դա ուղղակի զավեշտ է, և որ ինքը իշխանությունը փոխանցել է Կարեն Կարապետյանին, ոչ թե «սրանց», ասաց․ «Առաջին, երկրորդ, երրորդ նախագահներն երևի թե ապրում են իրենց կյանքի ամենամեծ ողբերգություններից մեկը, ինչպես և ողջ ազգը կամ ազգի գիտակից մասը։ Այս մարդկանց համար ողբերգությունն անհատական է, որովհետև այն գործը, որի միջով իրենք անցել են, որի միջով կայացել են, որի միջոցով իրենց ողջ քաղաքական-պետական գործունեությունն է ծավալվել, արդեն կորսվել է։ Իրենք պիտի հիմա ամբողջությամբ վերարժևորեն իրենց ապրած, անցած կյանքը։

Ինչ վերաբերում է նրան, որ Սերժ Սարգսյանն իշխանությունը փոխանցել է Կարեն Կարապետյանին, պիտի կրկնեմ՝ իշխանություն փոխանցող կամ չփոխանցողը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն է՝ պառլամենտը։ Հիշում եք, երբ 2017 թվականին տեղի ունեցան ընտրություններ, որի ընթացքում տոպրակներով փող էին բաժանում տարբեր մարզերում։

Եվ այդ տոպրակներով փող բաժանելու արդյունքում ձևավորված պառլամենտը որոշեց, որ, այնուամենայնիվ, իշխանությունը պետք է հանձնեն Նիկոլ Փաշինյանին։

Իմ իմացած տեղեկություններով, «Հանրապետական» կուսակցության խմբակցության ղեկավարը փակ նիստ է հրավիրել և այդտեղ հորդորել է, կամ հրահանգավորել է, կամ խորհուրդ է տվել, որ այդ ընտրության ժամանակ ընտրեն Նիկոլ Փաշինյանին։

Իմիջիայլոց, Վահրամ Բաղդասարյանը, 2017 թվականին, եթե չեմ սխալվում, մոտ 20 հազար ձայն էր տարել։ Հանրապետական կուսակցությունը պիտի մի հատ մտածի, թե ինչպես ստացվեց, որ 2017 թվականին Վահրամ Բաղդասարյանը մոտ 20 հազար ձայն տարավ, իսկ դրանից մեկ տարի հետո ողջ Հանրապետական կուսակցությունը, եթե չեմ սխալվում, հավաքել էր մոտ 50 կամ 60 հազար ձայն։ Երևի թե Վահրամ Բաղդասարյանը նույնպես տոպրակներով փող էր բաժանել։

Ինչո՞ւ եմ այսպես նշում, այնուամենայնիվ պիտի ֆիքսենք, որ Հանրապետական կուսակցության մեջ կային պատգամավորներ, որոնք այլ գործելակերպ ունեին։ Փաշինյան Նիկոլին ընտրեցին հենց այն մարդիկ, որոնք փող էին բաժանում, իսկ այն մարդիկ, որոնք փող չէին բաժանում, ավելի սկզբունքային գտնվեցին»։

Մեր զրուցակիցը նշում է՝ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի կապի մասին արդեն իսկ խոսել ու հաստատել են ՀՀ երրորդ նախագահի մերձավորները։

«Ես կապի մասին գիտեի 2016 թվականից սկսած։ Այն, որ Փաշինյան Նիկոլը տարիներ շարունակ ֆինանսավորվել է Սերժ Սարգսյանի մտերիմ մարդկանց կողմից, դա արդեն բարձրաձայնվել է։ Նաև այն մարդիկ, որոնք ֆինանսավորել են, իրենք են խոսել տեղի ունեցած մասին։ Հնարավոր է՝ Սերժ Սարգսյանը իրեն ընդհանրապես տեսած չլինի, ինչպես ինքն է պնդում, բայց դա չի նշանակում, թե ինքը չի օգնել, չի միջամտել, որ այս մարդը կայանա։

Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին այս անձնավորությունը երկու անգամ եղել է պատգամավոր։ Խոսքս կարող է հնչել մի քիչ աբսուրդային, բայց Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին այս անձնավորությունը երկու անգամ դարձել է վարչապետ»,-ասում է մեր զրուցակիցը։

Արթուր Համբարձումյանը կարծում է, որ 2018 թվականին Հայաստանում տեղի է ունեցել թավշյա, ոչ բռնի հեղաշրջում։

«Իմ քայլականները նշում են, որ տեղի ունեցածը թաշվյա, ոչ բռնի, սիրո և հանդուրժողականության հեղափոխություն է։ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները նշում են, որ տեղի ունեցածը հեղաշրջում է։ Հիմա, քանի որ մենք մի քիչ աբսուրդային իրավիճակում ենք ապրում, եթե փորձենք ճշգրիտ ձևակերպում տալ տեղի ունեցածին, կարելի է ասել այսպես՝ Հայաստանում 2018 թվականին տեղի է ունեցել թավշյա, ոչ բռնի հեղաշրջում։ Թավշյա, ոչ բռնի հեղաշրջում տերմին գոյություն չունի, բայց քանի որ աբսուրդային իրավիճակում ենք ապրում, կարելի է ասել ՝ այո՛, տեղի ունեցածը թավշյա, ոչ բռնի հեղափոխություն է։ Այսինքն՝ ՔՊ-ի սլենգից առաջին մասն ենք վերցնում, երկրորդը՝ Հանրապետականների սլենգից։

Հեղաշրջում նշանակում է իշխանազավթմանը միտված գործողություններ, հաջողությամբ պսակված գործողություններ, որոնք տեղի են ունեցել և կայացել են իշխող էլիտայի մաս կազմող խմբերի կողմից։ Հանրապետականի հետ ամբողջությամբ համաձայն եմ, որ տեղի ունեցածը հեղաշրջում էր, և այդ հեղաշրջումը կազմակերպվել է Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, գլխավորապես այս երկու ինստիտուտների փոխտվությամբ, աջակցությամբ, միջնորդությամբ, կազմակերպմամբ»։

Մեր հարցին՝ մի՞թե արցախյան հիմնախնդիրն էր պատճառը, որ տեղի ունեցավ իշխանափոխություն, Արթուր Համբարձումյանը կարծիք հայտնեց, որ արցախյան հիմնախնդրի վերաբերյալ անխուսափելի զիջումների գնալու հանգամանքն առաջնային պատճառներից մեկը կարող էր լինել։

«Մենք հասել էինք մի հանգրվանի, երբ կարծես թե անխուսափելի էին զիջումները։ Եվ շատ սպասելի էր, որ Սերժ Սարգսյանը չուզեր, որ այդ զիջումները տեղի ունենային իր կամ իր հետ փոխկապակցված մարդկանց կառավարման տարիներին։ Եվ այսպես հեշտությամբ տվեց իշխանությունն այս մարդուն»։

Ըստ Արթուր Համբարձումյանի, Նիկոլ Փաշինյանը չէր կարողանա արցախյան բանակցությունները տանել ճիշտ հունով, որովհետև նա Արցախի ազատագրման հարցում չէր ունեցել որևէ վաստակ։ Իսկ վաստակ չունենալը կաշկանդում էր նրան՝ որպես բանակցողի։

«Փաշինյանը, եթե նույնիսկ իմաստուն մարդ լիներ, այնուամենայնիվ, արցախյան հիմնահարցում և Արցախի ազատագրման հարցում զրո վաստակը իրեն կաշկանդում էր։ Ինքը ճկուն չէր, իսկ արցախյան հիմնահարցը պիտի լուծվեր ճկուն բանակցությունների ընթացքում, իսկ ինքը կոշտ բանակցող էր, որը իր կենսագրությունից էր գալիս․ այս մարդը նույնիսկ բանակում չէր ծառայել»,-ասում է Արթուր Համբարձումյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728