Փետրվարի 19-ին ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Այդ օրը Հայաստանում 2008 թվականից նշվում է որպես գիրք նվիրելու օր՝ Հայաստանի գրողների միության լուսահոգի նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ: Ի թիվս այլ մշակութային օջախների, Ավ. Իսահակյան անվան գրադարանի Ջ. Բայրոնի անվան արվեստի գրականության բաժինը եւս անմասն չմնաց տոնից, եւ գիրք նվիրելու տոնը նշեց յուրովի:
Գրադարան էին այցելել թիվ 51 դպրոցի 5-րդ դասարանի աշակերտները, իսկ նրանց հյուր էր եկել Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան,բեմադրիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Բարսեղյանը, որը երեխաների համար ընթերցեց Հ.Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթը: Աշակերտները տարբեր հարցերի միջոցով ավելի հետաքրքիր դարձրին ընթերցանությունը, եւ արվեստագետի հետ բուռն ու հույզերով լի հանդիպում ունեցան:
Գրադարանի արվեստի-գրականության բաժնի վարիչ Օֆելի Դալլաքյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով օրվա խորհրդին՝ նշեց. « Այսօր գրադարանը և օդը շնչում է Թումանյան, թումանյանական ստեղծագործություն»:
Կարդացեք նաև
Պատասխանելով մեր հարցին, թե ինչ տեսակ գրականություն են նախընտրում իր շրջապատում Օֆելյա Դալլաքյանը նշեց. «Օրինակ դեռահասները հիմնականում կարդում են այն, ինչը մոդեռն է և լավ է գովազդվում ,և կա մյուս խումբը , որը կարդում են այն, ինչը հանձնարարվում է:
Մենք ոչ միայն գրքի տոնին ենք միջոցառումներ ու հանդիպումներ կազմակերպում, այլ ամբողջ տարվա ընթացքում , որպեսզի մարդիկ այն կարծրատիպը չունենան, որ գրադարանը միայն գիրքը վերցնելու և հանձնելու համար է : Սա մշակութային օջախ է, որտեղ իրենք կարող են միջոցառումներ կազմակերպել, հանդիպել սիրելի գրողների հետ և քննարկումներ ունենալ» :
Նույն օրը գրադարան այցելեցին նաեւ Քասախի Ա.Հովհաննիսյանի անվան համար 2 միջնակարգ դպրոցի սաները : Նրանք եկել էին քննարկելու և վերլուծելու Գ.Զոհրապի «Ճիտին պարտքը» նովելը: Աշակերտների ուսուցչուհի Նազիկ Գասպարյանի ընտրությունն էր ստեղծագործությունը: Ըստ նրա, գործն արեւմտահայերեն էր, ընթացքը՝ բարդ, երեխաների հետ բավականին աշխատանք են տարել , բայց արդյունքը գոհացրեց բոլորին: Երեխաները միմյանց գրքեր նվիրեցին: Քննարկման վերջում գրադարանն աշակերտներին գիրք նվիրեց ՝ Լիլիթ Սաքոյանի «Անուրջները»:
Հրաժեշտի ժամանակ էլ բոլորի խորհուրդը նույնն էր՝ բոլորը շատ կարդան , որովհետև ընթերցասեր և խելացի մարդը հեռվից լույս է ճառագում :
Նանե ԱՎԱՆԵՍՅԱՆ