Կապանի «Մենք ու մենք» կրթական կենտրոնի պատանեկան ակումբը իր առաջին ծրագիրը մեկնարկեց Սյունիքի մարզային գրադարանում։ Օրը պատահական չէր ընտրված՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան 152–րդ տարեդարձն ու գիրք նվիրելու օր: Գրադարանում Սյունիքի մարզկենտրոնի տարբեր դպրոցներում սովորող պատանիներն էին, որոնք նաեւ Կապանի արվեստի դպրոցի սաներն էին ու միմյանց հետ շփվելիս անկեղծ էին։ Գոռ Ավետիսյանը ի տարբերություն հասակակիցների գիրք կարդալ այնքան էլ չի սիրում։ «Գիտեմ, որ հետաքրքիր է, ուրիշ աշխարհ է, շատ բաներ կան, բայց իմ ցանկությամբ չեմ սիրում կարդալ։ Պիտի հանձնարարեն, որ կարդամ»,–խոստովանեց Գոռը։
Ի տարբերություն նրա, Ժենյա Արզումանյանը սիրում է կարդալ ոչ միայն դասականների գործերը, նաեւ ժամանակակից հեղինակների գործերը։ «Գոնե մեկ օր նվիրվենք գրքին ու նվիրենք գրքեր, ես արդեն նվիրել եմ»,–ասաց Ժենյան՝ փաստելով, որ պետք է ամեն օր կարդալ։
Արտյոմ Զեյնալյանի վրա էլ Վախթանգ Անանյանի «Հովազաձորի գերիները» գիրքն է տպավորվել։ «Կարդում էի, ոնց որ էնտեղ լինեի, հերոսների հետ»,–ասաց Արտյոմը։ Կրթական կենտրոնի ղեկավար Սոնա Մելիք–Քարամյանը ազատ ժամանակ ունենալիս՝ անպայման ընթերցում է ու խորհուրդ տվեց պատանիներին՝ զուր չկորցնել ժամանակը։
Պատանիները բաժանվեցին երկու խմբի եւ պատասխանեցին Թումանյանին նվիրված հարցաշարին։
Էլ ինչ տոն՝ առանց Ամենայն Հայոց բանաստեղծի ստեղծագործությունների։ Պատանիները ասմունքեցին Թումանյանի քառյակները, սիրո ու հայրենասիրական բանաստեղծությունները։
Հանդիպումը զերծ չէր նաեւ քաղաքական քննարկումից, որին կանդրադառնանք այլ հրապարակմամբ։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ