Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը օրերս կայացած ասուլիսի ընթացքում էր խոստացել, որ կանդրադառնա դպրոցների կառուցման աշխատանքներին։ Այցելությունները վերակառուցվող դպրոցներ չուշացան։ Պապիկյանի առաջին կանգառը Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան 51-րդ դպրոցն է. շենքը կառուցվել է քառասունականներին, միջհարկային ծածկերը փայտից էին, որոնք տարիների ընթացքում շարքից դուրս էին եկել։ Կատարված ուսումնասիրությունների արդյունքում կառույցը՝ սեյսմիկ անվտանգության տեսանկյունից համարվել է խոցելի։
Կատարվել են շենքի հիմքերի ամրակայման, նորոգման, որոշ հատվածներում հիմնովին վերակառուցման աշխատանքներ։ Շինարարի առջև խնդիր է դրված` 1000 աշակերտի հանձնել հարմարավետ ու որ ամենակարևորն է` անվտանգ դպրոց։ Պատասխանատուները նախարարին վստահեցնում են` շենքը սեյսմակայուն կլինի մինչև 9 բալ երկրաշարժի դեպքում: Սա ամենակարևոր խնդիրն էր, որ դրվել է շինարարի առջև։ Դպրոցի երկու մասնաշենքի վերակառուցման համար ներդրվել է 583 միլիոն դրամ։ Նախարար Պապիկյանը հետաքրքրվում է` երբ շենքը կհանձնվի շահագործման։ Պատասխանն առավել քան սպասված է` երկու ամսից շինարարները կլքեն դպրոցն`այն հանձնելով իրական տերերին` աշակերտներին, որոնց համար նոր պայմանները ենթադրում են նոր որակի կրթություն։
Սուրեն Պապիկյանի հաջորդ կանգառը ԵՊԲՀ-ի «Հերացի» ավագ դպրոցի տարածքում է։ Այստեղ շինարարական աշխատանքները բոլորովին վերջերս են մեկնարկել։ Դպրոցը հիսունականների կառույց է, ու կրկին փայտյա միջհարկային ծածկերով։ Այստեղ Պապիկյանը նշեց, որ պետք է իրականացնել նոր որակի ու չափանիշների շինարարություն. խոսքը երեխաների անվտանգության մասին է, պետք է բացառել ցանկացած թերացում` ասում է նախարարը։ Սեյսմիկ անվտանգության տեսանկյունից դպրոցի նախկին շենքը համարվել է առավել խոցելի, ուստի վերակառուցման ընթացքում փորձ է արվում պահպանել միայն շենքի արտաքին պատը, որը ճարտարապետական արժեք է ներկայացնում։ Սակայն դրա պահպանման գործում շինարարը դժվարություններ ունի՝ պատերը խարխլված են։
Սուրեն Պապիկյանն առաջարկեց պատերի մեջ ամրանյութ ներարկել։ Ըստ նախարարի` պետք է բոլոր հնարավոր եղանակներով փորձել պահպանել շենքի ճարտարապետական արժեք ներկայացնող դիմային հատվածը, որի վրա կան նաև արժեքավոր քանդակներ։ Նախարարին ուղեկցում էր ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, ով նշեց, որ վերակառուցումից հետո շենքը կդառնա Հայաստանի լավագույն դպրոցներից մեկն` ամրության, ենթակառուցվածքների և հարմարավետության տեսանկյունից։ ԵՊԲՀ-ի «Հերացի» ավագ դպրոցի շահառու աշակերտների թիվը հասնում է 570–ի, բայց վերակառուցումից հետո այս թիվը կարող է ավելանալ։ Դպրոցի վերակառուցման արժեքը 1 միլիարդ 30 միլիոն դրամ է։ Ինչպես դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով կառուցվող մյուս բոլոր դպրոցներն, այս մեկը ևս կունենա հարմարավետ դասասենյակներ, հանդիսությունների դահլիճ, սպորտդահլիճ, վերելակ, հարմարեցված կլինի հաշմանդամություն ունեցող անձանց համար, իսկ գլխավոր առավելությունը սեյսմակայունությունն է։
Կարդացեք նաև
Հիշեցնենք նաև, որ ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող` Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի համար ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի ներդրումը կազմում է 107 միլիոն դոլար , որով նոր կյանք կստանա 46 կրթօջախ` նախատեսված շուրջ 20 000 աշակերտի համար։ Այս պահին ընթանում է 13 դպրոցի շինարարություն։ Արդեն շահագործման է հանձնվել է 5 դպրոց, կառուցվել և այս տարի շահագործման կհանձնվի ևս 3 դպրոց։ Աշխատանքային այցերն այս դպրոցներ շարունակական են: