«Մշտադիտարկումները մեզ բերեցին եզրահանգման, որ ունենք խնդիր, որ հասարակության մեջ ատելության, բռնության կոչերի, ոչ հարգալից վերաբերմունքի, զրպարտության դեպքերը մասնավոր եւ ոչ մասնավոր հարաբերություններում վտանգավորության աստիճանով բարձր են, եւ անհրաժեշտ է քրեաիրավական գործիքակազմով պայքարել այս երեւույթի դեմ»,- «Մեդիա կենտրոնի» առցանց քննարկման ժամանակ այսօր անդրադառնալով ՀՀ դատախազության հեղինակած եւ արդարադատության նախարարության ներկայացրած՝ հանրային պաշտոնյաների նկատմամբ զրպարտությունը եւ վիրավորանքը քրեականացնելու օրինագծին՝ ասաց ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական եւ իրավական ապահովման վարչության ավագ դատախազ Կարեն Ամիրյանը։
Հիշեցնենք, որ պաշտոնյաների նկատմամբ զրպարտությունը եւ վիրավորանքը 2010 թ-ից ապաքրեականացվել էին եւ մնացել միայն քաղաքացիական իրավունքի շրջանակում, իսկ այս նախագծով՝ մամուլով կամ հրապարակային այլ եղանակով պաշտոնյային վիրավորելը կամ զրպարտելը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, կպատժվի տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Կարեն Ամիրյանը շեշտեց․ «Հասկանալի է, որ սա արվում է այն նպատակով, որովհետեւ հանրության մոտ առկա՝ հանրային իշխանության հանդեպ ընկալումը փոխվել է։ Որպես հիմնավորում շեշտել ենք՝ անձը ենթակա է քրեական պատասխանատվության՝ հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելու եւ զրպարտելու համար։ Զարմանալի է, որ այս տեսանկյունից տեղեկություն են տարածում, թե վիրավորանքի համար քրեական պատասխանատվություն է նախատեսվում։ Իրականում, եթե, օրինակ, դատախազին վիրավորանք եւ զրպարտություն է հասցվում, որը կապված չէ իր ծառայողական պարտականությունների հետ, այստեղ քրեական պատասխանատվության մասին խոսք չկա, այստեղ քաղաքացիական օրենսդրության դաշտ ենք մուտք գործում»։
Դատախազության ներկայացուցչի խոսքով՝ ողջամիտ է, որ հանրային ծառայության մեջ գտնվող անձը պետք է ավելի խիստ եւ կոշտ քննադատության ենթարկվի, քան ոչ հանրային ծառայության մեջ գտնվող անձը․ «Այդ առումով արարքը որպես վիրավորանք կամ զրպարտություն որակելու տեսանկյունից շեմն ավելի բարձր է, որովհետեւ գործ ունենք պաշտոնյայի հետ, որին իրավունք ունեն քննադատելու։ Բայց պետք է հասկանանք, որ խիստ ու կոշտ լինելն էլ ողջամիտ սահման ունի։ Երբ քննադատությունն անցնում է ողջամիտ սահմանները, այն ենթակա չէ պաշտպանության խոսքի ազատության ներքո»։
Կարդացեք նաև
Ամիրյանի բնորոշմամբ՝ որեւէ միջազգային իրավական ակտով, այդ թվում՝ ՄԻԵԴ որոշումներով, չկա ՀՀ-ի հանդեպ պարտավորություն՝ իշխանության ներկայացուցչին ծառայողական պարտավորությունների առիթով հասցված վիրավորանքը կամ զրպարտությունը չքրեականացնելու։
Կարեն Ամիրյանը, նկատի ունենալով այս օրինագծի վերաբերյալ հնարավոր քաղաքական բնույթի շահարկումները՝ հիշեցրեց, որ դատախազությունն ապաքաղաքական մարմին է․ «Երբ այն նախագիծ է ներկայացնում՝ համապատասխան իրավական հիմնավորումներով ու փաստարկներով, կարծում եմ՝ քաղաքական որեւէ բան պետք չի փնտրել, որովհետեւ հնարավոր չի գտնել»։
Կարեն Ամիրյանը համաձայն է փորձագետների այն գնահատականների հետ, որ այս հարցում քաղաքական-իրավական մշակույթի խնդիր կա․ «Դա հաշվի առնելով է, որ գոյություն ունեցող հանրային վտանգավորությունն է շեշտադրվում։ Ես էլ եմ համաձայն, որ այս օրինագծի գործիքակազմը պետք է կիրառել ողջամիտ ձեւով, բայց, միաժամանակ, դրանով հիմա անհրաժեշտ է պայքարել այդ երեւույթների դեմ»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ