Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք հիմա էլ ենք պնդում, որ խոսքի ազատությունը վտանգված չէ». Հ2-ի անձնակազմ

Փետրվար 19,2021 16:12

Հայկական երկրորդ հեռուստաալիքի եթերազրկման առիթով աշխատակազմի հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձ կատարվեց Aravot.am-ի այն հարցադրմանը, թե իրենց եթերազրկումն աննախադեպ չէ, քանի որ 2002-ին եթերազրկվեց նաև «Ա1+»-ը:

«Լրաբեր» լրատվական ծրագրի ղեկավար Շավարշ Գևորգյանը փոխտնօրեն Լևոն Սուլթանյանին խնդրեց ներկայացնել, թե ի՞նչ առումով է իրենց եթերազրկումն աննախադեպ: Լևոն Սուլթանյանը պատասխանեց. «Խոսքը հանրապետական ծածկույթ ունեցող լրատվամիջոցի եթերազրկման մասին է: «Ա1+»-ը չի եղել հանրապետական, եղել է քաղաքային սփռման: Այսինքն՝ այստեղ ուղղակի այս երևույթն է, որ հանրապետական ծածկույթով ու մասնավոր հեռուստաընկերություն է փակվում: ՀՀ-ում նման նախադեպ չի եղել»:

Շավարշ Գևորգյանը նաև հիշեցրեց Aravot.am-ի այն արձանագրումը, որ այն ժամանակ, երբ «Ա1+»-ը փակվեց, մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում Հ2-ը, որն այն ժամանակ Պրոմեթևս էր կոչվում, հայտարարություն տարածեցին, թե ՀՀ-ում խոսքի ազատությունը վտանգված չէ: Լևոն Սուլթանյանն արձագանքեց. «Ես այդ հայտարարությունն ընթերցել եմ այդ հրապարակումից հետո: Այդ հայտարարությունը, փաստորեն, 2002-ի հայտարարություն է: Այն ժամանակ դեռևս «Պրոմեթևս» էր կոչվում, ուներ ուրիշ սեփականատեր, բայց դա ոչ մի նշանակություն չունի, քանի որ այդ հայտարարությունը լրիվ ուրիշ համատեքստում է եղել: Բայց այն մասով, որը վերաբերում է ԶԼՄ-ի փակմանը, հայտարարության մեջ ասված է հետևյալը, որ մենք ցավում ենք, որ մեր գործընկերը եթերազրկվել է, մենք ոչ միայն կարծում ենք, որ այդ հարցը պետք է լուծում ստանա, այլ համակարծիք ենք, որ դա անհրաժեշտություն է, բայց համարում ենք, որ այդ լուծումը պետք է լինի իրավական հարթության մեջ: Նույն բանն այսօր մեր մասին հայտնեցին: «Ա1+»-ի պարագայում, բարեբախտաբար, այդ լուծումը տեղի է ունեցել. գնացել, հասել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որն արձանագրել է, որ սա խախտում է ու կոնկրետ նշել է խախտումը: Մարդիկ շահարկում են, թե այն ժամանակ սխալ է եղել, բայց 13 տարի հետո անում են նույն բանը: Եթե այդքան ուզում էին այդ հարցը բարձրացնել, եթե ընդունում էին այդ որոշումը, կհասկանային, թե ինչ պետք չէ անել:

Խոսքի ազատությունը վտանգված չէ. մենք այսօր էլ չենք պնդում, որ խոսքի ազատությունը վտանգված է: Մենք ասում ենք, որ այս քայլը հարված է խոսքի ազատությանը: Այսինքն՝ մենք բոլորս, որ այստեղ նստած ենք, դուք եկել եք ասուլիսի, լուսաբանում եք, նշանակում է խոսքի ազատություն դեռ կա բարեբախտաբար: Բայց եթե այս հարվածները խոսքի ազատությանը տեղի ունենան, մենք էլ չարձագանքենք, իրոք կհասնենք այն վիճակի, որ կվտանգվի խոսքի ազատությունը: Վտանգված է, թե հարված է, սրանք տարբեր հասկացություններ են: Սա լուրջ հարված է խոսքի ազատությանը, բարեբախտաբար, դեռ խոսքի ազատությունը վտանգված չէ»:

Շավարշ Գևորգյանն էլ հավելեց. «Մի խումբ հեռուստաընկերությունների հայտարարության մեջ գրված է եղել, որ խոսքի ազատությունը վտանգված չէ: Այսօր էլ ենք կրկնում, մենք մեր հայտարարությունը կարող ենք կրկնել հենց այսօր»:

Լևոն Սուլթանյանը պարզաբանեց՝ խոսքը ինչ-որ քաղաքական ուժերի կողմից այդ հարցի բարձրացման մասին էր ու նկատեց՝ ինչպես տեսնում ենք՝ այսօր ոչ մի քաղաքական ուժ այդ հարցը չի բարձրացնում: Նա հայտարարեց. «Ինչո՞ւ քաղաքական ուժերն այդ մասին չեն բարձրաձայնում: Այն նույն մարդիկ, որոնք դա դրոշակ սարքած գոռում էին, այսօր չեն խոսում: Մենք ասել ենք, որ ԶԼՄ-ի դեմ կատարվածը օգտագործվում էր քաղաքական դիվիդենտներ ստանալու համար: Նույն բանն ասում ենք այսօր: Այսօր կարիք էլ չկա, ակնհայտ երևում է, որ այդ հարցը ոչ մեկ չի էլ բարձրաձայնում: Ցավալի հարված է խոսքի ազատությանը, ինքն իրավական դաշտում պիտի ստանա լուծում, և, այո, սա հարված է, բայց բարեբախտաբար դեռևս չի հասել այն աստիճանի, որ խոսքի ազատությունը վտանգվի: Բայց եթե անընդհատ հարված հասցնես, մի օր կվտանգվի խոսքի ազատությունը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728