Այսօր էլ կան ներկրողներ, որոնք փորձում են շրջանցել թուրքական ապրանքների ժամանակավոր ներմուծման կառավարության արգելքը եւ իրենց ներկրած ապրանքը ներկայացնում են այլ երկրի անվան տակ: Այսօր այս մասին «Արմենպրեսի» մամուլի սրահում ասաց ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Արտեմ Կարապետյանը:
«Որոշակի դեպքեր ունենք, որ փորձ է արվել ներմուծել: Դրանք դուրս են հանվել երկրից, չեն թույլատրվել ներմուծումները: Հավանականության մասին ասեմ, որ մենք բոլոր ռիսկերից տեղյակ ենք, գիտենք, թե ինչ ռիսկեր կարող են լինել: Եվ մեր վարչարարական գործիքակազմով հետեւում ենք այդ գործընթացին եւ անպայման կսահմանափակենք բոլոր այդ անօրինական գործողությունները»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ից ուժի մեջ է մտել թուրքական ապրանքների ներկրման ժամանակավոր արգելքի մասին կառավարության որոշումը, որով վեց ամիս ժամկետով արգելվեց այդ երկրից ապրանքների մուտքը Հայաստան:
Արտեմ Կարապետյանի խոսքով, մեծ ծավալով ապրանքներ Թուրքիայից ներկրվել են դեռ 2019 թ-ի վերջին ամիսներին ու 2020 թ.-ի մաքսային ձեւակերպումներ են ստանում:
Կարդացեք նաև
Նա չի կիսում այն կարծիքը, որ այդ արգելքի հետեւանքով ՀՀ պետական բյուջեն մեծ նվազում է ունենալու. «Համարել, որ 2020 թ.-ի հունվարից մինչեւ հունիս գործող սահմանափակման արդյունքում մենք կունենանք, օրինակ՝ 12 միլիարդ դրամի նվազում, այս փուլում սխալ է, որովհետեւ մի շարք գործընթացներ են տեղի ունենում: Օրինակ՝ բազում տնտեսվարողներ սկսում են վերաձեւակերպել իրենց բիզնեսները եւ սկսել նույն ապրանքատեսակը բերել, օրինակ, Չինաստանից»,- ասաց նա:
ՊԵԿ պաշտոնյան նաեւ ասաց, որ 2019 թ.-ի վերջին ամիսներին ու 2020 թ.-ի առաջին ամիսներին ներկրված մեծ ծավալով ապրանքները դեռ մաքսային ձեւակերպումներ են ստանում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ