Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս օրինագիծը վահան է ԶԼՄ-ների դեմ եւ «ֆեյքերին» ազատություն տալու միջոց՝ առաջիկա ընտրություններում»․ պատգամավոր

Փետրվար 19,2021 15:37

«Երբ ցանկացած անհատ մտնում է քաղաքականություն եւ դառնում պաշտոնյա, պետք է պատրաստ լինի քննադատությունների եւ ինչ-որ առումով նաեւ չակերտավոր զրպարտությունների, բայց ամեն խնդրի պետք է նայել ոչ թե պաշտոնյայի, այլ պետության տեսանկյունից»,- «Հոդված 3» մամուլի ակումբի առցանց քննարկման ժամանակ այսօր անդրադառնալով ՀՀ դատախազության հեղինակած եւ արդարադատության նախարարության ներկայացրած՝ հանրային պաշտոնյաների նկատմամբ զրպարտությունը եւ վիրավորանքը քրեականացնելու օրինագծին՝ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ պաշտոնյաների նկատմամբ զրպարտությունը եւ վիրավորանքը 2010 թ-ից ապաքրեականացվել էին եւ մնացել միայն քաղաքացիական իրավունքի շրջանակում, իսկ այս նախագծով՝ մամուլով կամ հրապարակային այլ եղանակով պաշտոնյային վիրավորելը կամ զրպարտելը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, կպատժվի տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Պատգամավորը հարցադրում արեց․ «Ի՞նչ է այս նախագիծը տալու պետությանը։ Հեղինակները մտածե՞լ են սրա մասին, թե մտածել են ավելի ընդգծել պաշտոնյայի առավելությունը եւ նոր կաշկանդվածության մեջ դնել լրագրողներին։ Որպես նախկին լրագրող՝ չեմ կարող չնշել նաեւ լրագրողների խնդիրները, երբ երբեմն անտեսվում են ոսկե կանոնները, երբ պրոֆեսիոնալիզմը մեծամասամբ հետ է նահանջում։ Պետք է լրագրողներն այնպես աշխատեն, որ նման նախագծեր բերելու միտք անգամ չծնվի որեւէ մեկի մոտ։ Կներեք անկեղծության համար, բայց այստեղ նաեւ լրագրողների մեղքը կա։ Այս նախագիծն, անշուշտ, փորձում է շրջանակների մեջ դնել ազատ խոսքը, բայց զրպարտությունն ազատ խոսք չէ։ Իսկ ինչպե՞ս ապացուցել։ Արդյոք պաշտոնյան չի՞ չարաշահի իր դիրքը եւ լրագրողին կմեղադրի։ Ուստի լրագրողը հայտնվելու է անպաշտպան դիրքում։ Այս նախագիծն առհասարակ չպետք է գար ԱԺ, բայց հետեւություններ պետք է անեն նաեւ լրագրողները եւ օբյեկտիվ գտնվեն։ Կուզենայի՝ պրոֆեսիոնալիզմը շատ բարձր լիներ։ Ամեն իշխանություն ժամանակավոր է, բայց այսօր մեկ-երկու լրատվամիջոցի կարող եմ վստահել»։

Սրբուհի Գրիգորյանը հավելեց, որ «Լուսավոր Հայաստանը» դեմ է արտահայտվելու օրինագծին։ Նա նաեւ շեշտեց՝ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նախկին լրագրող է եւ գիտի ոլորտի խնդիրները․ «Կարծում եմ՝ հիմա փորձում են կարճաժամկետ խնդիր լուծեն իրենց համար եւ այս օրինագիծը որպես վահան են օգտագործելու առաջիկա ընտրություններում՝ ազատություն տալով ֆեյքերին եւ իրենց պաշտպանելով ԶԼՄ-ներից։ Ֆեյքերը շարունակելու են քար նետել այդ թվում չպաշտպանված քաղաքացիների վրա։ Բոլորս պետք է մտածենք քաղաքացիների պաշտպանվածության մասին։ Դա պաշտոնյաների առաքելությունն է, որոնք չպետք է նման կարճաժամկետ նախագիծ բերեն»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ Սրբուհի Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728