Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Վերաքննիչ դատարանը որեւէ հիմք չի գտել, փաստերն էլ լրիվ աղավաղել է եւ ապօրինի որոշում է կայացրել». Պողոս Պողոսյանի գործով պաշտպան

Փետրվար 19,2021 15:20

Ինչպես հայտնել ենք, այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Կենտրոն նստավայր, դատավոր Ֆարխոյանի նախագահությամբ տեղի ունեցավ «Առագաստ» սրճարանում սպանված Վրաստանի քաղաքացի Պողոս Պողոսյանի սպանության վերաբացված գործով առաջին դատական նիստը:

Պաշտպանական կողմն ասաց, որ ուզում են դատավորին ինքնաբացարկ հայտնել, բայց մի շարք հարցերի պատասխաններ պետք է ստանան: Ուստի նիստը հետաձգվեց:

Լրագրողների հետ ճեպազրույցում պաշտպան Ռոբերտ Բեջանյանն ասաց, որ պարզաբանման հարցերի հիման վրա նոր միայն բացարկի միջնորդություն կներկայացնի. «Կարող է պատասխանները ստանալուց հետո ինքնաբացարկի միջնորդություն չներկայացնեմ: Ես խնդրեցի դատարանին, որ հետաձգի նիստը, աշխատակազմին ներկայացված հարցերիս պատասխանը ստանամ, եթե հիմա կտա այդ պատասխանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնեմ՝ կներկայացնեմ»:

Խոսելով վերաբացված գործի մասին՝ լրագրողները հարցրեցին՝ արդա՞ր էր դա, թե՞ չէ՝ նա պատասխանեց. «Չեմ ցանկանում լրատվամիջոցներին զրկել այդ հաճույքից, որ որեւէ տեղեկություն ստանան, թե ինչ է կատարվում: Բայց քանի դեռ ինքնաբացարկի միջնորդություն չեմ ներկայացրել, որեւէ բան ավել չեմ կարող ասել»:

Հարցին՝ ձեզ համար սպասելի՞ էր, որ այսքան տարի անց գործը կվերաբացվի՝ նա պատասխանեց. «Չեմ կարող պատասխանել, հաճելի է ձեր հարցերին պատասխանել, բայց եմ կարող: Ես իմ դիրքորոշումը դատարանին կներկայացնեմ: Չեմ ուզում առաջ անցնել ու կարծիք հայտնել»:

Հարցին՝ Վերաքննիչ դատարանը ի՞նչ հիմքեր է գտել, որ որոշել է վերաբացել գործը՝ նա պատասխանեց. «Վերաքննիչ դատարանը որեւէ հիմք չի գտել, փաստերն էլ լրիվ աղավաղել է եւ ապօրինի որոշում է կայացրել: Բողոք ներկայացնելու 4-ամսյա ժամկետը խախտել է նախ, Վերաքննիչ դատարանը, իրեն վերապահելով իրավասություն՝ մեկնաբանել է օրենք: Օրենքում պարզ գրված է, ինչ գրված է՝ տառացիորեն պետք է դա հասկացվի: Օրենքում գրված է՝ տեղեկություն ստանալու պահից 4 ամսվա ընթացքում պետք է լինի: Դատախազություն հենց ստացվեց դիմումը՝ ստացվելու պահից 4 ամսվա ընթացքում: Իսկ Վերաքննիչը մեկնաբանել էր, թե վարույթ հարուցելու պահից 4 ամսվա ընթացքում»:

Հիշեցնենք, որ 2001 թվականի սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվտանգության աշխատակից Հարությունյանի և Պողոս Պողոսյանի «Առագաստ» սրճարանում տեղի էր ունեցել միջադեպ, որի հետեւանքով Պողոս Պողոսյանը սպանվել էր: Տեսնելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին`Պողոսյանն ասել էր`«Պրիվետ, Ռոբ»:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Աղամալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով նախատեսված՝ հանցավոր անփութությամբ անզգույշ սպանություն կատարելու համար: Դատարանը հաստատված է համարել, որ 25.09.2001թ.՝ ժամը 00:30-ի սահմաններում, Երևանի «Առագաստ» սրճարանի զուգարանում վերջինիս և ոգելից խմիչք օգտագործած վիճակում գտնվող Պողոս Պողոսյանի միջև տեղի է ունեցել փոխադարձ քաշքշուկ, հասցվել են փոխադարձ հարվածներ, որոնց ընթացքում Պողոսյանը մեջքի ուղղությամբ վայր է ընկել, գլխի հետևի մասով հարվածել զուգարանի սալիկապատ հատակին, որի հետևանքով ստացած գանգուղեղային ծանր մարմնական վնասվածքից մահացել է:

Դատարանի` 2002թ. փետրվարի 21-ի դատավճռով ամբաստանյալ Աղամալ Հարությունյանը դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման, միաժամանակ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամանակով:

Դեպքի վերաբերյալ, սակայն, վերջերս դատախազությանն ուղարկված դիմումով նոր հանգամանքներ են ներկայացրել միջադեպի ականատես, վկա Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչները: Հայտարարության ուսումնասիրությամբ պարզվել է, որ այն էական նշանակություն ունեցող այնպիսի տեղեկություններ է պարունակում դեպքի մասին, որոնք առերևույթ վկայում են Պողոս Պողոսյանի՝ կյանքից ոչ թե անզգուշությամբ զրկվելու, այլ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով դիտավորությամբ սպանության մասին: Ելնելով վերոգրյալից՝ որոշել էին նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վերանայել դատական ակտը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728