ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցից հետո, քաղաքական շրջանակներում քննարկման թեմա դարձավ հետեւյալ հարցը` եթե բանակցում էինք 5+2 ձևաչափի շուրջ, ապա ինչո՞ւ էինք ներդրում անում այն 7 շրջաններում, որոնք այդ ձեւաչափի ընդունման դեպքում հանձնվելու էին Ադրբեջանին: Այսօր «Հենարան» մամուլի ակումբում անդրադառնալով այդ հարցադրմանը, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանը պնդեց, որ այս հարցադրման հեղինակներն ուղղակի քաղաքական օրակարգում մնալու խնդիր ունեն:
«Դա անհեթեթություն է: Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր կառավարման տարիներին բազմիցս նշել է, որ բանակցում ենք «5+2», եւ անընդհատ նշել է, որ մենք պետք է խնդիրը դիտարկենք փոխզիջումների տեսանկյունից: Ինչի՞ մասին ենք մենք խոսում, եթե փոխզիջման հակառակ կողմն Արցախի կարգավիճակն էր եւ ցամաքային անխափան երկու կողմից ճանապարհն էր՝ Քարվաճառով եւ Լաչինով: Իսկ այդ ճանապարհներն ամբողջությամբ պետք է լինեին մեր զինված ուժերի վերահսկողության ներքո, երբ պետք է մի ամբողջ սերունդ չգլխատվեր, 5 հազարից ավելի զոհ չունենայինք, 10 հազարից ավելի վիրավոր եւ հաշմանդամ չունենայինք, գլխատված բանակ ու պետություն չունենայինք: Մեր զինվորը կանգնած էր Ֆիզուլիում, Ջաբրայիլում, Քարվաճառում, Աղդամում, Ասկերանում, մենք ի՞նչ է՝ այնտեղ կոմունիկացիոն ոչ մի շինարարական աշխատանքներ չպե՞տք է անեինք, տարրական պայմաններ չպե՞տք է ապահովեինք զինվորների համար»,- ասաց Հովհաննես Սահակյանը` երկրորդելով Սերժ Սարգսյանին. «Մենք բանակցում էինք, թե ի՞նչ ենք վերցնելու, ի՞նչ ենք ստանալու»:
Անդրադառնալով Փաշինյանի ավելի վաղ արած պնդմանը, թե «Շուշին դժգույն ու դժբախտ քաղաք էր», Հովհաննես Սահակյանն ասաց` մեկ անգամ այդ քաղաքում եղած մարդը չէր կարող նման որակում տալ. «Շուշին դրախտավայր էր, այն ներդրումները, որոնք Շուշիում են եղել, նույնիսկ Ստեփանակերտում չեն եղել: Խոսում են անպատասխանատու հայտարարություններով՝ մտքում ունենալով, որ որեւէ մեկը հարցադրում չի անելու: Այ հողատու, ինչի՞ հիման վրա եք ասում, որ «Շուշին դժգույն ու դժբախտ քաղաք էր»: Այս մարդիկ ցինիզմի եւ ստախոսության բոլոր հորիզոնները հատել են, խոսում են ամեն ինչից, եթե ժողովրդի միջից 20 հոգու էլ մոլորեցնեն, լավ է, եւս երկու օր իրենց իշխանությունը կերկարի»:
Հովհաննես Սահակյանն անդրադարձավ նաեւ Նիկոլ Փաշինյանի վերջին մարզային այցելություններին եւ դրանց ընթացքում հնչած հայտարարություններին: Բանախոսի գնահատմամբ, այդ «բեմադրությունները» մեկ նպատակ ունեն` ցույց տալ, թե Փաշինյանը դեռ վստահություն ունի ժողովրդի շրջանում. «Իշխանությունն այլեւս իրենց ձեռքում չէ, իշխանությունը ժողովրդի ձեռքին է կամ փողոցում գցած է, պետք է վերցնել եւ երկիրը զարգացնել: Նրանք ցանկացած ընտրության դեպքում 5 տոկոսը չեն հաղթահարի: Այդ է պատճառը, որ արտահերթ ընտրություններն օրակարգից հանեցին: Ընտրական օրենսգրքի այն փոփոխությունները, որոնք նախաձեռնում են իրենք, եւ ըստ տեղեկությունների՝ անցողիկ շեմը դարձնում են 4 տոկոս, դա վկայում է, որ նրանք մտավախություն ունեն, որ 5 տոկոսը չեն հաղթահարելու»:
Կարդացեք նաև
ՀՀԿ խորհրդի անդամն ահազանգում է`եթե գործող իշխանությունը մնա իշխանության ղեկին, ապա կորցնելու ենք Սյունիքն ամբողջությամբ. «Առավոտյան լսում էի Դավիթ Բեկ գյուղի ղեկավարին, ասում է՝ 20 երեխա դպրոցից բացակայում են, 5 ընտանիք գյուղը լքել է, որովհետեւ նրանք հասկանում են, որ, եթե թուրքը 50 մետր կամ 1 կմ հեռավորության վրա է, երբ հանկարծ որոշենք, որ պետք է գիշերային օպերացիա անեն եւ այդ մարդկանց իրենց տանը գլխատեն, ոչ մեկն իրենց չի պաշտպանելու»: Իսկ գործող իշխանությունը չի հեռանում, քանի որ, ըստ Հովհաննես Սահակյանի, վախենում են քրեական պատասխանատվությունից:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ