Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի վերաբացված գործով առաջին նիստը կայացավ. դատավորին ուզում են ինքնաբացարկ հայտնել

Փետրվար 19,2021 15:08

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Կենտրոն նստավայր, դատավոր Ֆարխոյանի նախագահությամբ տեղի ունեցավ Վրաստանի քաղաքացի Պողոս Պողոսյանի սպանության վերաբացված գործով առաջին դատական նիստը:

Հիշեցնենք, որ 2001 թվականի սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվտանգության աշխատակից Հարությունյանի և Պողոս Պողոսյանի «Առագաստ» սրճարանում տեղի էր ունեցել միջադեպ, որի հետեւանքով Պողոս Պողոսյանը սպանվել էր: Տեսնելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին`Պողոսյանն ասել էր`«Պրիվետ, Ռոբ»:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Աղամալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով նախատեսված՝ հանցավոր անփութությամբ անզգույշ սպանություն կատարելու համար: Դատարանը հաստատված է համարել, որ 25.09.2001թ.՝ ժամը 00:30-ի սահմաններում, Երևանի «Առագաստ» սրճարանի զուգարանում վերջինիս և ոգելից խմիչք օգտագործած վիճակում գտնվող Պողոս Պողոսյանի միջև տեղի է ունեցել փոխադարձ քաշքշուկ, հասցվել են փոխադարձ հարվածներ, որոնց ընթացքում Պողոսյանը մեջքի ուղղությամբ վայր է ընկել, գլխի հետևի մասով հարվածել զուգարանի սալիկապատ հատակին, որի հետևանքով ստացած գանգուղեղային ծանր մարմնական վնասվածքից մահացել է: Դատարանի` 2002թ. փետրվարի 21-ի դատավճռով ամբաստանյալ Աղամալ Հարությունյանը դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման, միաժամանակ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամանակով:

Դեպքի վերաբերյալ, սակայն, վերջերս դատախազությանն ուղարկված դիմումով նոր հանգամանքներ են ներկայացրել միջադեպի ականատես, վկա Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչները: Հայտարարության ուսումնասիրությամբ պարզվել է, որ այն էական նշանակություն ունեցող այնպիսի տեղեկություններ է պարունակում դեպքի մասին, որոնք առերևույթ վկայում են Պողոս Պողոսյանի՝ կյանքից ոչ թե անզգուշությամբ զրկվելու, այլ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով դիտավորությամբ սպանության մասին: Ելնելով վերոգրյալից՝ որոշել էին նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վերանայել դատական ակտը:

Այսօր դատական նիստի ժամանակ պաշտպանական կողմը ասաց, որ ուզում են միջնորդություն ներկայացնել ինքնաբացարկ հայտնելու դատավորին: Բայց մինչ այդ որոշ տեղեկություններ պետք է ստանան: Պաշտպանական կողմը խնդրեց հետաձգել դատական նիստը՝ պարզելու, թե այս գործը երբ է հասել դատարան, ինչպես է ստացվել, որ գործի համարը փոխվել է: Նա նաեւ այլ հարցադրումներ հնչեցրեց, թե դատարանի մյուս դատավորներն ի՞նչ ծանրաբեռնվածություն են ունեցել, ինչո՞ւ է գործը հենց դատավոր Կարեն Ֆարխոյանին մակագրվել, ինչո՞ւ է ուշացումով ուղարկվել գործը դատարան եւ այլն:

Մեղադրող կողմի՝ դատախազության համար պարզ չէր, թե այս տեղեկությունները ստանալու իմաստը ո՞րն է, հորդորեցին հիմնավորել:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հարություն Բաղդասարյանը նույնպես պահանջեց հիմնավորումներ՝ ասելով, որ ենթադրում է, թե ինչպես են հիմնավորելու: Նա ասաց, որ առարկում է դատավորին ինքնաբացարկի միջնորդությանը:

Դատավորը դատական նիստը հետաձգեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 4-ին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728