«Սա ստանդարտ իրավիճակ չէ, սա ամոթալի իրավիճակ է` ի՞նչ նոր խոսք: Խոսքը նույնն է`օր առաջ ազատվել հող հանձնող իշխանությունից, պարտված իշխանությունից, խայտառակ կապիտուլյացիոն ակտ ստորագրողից, ժողովրդին ամեն օր, ամեն ժամ խաբող ղեկավարից. հիշեք այդ օրերին իրենց հայտարարությունները»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Սահակյանը`պատասխանելով հարցին`փետրվարի 20-ին կայանալիք հանրահավաքում ընդդիմությունն ի՞նչ նոր խոսք է ասելու հանրությանը:
Հովհաննես Սահակյանը դիտել է հետպատերազմյան շրջանում Բաքվում կայացած ռազմական շքերթը. «Շքերթում ցուցադրված մեր զինտեխնիկայի մեծ մասը վնասված չի եղել. հասկանո՞ւմ եք դուք: Այն զինտեխնիկայի, որը եղել է մեր բանակի ողնաշարը: Այսինքն, պատերազմական գործողությունների ժամանակ չի վնասվել այդ զինտեխնիկան, մնացել Ֆիզուլիում`իրենք եկել, վերցրել, տարել են: Այսինքն, երեւի զորանոցներում թողել են ու հեռացել են, որպեսզի թուրքերը գան եւ վերցնեն: Մենք այս միջավայրի եւ իրադարձությունների մասին ենք խոսում»,- ասաց Հովհաննես Սահակյանը` հավելելով, որ իշխանավորները բունկերներում թաքնված, անգամ որեւէ քայլ չեն արել, որպեսզի անտառներում կամ ինչ-որ թաքստոցներում թաքնված մեր զինվորներին գնան եւ հանեն, անգամ այն դեպքերում, երբ հստակ տեղերն իմացել են:
Հովհաննես Սահակյանն ասում է`իշխանությունն այլեւս ժողովրդին է պատկանում եւ ինչպես 2017-ին ժողովուրդը դուրս եկավ փողոց ու պահանջեց, որպեսզի իշխանությունը փոխանցվի այն մարդուն ում ուզում է`առանց որեւէ մեկի քթից անգամ արյուն թափելու, այսօր էլ պետք է այդպես լինի: «Ես ձեզ հավատացնում եմ, որ այդպես էլ լինելու է»,- ասաց բանախոսը`հավելելով, որ Երեւանի փողոցներում իրեն հաճախ են հարցնում`ինչո՞ւ կտրուկ մեթոդների չի դիմում ընդդիմությունը, ինքն ասում է, որ առայժմ փորձում են սահմանադրական ճանապարհով գնալ, եթե իշխանությունը չհասկացավ`«ժողովրդի դեմն առնել չեն կարողանալու»:
«Մեր թիմը հակված է, որ բոլոր խնդիրները լուծվեն սահմանադրական ճանապարհով: Մենք դա նաեւ ապացուցել ենք: Կապիտուլյացիայի ակտը ստորագրած ղեկավարը պետք է հեռանա: Հունվարին Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ, մեզ համար երկու կարեւոր հարցերը չլուծվեցին. Փաշինյանին լուրջ չեն ընդունում»,- ասաց նա:
Կարդացեք նաև
Ըստ բանախոսի, մի քանի դրվագներով համոզվեցինք, որ պատերազմի, վտանգի, ռազմական դրության ժամանակ այս մարդիկ ի վիճակի չեն պատասխանատվություն վերցնելու եւ երկիրը կառավարելու, նրանք պատասխանատվությունն իրենց վրայից գցում են աջ ու ձախ, իրենք էլ բունկերներում թաքնվում, մինչեւ այս ամենը վերջանա, որ դուրս գան, արդարացումներ գտնեն, բոլորին մեղավոր կարգեն`բացի իրենցից: «Նաեւ իրենք պետք է ունակություն ունենան եւ հասկանան, որ իրենց`ամեն օր իշխանության ղեկին մնալը, թուլացնում է մեր երկիրը: Ժողովրդավարական առումով մենք արդեն հատել ենք բոլոր բացասական նիշերը: Նայեք վերջին ամիսների ընթացքում ԱԺ նիստերի օրակարգը եւ կառավարության որոշումները`բացի պարտք, եվրոբոնդեր վերցնելուց, լրագրողների գործունեությունը սահմանափակելուց, այլ բանով զբաղված չեն»,- ասաց Հովհաննես Սահակյանը:
Վաղը Ազատության հրապարակում, Հովհաննես Սահակյանը խոստանում է բազմահազարանոց հանրահավաք, թեեւ թվաքանակի շեշտադրում անելն ինքը սխալ է համարում. «Բովանդակության մեջ՝ որոշվում է մեր երկրի ճակատագիրը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ռուսական սայթերից մեկում կարդացել եմ,որ անցած պատերազմում մեր բանակը կորցրել է 189 տանկ,որից 66-ը անվնաս…