Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Դատախազությունն արջի ծառայություն է մատուցում․ գործընկերներիցս շատերը դեմ են եղել նման հետընթացին»․ Գայանե Աբրահամյան

Փետրվար 19,2021 13:40

«Մտավախություն ունեմ, որ դատախազության հիմնական պատճառաբանությունը կլինի այն, որ եվրոպական երկրներում զրպարտությունը քրեականացված է։ Բայց իրականում, օրինակ՝ Ֆրանսիայում ապացուցման բեռը դրված է հենց պաշտոնյայի վրա։ Ավելին՝ նա պետք է ապացուցի, որ զրպարտությունը ոչ թե իրեն է վնասել, այլ հանրությանը, այսինքն՝ հանրային վնաս է տրվել»,- «Հոդված 3» մամուլի ակումբի առցանց քննարկման ժամանակ այսօր անդրադառնալով ՀՀ դատախազության հեղինակած եւ արդարադատության նախարարության ներկայացրած՝ հանրային պաշտոնյաների նկատմամբ զրպարտությունը եւ վիրավորանքը քրեականացնելու օրինագծին՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ պաշտոնյաների նկատմամբ զրպարտությունը եւ վիրավորանքը 2010 թ-ից ապաքրեականացվել էին եւ մնացել միայն քաղաքացիական իրավունքի շրջանակում, իսկ այս նախագծով՝ մամուլով կամ հրապարակային այլ եղանակով պաշտոնյային վիրավորելը կամ զրպարտելը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, կպատժվի տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Գայանե Աբրահամյանը նշեց․ «Վստահ եմ, որ դատախազությունն այսպես ուղղակի արջի ծառայություն է մատուցել, որովհետեւ այս հարցը քանիցս քննարկվել է ԱԺ-ի իմ գործընկերների շրջանակում, եւ շատերը դեմ են եղել նման հետընթացին։ Խոսքի ազատությունը բացարձակ իրավունք չէ եւ պատասխանատվություն է ենթադրում, բայց սա որեւէ կերպ չի կարող անցնել սահմանը։ 2010թ․-ին ապաքրեականացրել ենք եւ դա կարեւոր փոփոխություն էր։ Դատախազությունը կպատճառաբանի այլ երկրների փորձով, բայց եվրոպական երկրների հետ դատաիրավական համակարգի համեմատություններ անելու եզրեր չկան։ Բուլղարիայում օրինակ 99թ․-ին բարձրացրին տուգանքը, նախագահը մերժեց՝ ասելով, որ դա մեծ գին է քաղաքացու եւ ԶԼՄ-ների համար, բայց քրեական պատասխանատվությունն էլ բացառվեց։ Նույնն էլ Չեխիայում եւ Գերմանիայում։ Պատասխանատվության բեռը պաշտոնյայի վրա է։ Նա պետք է ապացուցի՝ զրպարտությո՞ւն է, թե վիրավորանք, եւ արդյոք դրա հետեւանքն ազդե՞լ է հանրային շահի վրա»։

Գայանե Աբրահամյանը նաեւ համոզմունք հայտնեց, որ ժողովրդավար երկիր կառուցելու ճանապարհին նման օրենսդրական նախաձեռնությունը խոչընդոտ է։ Ըստ նրա՝ ինչ-որ փուլում վիրավորանքի չափաբաժինը սկսեց անհանգստացնել իշխանությանը, բայց դա իր համար ընդունելի չէ, որովհետեւ պատճառները շատ ավելի խորքային են․ «Դրանք ավելի վաղ պետք է կանխվեին, ոչ թե հասնեինք այնտեղ, որ իրավիճակային լուծումներ գտնվեին։ Մեղադրանքներ են հնչում, թե թավիշ եք անում, բայց իրավիճակային լուծումներով փորձում են թավիշը մեղմել։ Լուծումներն այլ տեղում են։ Նման օրենքներով չէ, որ մեդիատեռոր իրականացնող խմբակներին պետք է պատասխանատվության ենթարկել։ Եթե, օրինակ, ֆինանսավորման աղբյուրների եւ թափանցիկության առումով պատասխանատվության դաշտ բերենք ԶԼՄ-ներին, որոշակի լուծումներ կլինեն»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728