Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ոչ թե քաղաքացուն են ուզում պաշտպանել տեղեկատվական տեռորից, այլ պաշտոնյաներին»․ Բորիս Նավասարդյան

Փետրվար 19,2021 12:43

«Ցավոք, մեզանում միտում կա պայքարելու ոչ թե պատճառների, այլ հետեւանքների դեմ։ Այդքան դաժան տեղեկատվական միջավայր ունենալու պատճառն այն է, որ սուր քաղաքական զարգացումներ են վերջին շրջանում, եւ ընդլայնվել է անձանց մասնակցությունը տեղեկատվության տարածման գործում։ Այս երկու պատճառներն են անհանգստությունն ատելության խոսքի եւ զրպարտության հետ կապված»,- «Հոդված 3» մամուլի ակումբի առցանց քննարկման ժամանակ այսօր անդրադառնալով ՀՀ դատախազության հեղինակած եւ արդարադատության նախարարության ներկայացրած՝ հանրային պաշտոնյաների նկատմամբ զրպարտությունը եւ վիրավորանքը քրեականացնելու օրինագծին՝ ասաց «Երեւանի մամուլի ակումբի նախագահ» Բորիս Նավասարդյանը։

Հիշեցնենք, որ պաշտոնյաների նկատմամբ զրպարտությունը եւ վիրավորանքը 2010 թ-ից ապաքրեականացվել էին եւ մնացել միայն քաղաքացիական իրավունքի շրջանակում, իսկ այս նախագծով՝ մամուլով կամ հրապարակային այլ եղանակով պաշտոնյային վիրավորելը կամ զրպարտելը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, կպատժվի տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Բորիս Նավասարդյանի խոսքով՝ լրատվական դաշտում նման բովանդակության նվազումը ռեպրեսիվ միջոցներով կանխելու փորձն անընդունելի է, որովհետեւ սոցցանցը մարդկանց արտահայտվելու հնարավորություն, միեւնույնն է, տալիս է․ «Պատժելով հարցը չես լուծի, պատճառը պետք  է վերացնել՝ քաղաքական միջավայրի վիճակը։ Պաշտոնյաներն ավելի արդյունավետ պետք է աշխատեն, ճիշտ կազմակերպեն քաղաքացիների հետ հաղորդակցությունը։ Բայց հերթական անգամ փորձում են պատժիչ միջոցներով լրատվադաշտի դեմ պայքարել, որն արդյունք չի տալու։ Իշխանությունն այս նախագծով հակակրթական ընտրություն է կատարում եւ փորձում է ավելի շատ պաշտոնյաներին պաշտպանել, ոչ թե քաղաքացիներին։ Սա ոչ թե եվրոպական, այլ եվրասիական քաղաքակրթական մշակույթ է»։

Նավասարդյանը նշեց, որ շատ զարգացած երկրներում զրպարտության եւ վիրավորանքի համար պատասխանատվություն են սահմանում, սակայն այս նախագիծը քիչ է առնչվում սկզբունքային մոտեցումների հետ․ «Ես լուրջ կվերաբերվեի զրպարտության քրեականացմանը, եթե դրա սահմանումը օրենքով լիներ հիմնավորված։ Մեզանում այդպես չէ։ Մենք որպես զրպարտություն ենք ընկալում անձի մասին կեղծ տեղեկության տարածումը, մինչդեռ զրպարտություն են այն տեղեկությունները, որոնցով անձը մեղադրվում է ծանր հանցագործությունների համար։ Ինչ վերաբերում է վիրավորանքին, ես դեմ եմ դրա քրեականացմանը, որովհետեւ այն հիմնականում անձերի միջեւ հարաբերությունների ներքո պետք է դիտարկել։ Վիրավորանքը միայն այն դեպքում պետք է քրեականացնել, եթե պետական, ազգային շահերը վտանգող հանգամանքներ կան»։

Ամփոփելով՝ Բորիս Նավասարդյանը շեշտեց․ «Նախագծի հեղինակների հիմնավորումներից պարզ է, որ նրանք չեն փորձում ՀՀ քաղաքացուն պաշտպանել տեղեկատվական տեռորից, որը որպես երեւույթ կա ողջ աշխարհում։ Մասնավորապես Հայաստանում որոշակի հանրային պատվեր կա օրենսդրությունը խստացնելու ԶԼՄ-ների հանդեպ, բայց բոլոր այդ նախագծերը թույլ են տալիս եզրակացնել, որ հեղինակները հենց իրենց՝ իշխանության ներկայացուցիչներին են փորձում պաշտպանել։ Դա միջազգային չափանիշներին հակադրվող երեւույթ է։ Ի վերջո, քաղաքացու կյանքը ու հաջողությունները կախված են ղեկավարներից, եւ ամեն քաղաքացի պահանջկոտ է իշխանության հանդեպ, քան մեր պատգամավորների ասած հարեւան Պողոսի»։

Բորիս Նավասարդյանը համոզմունք հայտնեց, որ այդ օրենսդրական նախաձեռնության հետեւանքով ոչ միայն դատավորների մոտեցումներն են տարբեր լինելու, այլեւ ավելանալու են ՄԻԵԴ-ում ՀՀ-ի դեմ քննվող գործերի ծավալները։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728