«Դա մոտավորապես հնչում է այսպես՝ ինչու ամեն ինչ արեցիք, որ քաղաքացիական բախումներ չլինեն, որ եղբայրասպան պատերազմ չլինի։ Հիմա ի՞նչ, մեղադրո՞ւմ եք. կարծում եմ, հակառակն է ճիշտը, ասել՝ շնորհակալություն, որ երկիրը այդ պահին ցնցումների չտարաք։ Ցանկացած իշխանություն չարժե թեկուզ մեկ մարդու մահ»,- «Առավոտի» զրուցակիցն է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
– Արդեն մի քանի օր քննարկումների թեմա է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը. ինչո՞ւ Սարգսյանը խոսեց հիմա: Որո՞նք էին Սերժ Սարգսյանի հարցազրույցի կարեւոր ուղերձները, ո՞ւմ էին դրանք ուղղված։
– Առհասարակ, նախագահները խոսում են այն պահին, երբ հարմար են գտնում, բնական է, որ այդ ծավալուն հարցազրույցը պիտի դառնար քննարկումների առիթ, քանզի նախագահ Սարգսյանը շատ անկեղծ, կոնկրետ եւ հստակ խոսեց ցավոտ հարցերի մասին։ Շատերը հայտարարեցին, որ այդ հարցազրույցում իրենց համար եւս կային նորություններ։ Մեսիջնե՞ր, այո, կային եւ, դատելով քննարկումների բազմաձեւությունից, ակնհայտ է, որ դրանք տեղ են հասել։ Նկատի ունեմ եւ իշխանության դաշտը եւ ընդդիմության։ Այո, քաղաքականությունը ոչ միշտ է բացախոսություն, բայց, երբ գալիս է պահը, այդ բաց խոսելը, իրերը իրենց անուններով կոչելը դառնում է հրամայական։ Ինչը եւ արվեց նախագահի հարցազրույցում։ Ցանկալի է, որ այս հարցազրույցը առիթ դառնար, որ մարդիկ մտորեն, վերլուծեն, ընկալեն, եւ հետեւություններ անեն։ Մեր երկիրը իրականում քաոսի մեջ է, օրհասական պահ է, որը ցավալիորեն ձգվում է։ Ուստի, եկել է մտածողների, վերլուծողների, հետեւություններ անելու ունակների եւ վճռական պայքարողների ժամանակը։ Հապաղումը ոչ թե վտանգավոր է, այլ՝ ազգակործան։
– Թերեւս ընդդիմության մասով, հասկանալի է, կարծում եք իշխանությունը հետեւություններ կանի՞, խաղաղ կհեռանա՞, կարծում եք իշխանությունը գիտակցո՞ւմ է, որ գնում է ազգակործան ճանապարհով։
– Ընդդիմությունը, վստահաբար, պարտավոր է հետեւություններ անել. նկատի ունեմ իրական ընդդիմությունը եւ ոչ խամաճիկների խմբակներ, որ փորձում են ձվի մեջ մազ փնտրել կամ թելել Նիկոլի ասեղը։ Իսկ ոմանք խանդի չարդարացված դրսեւորումներ են ցուցաբերում։ Այսօր, առավել քան երբեւէ կարեւոր է ընդդիմադիր դաշտի միասնականությունը։ Բոլորի թիվ մեկ եւ գերագույն նպատակը պետք է լինի Նիկոլի հեռացումը։ Իսկ թե ի՞նչ հետեւություն կանի իշխանությունը, այլեւս ակնհայտ է։ Մենք տեսանք տգիտության դրսեւորումներ, նախապես գրված տեքստեր բաժանվեցին այս կամ այն ՔՊ-ականին, իրենք իրենց դրեցին ծիծաղելի վիճակներում։ Հոդաբաշխ խոսք այդպես էլ չհնչեց։ Նկատի ունեցեք, որ խայտառակ կապիտուլյացիայից հետո, 88 հոգիանոց խմբակցությունից միայն 3-4 անձ սթափ գնահատեց իրավիճակը եւ հեռացավ իշխող խմբակցությունից, մնացածները՝ արդեն ուշացած են եւ նրանց ճակատին եւս դաջվում է դավաճանի, հայրենիքը ծախողի խարանը։ Դա չի մաքրվելու մինչ ի մահ։ Թող իրենք որոշեն, ոնց են այդ խարանով ապրելու։
Կարդացեք նաև
– Սերժ Սարգսյանը իր հարցազրույցում ասաց, թե ինքը իշխանությունը «սրանց» չի հանձնել, այլ Կարեն Կարապետյանին. սա, թերեւս, ինտրիգային բացահայտում էր: Ուրեմն՝ ինչո՞ւ ՀՀԿ խմբակցությունը չառաջադրեց վարչապետի իր թեկնածուն։
– Սա եւս հետաքրքիր է, նախագահը անթիվ բացահայտումներ արեց եւ բանակցային գործընթացի տապալման եւ Արցախի հանձնման եւ Շուշիի հանձնման եւ զենք-զինամթերքի խայտառակ, չարդարացված գնումների, զրահաբաճկոնների, այլնի մասին, մարդիկ այս ամեն ինչը կարծես մի կողմ թողեցին եւ առաջնային համարեցին ձեր հարցը։ Բացատրեմ. այո, ՀՀ սահմանադրությամբ, երբ երկրի վարչապետը հրաժարական է տալիս, ի պաշտոնե վարչապետի պարտականությունները կատարում է առաջին փոխվարչապետը։ Այս մասով, կարծեմ, ամեն ինչ պարզ է։
Իսկ ինչո՞ւ չառաջադրեցինք մեր թեկնածուին։ Նախ, խնդրում եմ վերհիշեք 2018-ի ապրիլ-մայիսը, հիշեք այն ահաբեկչությունը, որ իրականացվում էր ՀՀԿ 55 պատգամավորի նկատմամբ, հիշեք համատարած ատելության մթնոլորտը, հիշեք սպառնալիքները, հիշեք, թե ինչպե՞ս էր Նիկոլը հրապարակում հոխորտում ի լուր բոլորի, երբ ասում էր, կամ ինքը կլինի վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա։ Ու հիմա, ասացեք, եթե մենք թեկնածու առաջադրեինք, ի՞նչ կկատարվեր։ Վստահ եղեք, Նիկոլը պատրաստ էր գնալ արյունահեղության, ինչպես եւ պատրաստ է այսօր, վստահ եղեք, այդ ժամանակ, երբ Նիկոլը արյուն կթափեր, եղբայրասպան, քաղաքացիական պատերազմ կսադրեր, դուք այսօր ոչ թե Նիկոլին, որը կլիներ դրա միակ մեղավորը, այլ՝ ՀՀԿ-ին կմեղադրեիք։
Հիմա զավեշտալի է, երբ հարց է հնչում՝ ինչո՞ւ ՀՀԿ-ն վարչապետի իր թեկնածուին չառաջադրեց։ Դա մոտավորապես հնչում է այսպես՝ ինչու ամեն ինչ արեցիք, որ քաղաքացիական բախումներ չլինեն, որ եղբայրասպան պատերազմ չլինի։ Հիմա, ի՞նչ, մեղադրո՞ւմ եք. կարծում եմ, հակառակն է ճիշտը, ասել՝ շնորհակալություն, որ երկիրը այդ պահին ցնցումների չտարաք։ Ցանկացած իշխանություն չարժե թեկուզ մեկ մարդու մահ։
Հուսամ, բացատրությունս առավել քան հասկանալի է։
Զրույցը վարեց ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
19.02.2021