Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սա քաղաքական որոշման արդյունք է». Լևոն Սուլթանյանը՝ Հայկական երկրորդ հեռուստաալիքի եթերազրկման մասին

Փետրվար 19,2021 12:25

«Միակ գործող հեռուստաընկերությունը, որը զրկվել է հեռարձակման իրավունքից, Հայկական երկրորդ հեռուստաալիքն է»,- ասուլիսի ընթացքում հայտարարեց Հայկական երկրորդ հեռուստաալիքի փոխտնօրեն Լևոն Սուլթանյանը: Ըստ նրա՝ սա լուրջ հարված է խոսքի ազատությանը և որպես հետևանք նաև ժողովրդավարությանը:

Հայկական երկրորդ հեռուստաալիքի փոխտնօրենը հայտարարեց. «Մենք՝ որպես ընկերություն, կասկած չունենք, քանի որ մեր սեփականատիրոջ նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում: Ուստի սրանք նաև մեզ լռեցնելուն ուղղված հետևողական քայլեր են: Մեզ մոտ կասկած չկա, որ այս որոշումը նույն տրամաբանության մեջ է տեղավորվում»:

Հիշեցնենք՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) անցկացրած մրցույթի արդյունքներով՝ Հայկական երկրորդ հեռուստաալիքը եթերազրկվեց:

Խոսելով որոշման օրինականության և հետևանքների մասին՝ Լևոն Սուլթանյանն ասաց. «Պարտադիր մեր իրավունքները մինչև վերջ՝ օրենքով սահմանված կարգով, պաշտպանելու ենք, որպեսզի այս անարդարությունը վերացվի: Հեռուստաընկերության և ռադիոյի հանձնաժողովը փորձում է պարզ ներկայացնել այսպես, թե գիտեք՝ մրցույթում սահմանված թվով տեղեր գոյություն ունեն, եթե մասնակիցների թիվն ավելի շատ է, քան տեղերը, ակնհայտ է, որ ինչ-որ մեկը պիտի պարտվի: Սա սովորական գործընթաց է: Բայց իրականությունն այլ հարթությունում է: Մեր օրենսդրությունը, ՄԻԵԴ իրավական դիրքորոշումը, ԵԽ տարբեր կառույցների կողմից չափորոշիչները ուղիղ պահանջ են դնում կարգավորող մարմնի դիմաց, որ հանձնաժողովի որոշումները պիտի լինեն պատշաճ, հիմնավորված և պատճառաբանված»:

Նա կարևորեց՝ հանրությունը պիտի հասկանա, թե ինչու է այս կամ այն մասնակիցը այսքան միավոր հավաքել: Դա ՄԻԵԴ պահանջն է, մինչդեռ ՄԻԵԴ որոշումը չի կատարվում:

Անդրադառնալով օրենսդրական այն պահանջին, որ մրցույթի գնահատման չափանիշները պետք է մրցույթի մասնակիցների համար լինեն կանխատեսելի՝ Լևոն Սուլթանյանը ասաց. «Որոշումը հրապարակելուց հետո ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի՝ մի շարք հարցազրույցներից մեզ համար պարզ դարձավ այն, որ հանձնաժողովը հաշվի է առել հարյուրից ավելի չափանիշ, այնինչ օրենքում ասված է, որ խոսքը յոթ չափանիշների մասին է, և որոշման մեջ հանձնաժողովը միայն վեցին է անդրադարձել: Տիգրան Հակոբյանը պնդում է, որ այդ հարյուրից ավելի չափանիշներից որոշները նույնիսկ հայտնի չեն հեռուստաընկերություններին: Այսինքն՝ սա կանխատեսելիության ուղղակի խախտում է: Կրկնակի ցավալին այն է, որ դեռևս 2008-ին ՄԻԵԴ-ն ուներ նախադեպային որոշում, որը «Ա1+»-ի գործին է վերաբերվում, որում կոնկրետ ՀՀ նույն հանձնաժողովի կոնկրետ սխալներ են մատնանշված: Սխալն, ըստ ՄԻԵԴ-ի, այն է, որ հանձնաժողովը ինքն իր որոշումը պատշաճ չի պատճառաբանել ու հիմնավորել: Ավելին, այստեղ կրկնակի ցավալի է նաեւ, որ այն ժամանակ, երբ այդ որոշումը «Ա1+»-ի մասով կայացվել է, ներպետական օրենսդրությունը նման պահանջ չի ունեցել, բայց ՄԻԵԴ-ը նշում է, որ, միևնույն է, հանձնաժողովը պիտի դա աներ»:

Լևոն Սուլթանյանը պնդեց՝ ՀՌՀ նախագահի ելույթներից հիմնավոր կասկած է ձեռք բերել, որ կա կանխակալ վերաբերմունք է իրենց նկատմամբ. «Առաջին հերթին այն հանգամանքը, որ Հ2-ը դիմել էր միայն հանրապետական ծածկույթի մրցույթի համար, դա ներկայացվեց տարբեր ենթադրություններով, որ հավանաբար գոռոզ, ինքնահավան էինք, թե սխալ հաշվարկներ ունեինք, ուրիշ բաների վրա հույս ունեինք, այնինչ այդ հարցի շուրջ անձամբ Տիգրան Հակոբյանի հետ մեր հեռուստաընկերության ներկայացուցիչները մի քանի անգամ զրույց են ունեցել, և ինքը շատ լավ գիտի, թե ինչու ենք մենք դիմել միայն հանրապետական ծածկույթի համար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728