Հարցազրույց ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի հետ
– Սերժ Սարգսյանը խոսեց այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը դիվանագիտական պրակտիկայում չտեսնված-չլսված քայլերի գնաց՝ հայտարարելով, որ սկսում է իր կետից, իսկ բանակցային գործընթացի մասին գերադասում էր տեղեկանալ Ալիեւից, եւ դա էր պատճառը, որ Մինսկի խումբը լռեց, չդատապարտեց Ալիեւին պատերազմ սանձազերծելու համար։
– Հարցը ոչ թե լուռ համաձայնությունն էր, ուղղակի երբ մարդիկ շախմատ են խաղում, մեկ էլ մեկնումեկը մտնում է, կեսից սկսում է շաշկի կամ եսիմ՝ «գորոդկի» խաղալ, խախտում է խաղի բոլոր տեսակի կանոնները, ներկայանում է որպես մի անհավասարակշիռ, ողորմելի, աննորմալ երեւույթ։
Ես գիտեմ համանախագահների հետ սերտ կապեր ունեցող անձանց, որոնք ապշած էին, չէին հասկանում, թե ինչով է շարժվում այդ մարդը, ինչի վրա է հույսը դրել։ Եվ իսկապես, համանախագահների մոտ առաջացրել էր իրեն չընդունելու հանգամանք։ Իսկ համանախագահները խաղի դատավորներն են, մանավանդ, որ ներկայացնում են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ 3 պետություններ։ Սա ուղղակի արհամարհել, անարգել է այդ մարդկանց, այս պետություններին։ Համենայնդեպս, Ալիեւը հասկանում էր, որ այն մթնոլորտը չէ, որ այդ երկրները դիմեն ակտիվ քայլերի, ընդունեն հակաադրբեջանական, հակաթուրքական ինչ-որ միջոցներ, ինչն էլ տեսանք այդ 44 օրերին։ Թրամփի կողմից ծիծաղելի հայտարարություններ, ինչ-որ հայտարարություններ Մակրոնի կողմից, որին չհետեւեցին լուրջ քայլեր։ Միակ կողմը, որը լրջորեն անհանգստացած էր եւ ցանկություն ուներ պատերազմական գործողությունները կանգնեցնել, ՌԴ-ն էր։ Եվ դա էլ գիտենք ՌԴ նախագահի եւ ոչ միայն՝ հայտարարություններից, որ բոլոր առաջարկները, որ արվում էին, մերժվում էին Փաշինյանի կողմից։ Այնպես որ, դիվանագիտության մեջ տգիտությունն ու ապուշությունը պատրաստեցին այդ պարտությունը։ Եվ տրամաբանորեն բացատրվում է ամեն մի քայլը, որոնք բերեցին այս կործանիչ արդյունքներին։
Կարդացեք նաև
– Բայց արդյո՞ք Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման վերջին շրջանում փայլուն հարաբերություններ ուներ ՌԴ-ի հետ։ Եթե հիշում եք՝ «Սերժին մերժողների» առաջին շարքերում ռուսական ընկերությունների ներկայացուցիչներ էին՝ «Գազպրոմը», «Տաշիրը»։
– Ես գիտեմ, որ Հայաստանում կան այդպիսի կարծիքներ, որոնք վերագրվում են ՌԴ ամենաբարձր մակարդակներին։ Իմ խոսակցություններն այն մարդկանց հետ, որոնց ես ճանաչում էի նախագահի շրջապատում, ինձ չեն բերել նման կարծիքի։ Ես ոչ մեկի կողմից չեմ լսել, որ հարկավոր է օգնել, որ հակասերժսարգսյանական ուժերը գային իշխանության։ Իհարկե, մի բան չեմ կարող բացառել՝ գուցե կային որոշ մարդիկ, որոնք ուրախ չէին, որ Սերժ Սարգսյանը շարունակի մնալ ղեկավարի կարգավիճակում, եւ չեմ բացառում, որ կլինեին մարդիկ, որոնք կուզենային ունենալ Սարգսյանից ավելի անփորձ ու կառավարելի ղեկավարի։ Սարգսյանը 30 տարի քաղաքականության մեջ էր, 20 տարի՝ ուժային կառույցների ղեկավար, վարչապետ։ Եվ այն, որ արեւմտյան հասարակական կազմակերպություններն ակտիվ շրջանառում էին, որ մարդիկ հոգնել են, փոփոխությունների կարիք կա եւ այլն, գուցե համընկել էր որոշ գործարար շրջանակների կարծիքին, որ իրենք էլ, օգտվելով առիթից, կարողանային իրականացնել էդ փոփոխությունը։ Սարգսյանին փոխել իրենց մարդով։
Օրինակ, չեմ բացառում, որպես վարչապետ տեսնել Կարեն Կարապետյանին կամ իրենց հարմար որեւէ այլ մեկի։ Դա ոչ թե ի սկզբանե էր, բայց չեմ բացառում, որ ցանկացան օգտագործել այդ առիթը։ Եվ այն, որ որոշ ռուսամետ օլիգարխների, օրինակ՝ Ռուբեն Վարդանյանի կամ Արմեն Դարբինյանի կողմից եթե անգամ եղել են ինչ-որ քայլեր, դրանք եղել են իրենց անձնական քայլերը եւ իրենց անձնական հաշիվները։ Սա չի նշանակում, որ նրանց հետեւում կանգնած է եղել ռուսական պետականությունը։ Ես հիշում եմ, որ երբ ժամանակին ինչ-որ մարդիկ գալիս էին Մոսկվա, բողոքում Տեր-Պետրոսյանից, որ նա հայ-ռուսական շահերը վաճառում է, գնում է դեպի Արեւմուտք, ԱՄՆ եւ այլն, ռուսական իշխանությունը որոշումներ չի ընդունել՝ ելնելով տարբեր ասեկոսեներից ու ընդդիմադիրների փոխանցած ազդակներից։ Նման որոշումներ ընդունում են՝ ելնելով արած գործերից։ Վերադառնալով Ձեր հարցին՝ նշեմ․ այս հարցում շատ հատկանշական են Սահակաշվիլին, Շեւարդնաձեն, Բակիեւը։ Էդպիսի դեպք չի եղել, որ Սերժ Սարգսյանը հակառակ գնա հայ-ռուսական հարաբերությունների ընդհանուր շահերին։ Ո՛չ ԵՄ-ի, ո՛չ Ղրիմի հարցում։ Այսինքն՝ ՌԴ-ն ոչ մի պատճառ չունի նրա նկատմամբ անվստահություն կամ դժգոհություն ունենալու։
Ինչ վերաբերում է այդ օլիգարխներին, ապա նրանք նույնիսկ մղձավանջային երազում չէին կարող պատկերացնել, թե սա ինչ հետեւանքներ կարող է ունենալ, եւ չէին կարծում, որ այդ թափթփուկներն ու այդ ծաղրածուն՝ Քաջ Նազարի բախտով, հանկարծ կվերցնի իշխանությունը։ Եվ կարծում եմ, որ այս մարդիկ, բացի Արմեն Դարբինյանից, մնացածները, ինչպես ռուսներն ասում են՝ локти кусают, որ այդպիսի ապուշություն են արել։ Քանի որ մտածել են մի բանի հասնելու, բայց հասել են լրիվ ուրիշ բանի։ Հայ քաղաքականության մեջ բոբիկությունը վերաբերում է նաեւ ռուսամետ գործիչներին, որոնք անում են սխալ գնահատումներ։
Անուշ ԴԱՇՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: