Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ժորա Սափեյան. «Ինձ ասում են՝ Նիկոլի մարդկանցից ա, ի՞նչ Նիկոլի մասին ա խոսքը, ես պատահական կանգնել եմ Մաստարա գյուղի մոտ, քարի հանք գնալուց». «Հրապարակ»

Փետրվար 19,2021 10:33

Նախօրեին Գյումրիից Երեւան ճանապարհին Փաշինյանի ավտոշարասյունը «պատահաբար» կանգնեցնող- ողջունողների թվում էր նաեւ «Հանրապետություն» կուսակցության անդամ աշնակցի Ժորա Սափեյանը։ Նա նոյեմբերի 18-ին Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի աջակցության հանրահավաքի կազմակերպիչներից էր՝ Թալինից մարդկանց էր հավաքել, բերել Երեւան։ Սափեյանը 2008 թվականի նախագահական ընտրությունների նախընտրական փուլում Լեւոն Տեր-Պետրոսյանի Թալինի նախընտրական շտաբի պետն էր, եւ հունվարի 27-ին մի ծեծկռտուքից հետո նրան ու եղբորը մեղադրանք առաջադրվեց խուլիգանության հոդվածով, Ժորա Սափեյանը երկուսուկես տարի կալանք կրեց ու ազատվեց միայն 2010 թվականին:

Մի քրեական պատմության մեջ էլ Սափեյանները հայտնվել էին 2019 թվականին։ Եղբայրներից մեկի որդին՝ Անդրանիկ Սափեյանը, նշանակվել էր Թալինի ՋՕ պետի տեղակալ, սակայն նշանակումից մեկ օր անց ՋՕ ընկերության գործադիր տնօրենի կողմնակիցների հետ քաշքշուկ, ծեծկռտուք էր եղել, ու քրեական գործ էր հարուցվել։ Երեկ խոսեցինք Ժորա Սափեյանի հետ՝ հասկանալու համար, թե պատերազմով անցած մարդն ինչ մղումով է պաշտպանում պատերազմում պարտված իշխանություններին։ Սափեյանն ինքը նախահարձակ եղավ, թե ինչու էինք գրել, որ հավաքի կազմակերպիչն է։

– Ես ընդամենը գնացել էի քար բերելու էդ գյուղից, իմացա՝ ժողովուրդը հավաքվել ա, կանգնա ընդեղ, բայց ամբողջ մամուլը իմ անունն ա շոշափում, որ ես եմ կազմակերպել։ Չի կարելի, չէ՞։ Էս երկրի համար ոչ մեկ էնքան բան չի արել, որքան ես, իմ ընտանիքի անդամները վիրավորվել են արցախյան պատերազմին, երեք պատերազմ անցած մարդ եմ, ես բացի բարի գործերից, ծառ եմ տնկում, մի տարվա մեջ 4 հազար հատ դեկորատիվ ծառ եմ տնկել, երկիրը գեղեցկացրել։ Իսկ ինձ ասում են՝ Նիկոլի մարդկանցից ա, ի՞նչ Նիկոլի մասին ա խոսքը, ես պատահական կանգնել եմ Մաստարա գյուղի մոտ, քարի հանք գնալուց։ Բայց իմ անունն են տալիս, թե Ժորան ա կազմակերպել, ես ի՞նչ գործ ունեմ, որ կազմակերպեմ։

– Նոյեմբերի 18-ին է՞լ էիք պատահաբար հայտնվել Հանրապետության հրապարակում։

– Կոչը լսելով՝ եկել եմ Հանրապետության հրապարակ, բայց ոչ մի մարդու հետս չեմ բերել, մեր մարզից մարդ էլ չեմ տեսել ընդեղ։

– Դե, փոքր երկիր է, բոլորը բոլորին ճանաչում են, խոսում են։

– Ի՞նչ են խոսում, ես ըտենց եմ ուզել, եկել եմ, որովհետեւ ես տեսել եմ, ընդեղ էդ պահին եթե զինադադար չլիներ, մարդ չէր մնա, ես էլ՝ հետը։ Կոչը լսելով, որ հավաքվում են հրապարակ, ասի՝ ես էլ գնամ, հաջորդ օրն էլի գնացել եմ։ Ես 44 օր չէ, 60 օր եղել եմ դիրքերում։ Պատերազմը վերջացել, զինադադար է կնքվել, երկրապահի տղերքի հետ գնացել եմ Շուռնուխ, Դավիթ Բեկ։ Ամենածանր զրկանքները կրել եմ, բայց իմ անունը շահարկում եք։ Ես ո՛չ երկրի թալանին եմ մասնակցել, ո՛չ մի բան։ Բարձրագույն կրթություն եմ ստացել, իմ հողուջրով ապրում եմ, աշխատում․․․ դարձել եմ ուրվական։ Բայց ըտենց չի կարելի, չէ՞, գրել «նիկոլական»։

– Լավ չեմ հասկանում․ մեկ ասում եք՝ աջակցում եք Նիկոլին, մեկ վատ եք զգում, որ «նիկոլական» են գրում։

– Աջակից եմ, բայց ոչ թե գնում եմ հատուկ իր համար հավաք կազմակերպում։ Ես ընդամենը հեղափոխության պաշտպան եմ, ես լեւոնական էլ եմ, արամսարգսյանական, ով առողջ է դատել, ես իր կողքին եմ։ Ինձ ո՛չ պաշտոն է պետք եղել, ո՛չ ձգտել եմ, ո՛չ էլ հիմա եմ ձգտում։ Ես եմ եղել պատերազմի մեջ, ես եմ տեսել զրկանքները, ես գիտեմ, որ եթե զինադադար չլիներ, ինչեր կլիներ։

– Իսկ Դուք չե՞ք լսել, որ շատ սխալներ ու թերացումներ են եղել, որ ասում են՝ եթե շուտ կանգնեցներ պատերազմը, այդքան զոհ չէինք ունենա, ԶՈՒ շտաբի պետը 4-րդ օրն է ասել՝ կանգնեցրեք, այսինքն՝ 5 հազար զոհը հե՞չ։

– Քաղաքական բաները ուրիշ է, բայց որ ես իմ աչքով տեսել եմ՝ զինված ուժերում ինչքան փոփոխություն ա եղել, սննդի ինչ ձեւի մատակարարում ա եղել, ինչ ձեւի է եղել հրամանատարների դավաճանությունը, դրա համար էլ ասում եմ՝ իրավիճակի լրջությունը պետք է ձեր աչքով տեսնեիք, որ հասկանայիք։

– ԶՈՒ շտաբի պետը, փաստորեն, իր աչքով չի տեսել եւ լսելո՞վ է ասել՝ կանգնեցրու պատերազմը։

– Հիմա էդ իրանց մակարդակի գործ է, ես ինձ թույլ չեմ տա ԶՈՒ-ն թերագնահատել, բայց ես տեսել եմ էդ մարդու արածն ու կոչը, բարեփոխումները, ես էդ արժեքն եմ պաշտպանել, թե ով ինչ է ասել, էդ իրենց խնդիրն ա։

– Փաստորեն, Դուք էլ եք կարծում, որ «մայկա-տռուսիկով» կամ ելակով բանակը հզորացրել են։

– Բա ո՜նց, մայկա-տռուսիկով․․․ հիմա դու եթե սոված ստամոքս ունենաս, կստացվի՞ աշխատանքը, ցուրտ տեղը նստեք, կստացվի՞ աշխատանքը։ Մայկա-տռուսիկ պիտի ըլնի, որ ամբողջ օրը էդ անձրեւին․․․ փոխան չկար մարդկանց հագը, բայց էդ օրը կար։ Քառօրյա կռվին ես տեսա, որ ոչ մի բան չկար, տռուսիկ-մայկան հագնում էին՝ ներկած էր, ներկը մնում էր մարդու մաշկի վրա, բայց էս պատերազմին փոխում էին, սումկի մեջ 4 հատ նասկի էր դրած, 6 հատ տռուսիկ, 6 հատ մայկա, խի՞ էդ տարբերությունները չեք ասում։

Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728