«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը շուտով կվերաձեւավորվի: Հանձնաժողովի այն անդամները, որոնք ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, պատերազմից հետո առկա իրավիճակում այլեւս չեն ուզում աշխատել, կփոխարինվեն ուրիշներով: Թեկնածուներ առաջադրելու իրավասությունը Արդարադատության նախարարությանն է, այն ընդունելը՝ վարչապետինը:
Արդարադատության նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրին, որ թեկնածուներին առաջիկայում կներկայացնեն:
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն էլ ասաց, որ այդ գործընթացի հետ կապված որեւէ նորություն այս պահին չկա: Խոսելով հանձնաժողովի որոշ անդամների փոխարինման մասին՝ Կիրակոսյանը նկատեց. «Քննարկման փուլում է վերակազմակերպման պրոցեսը, ընթացքի մեջ գտնվող հարց է, ոչ մի բան չի բացառվում»:
Մեր ունեցած տեղեկություններով` աշխատելու ցանկության բացակայության պատճառով կարող են փոխարինվել, օրինակ, Կարեն Զադոյանը, Արթուր Ղամբարյանը, Գագիկ Թավադյանը, Անահիտ Մանասյանը, Լեւոն Գեւորգյանը: Արսեն Թավադյանը դեռ տատանվում է՝ ուզո՞ւմ է շարունակել աշխատել հանձնաժողովի կազմում, թե՞ ոչ:
Կարդացեք նաև
Հանձնաժողովի աշխատանքներին այլեւս մասնակցելու ցանկություն չունի նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Տարոն Սիմոնյանը: Պատճառաբանությունը նույնն է՝ հետպատերազմական իրավիճակում դրա ժամանակը չէ: Վաղուց նիստերին չի մասնակցում նաեւ ԲՀԿ-ի գործուղած ներկայացուցիչը՝ Գեւորգ Պետրոսյանը: Վերջինս օրերս ԲՀԿ-ից դուրս է եկել: Այլ ներկայացուցիչ կնշանակի՞ ԲՀԿ-ն հանձնաժողովում, թե՞ ոչ, դեռ պարզ չէ:
16 հոգանոց այս հանձնաժողովի մեծամասնությունն, այնուամենայնիվ, աշխատանքի շարունակման կողմնակից է: Նրանք համարում են, որ այդ թվում Սահմանադրության փոփոխությամբ կարելի է իրավիճակից դուրս գալ:
Այդ անձանց թվին է պատկանում նաեւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը: Մեր զրույցը նրա հետ՝ ստորեւ.
– Պարոն Իոաննիսյան, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում, մեր ունեցած տեղեկություններով, իրավիճակը փակուղի է մտել: Նիստերը շարունակելու հույս կա՞:
– Սեպտեմբերի 27-ից՝ պատերազմի օրվանից սկսած, այո՛, մեր աշխատանքը կանգնել է: Մի 10 օր առաջ մենք հավաքվել ենք, նիստ ենք արել, արձանագրել ենք արդեն կատարված աշխատանքը: Առաջիկայում հավանաբար կրկին կմտնենք պրոցեսի մեջ ու կշարունակենք ինտենսիվ աշխատել: Որոշ պրոցեսներ կան մինչ այդ:
– Հանձնաժողովի վերակազմավորո՞ւմը նկատի ունեք:
– Այո:
– Այսինքն դուք շարունակում եք մտածել, որ պետք է աշխատե՞լ Սահմանադրության վրա, բարեփոխումների գործընթացը ավարտի՞ն հասցնել:
– Իհարկե, կարծում եմ, որ հիմա այս աշխատանքը շատ ավելի կարեւոր է, շատ ավելի արդիական ու պետքական:
Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: