Դեռ մի քանի օր առաջ «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը» զգուշացրել էր, որ փետրվարի 18-20-ին մայրաքաղաքում սպասվում է թաց ձյուն: Ստացվում է, որ զգուշացումները քաղաքային համապատասխան ծառայությունները աննկատ էին թողել: Ծայրամասերում ավազը երեկ սկսեցին շաղ տալ միայն ժամը 9 անց կեսից հետո, երբ երթեւեկությունն արդեն կաթվածահար էր, եւ արձանագրվել էին բազում վթարներ:
ԱԻՆ հիդրօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նշեց, որ ձյան ծածկույթը Երեւանի բարձրադիր հատվածներում եղել է 5֊7 սմ, իսկ ցածրադիր հատվածներում՝ 2 3 սմ։ Ինտենսիվ ձյունը սկսվել է ժամը 07:30-ին եւ պահպանվել 2 ժամ, որից հետո տեղումների ինտենսիվությունը կտրուկ թուլացել է:
Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ հավաստում է, որ ձնամաքրման աշխատանքները կատարվել են բնականոն ռեժիմով:
«Բնականաբար, ձյան տեղումների մասին կոմունալ ծառայությունները տեղյակ են եղել եւ, ըստ իրենց չափորոշիչների, կատարել են աշխատանքները: Ժամը 7 անց կեսից առատ ձյուն է սկսել տեղալ, եղանակային պայմաններից ելնելով՝ տեղ-տեղ սառցակալած ճանապարհներ են եղել, որը խցանումների, երթեւեկության բարդությունների, այդ թվում՝ նաեւ հանրային տրանսպորտի աշխատանքի բարդություններ է առաջացրել: Իմ տեղեկություններով՝ խնդիրներ եղել են հիմնականում բարձրադիր հատվածներում: Բայց, ըստ պատշաճի, 07:30-ից 08:00-ի սահմանում կոմունալ ծառայության մեքենաները սկսել են աշխատել խոշոր, գլխավոր փողոցներից, այնպես, ինչպես կարգն է: Թե երբ են հասել ծայրամաս, ես տեղեկություն չունեմ, բայց եթե քաղաքացին դուրս է գալիս փողոց եւ այդ պահին ձյուն մաքրող մեքենա չի տեսնում, դա, իհարկե, չի նշանակում, որ ձնամաքրման աշխատանքներ տեղի չեն ունենում, դա նշանակում է, որ մեքենան դեռ իրենց փողոց չի հասել»,- նշեց նա:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում