Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է մեղավոր

Փետրվար 19,2021 09:00

Վերջին օրերին բուռն քննարկումներ են ընթանում Արցախում նախատեսվող լեզվի մասին օրենքի փոփոխության շուրջ։ Ըստ օրենքի նախագծի, Արցախում ռուսաց լեզուն դառնում է հայոց լեզվին հավասար պաշտոնական լեզու։

Ինքս չեմ կարող լռել և շատ ծանր եմ տանում այս հերթական նահանջը մեր հիմնական ինքնության հիմքից։ Տպավորություն է ստեղծվում, որ շատ-շատերը նույնպես զայրացած են՝ «Ա՛յ քեզ բան, ինչպե՞ս կարելի է, Արցախի աբխազացում, տեսնո՞ւմ եք, թե ինչեր է անում Ռուսաստանը» և այլ ավելի խիստ որակավորումներ։ Հետաքրքիր է, որ այդ նույն «քննադատողները» կամ լռում էին և են, կամ լավագույն դեպքում՝ մեղմորեն քննադատում Հայաստանի իշխանությանը Արցախը հանձնելու համար։

Այո՛, այն որ այսօր, խայտառակ պարտությունից հետո, Արցախից մնացած հատվածում այդպիսի օրենք է ընդունվելու, միակ մեղավորն ու պատասխանատուն Հայաստանի վարչապետ կոչեցյալն է, որի ապիկարության, թե․․․ պատճառով հանձնվեց Արցախը և ուզենք, թե չուզենք, Արցախի մնացորդները փրկեց Ռուսաստանը։

Սակայն, ես չեմ կարծում, որ ռուսներն են ստիպել ռուսաց լեզվին տալ այս բարձր կարգավիճակը։ Ի վերջո, չնայած Խորհրդային Հայաստանում պետական լեզուն սահմանադրությամբ հայերենն էր, ռուսները չէին ստիպում, որ հայ ծնողներն իրենց սիրասուն զավակներին ուղարկեին ռուսական դպրոց և ռուսերեն շաղակրատեին։

Անձամբ չեմ ճանաչում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։ Սակայն հետևելով նրա պահվածքին՝ հաճոյանալ Հայաստանի ապիկար իշխանությանը, մասնակից դառնալ հայրենի Արցախի կորստին՝ համոզված եմ, որ սա նրա անձնական նախաձեռնությունն է և հերթական քծնանքը՝ այս անգամ Ռուսաստանին։ Համոզված եմ, որ հենց նրա նախաձեռնությունն էր՝ «Спасибо России» կարգախոսը նույնպես։

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

«Մաշտոց» միավորման նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728