Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսավոր հետագիծ

Փետրվար 19,2021 12:30

Բանաստեղծ, մանկագիր, երգիծագիր, դրամատուրգ, մեր ժամանակների դասական Սուրեն Մուրադյանը չարաբաստիկ տարվա՝ 2020թ. դեկտեմբերի 29-ին, Աստծո տնից՝ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցուց ճանապարհվեց դեպի երկնային արքայություն։

Նա այլեւս հոգեպես է մեզ հետ լինելու, նրա հոգեւոր ժառանգությունից սերունդներ են կրթվելու, նրա մասին նորանոր գրքեր են գրվելու, նրա հոգու ձայները մանկանց շուրթերից են հնչելու, հուշեր են պատմելու։

Հարուստ կենսագրություն ունի վարպետը։ Թումանյանական աշխարհից է, Մեծն Լոռեցու հետնորդը։

Ծնվել է գեղատեսիլ Ակներ գյուղում (1930)։ Մանկությունն անցել է պարզ, գուղական միջավայրում։ Ոգեշնչվել է Թումանյանի ոգեղենությամբ, հայրենի հոգեթով բնությամբ։ Երազանքներն ու վառ տպավորությունները նրբահյուս ստեղծագործություններ են դարձել՝ հարստացրել մեր գրական անդաստանը։ Նա ներկա է եւ ներկա է լինելու։

Ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմալեզվագիտական ֆակուլտետը (1952), Մոսկվայի Ժուռնալիստիկայի բարձրագույն դպրոցը (1957), աշխատել է «Պիոներ կանչ», «Խորհրդային Հայաստան» ամսագրի, «Ավանգարդի», տարբեր թերթերի, Հեռուստառադիոպետկոմի երիտասարդական հաղորդումների խմբագրություններում, դասախոսել «Հայբուսակ» համալսարանում։

Առաջին գիրքը՝ մանկական «Առաջին երգ» գիրքն է (1953)։ ՀԺՄ (1959) եւ ՀԳՄ (1964) միությունների անդամ է։ Արցախի ազատագրական պայքարին մասնակցել է ձոներգեր նվիրելով, Արցախում ելույթներ ունենալով, ազատամարտիկներին գոտեպնդելով…

Ժպիտով էր հիշում «Ավանգարդ»-յան տարիները։ Պատմում էր պատասխանատու քարտուղար Վիկտոր Բալայան մարդ-տեսակի, նրա անսպառ հումորի, կատակն ու լուրջը միահյուսելու շնորհի մասին. «Վիկտորը՝ գառգառեցի Վիկոն, ջերմ, աշխատանքային ուրախ մթնոլորտ էր ստեղծում, գործընկերներիս գլխին զվարճալի պատմություններ սարքում։ Հերոսներն էին հայտնի ավանգարդականներ Լորիս Կրոյանը, Հենրիկ Աբրահամյանը, Վարդգես Պետրոսյանը, Վարդգես Շողերյանը, Արամայիս Սահակյանը, Գուրգեն Առաքելյանը, Մուշեղ Գալշոյանը, Հովհաննես Մելքոնյանը, Ժիրայր Ավետիսյանը, Հրաչյա Մաթեւոսյանը, Գրիգոր Ֆերեշեթյանը…»։ Մի լրագրողական աստղաբույլ, որոնց դերը երիտասարդ սերնդի կյանքում նշանակալի ուղեցույց էր, նոր շունչ, զարթոնք, գաղափար, չափանիշ։

1975-76թթ., երբ «Հայաստան» հրատարակչությունը բաժանվեց երեք մասի՝ «Հայաստան», «Սովետական գրող», «Արեւիկ» հրատարակչությունների, վերջինիս բաժնի վարիչը դարձավ Սուրեն Մուրադյանը։ Նույն շենքում էինք, կողք կողքի։ Հենց այստեղ էլ (1977թ. «Սովետական գրող»-ում էի աշխատում) մտերմացանք։

Տողերիս հեղինակին բախտ է վիճակվել վարպետի հետ աշխատել «Ոզնի» երգիծաթերթում։ Շատ բան եմ սովորել իմ ավագ գործընկերոջից, որի համար երախտապարտ եմ։ Սրամիտ, լոռվա միամիտ խառնվածքով, նրբանկատ, զուսպ, բարեհոգի, մագնիսի պես իր կողմը ձգող անձնավորություն էր։ Նրա հումորը մեղմ էր, բուժիչ։

Մեղվի նման ժրաջան էր, մանկան նման աշխույժ, կենսախինդ։ Երգիծական գործերի մեծ մասը տպագրվել են «Ոզնի»-ում աշխատած տարիներին, որոնք լույս տեսան նաեւ գրքերի տեսքով։ Նշենք մի քանիսը. «Ուրախ երգիծանք», «Ուրախ հատընտիր», «Եռաժանի ժպիտներ», «Երգիծատուն», «Սիրավեճ ապահարզանից հետո»…

Երգիծանքի կրակի տակ էր առնում կյանքի ստվերոտ կողմերը. դիրքի չարաշահումը, կաշառակերությունը, հաճոյամոլությունը, քծնանքը, մտքի սահմանափակությունը… Ս. Մուրադյանը նաեւ երգիծելով իր նպաստը ներդրեց հայ երգիծանքի զարգացմանը, որի համար արժանացավ «Ոզնու դափնեկիր» կոչմանը։ Գրելիս հաշվի էր առնում երկու հանգամանք՝ նախ լինել անաչառ ու բարի, երկրորդ՝ ականջին օղ էր անում ժողովրդական այն առածը, թե շիտակ խոսքը կատակով կասեն։ Մեջբերենք նաեւ նրա խոսքը. «Ով այս երկու բարեմասնությունը չունի, ուրիշին ծաղրելու իրավունքը չունի։ Իմ նշանաբանն է՝ որեւէ մեկի մոտ թերություն կամ արատ, վնասակար որեւէ բան նկատելիս ազդարարել ի լուր բոլորի՝ «Զգո՛ւյշ, ներկված է»։

Ավելի քան 250 երգերի տեքստերի հեղինակ է։ Հիշենք նրա հանրահայտ «Ջանըմ, ջանըմ» կատակերգը (երաժշտությունը՝ Գր. Հախինյանի)։ Մանկական երգային տեքստերը հանրամատչելի են. կայտառ, հումորով լեցուն, որոնք ավելի գրավիչ, ընկալելի են դարձնում երգի յուրացումը։ Գտել էր մանկան հոգին ներթափանցելու գաղտնիքը. հայրական, պապական սիրով էր տոգորված փոքրերի նկատմամբ։ Սիրով էր ծանոթացնում հայրենական գանձերին։ Հորդորում էր՝ լրջությամբ վերաբերվեք մանկական գրականությանը, երեխայի հետ վարվեք այնպես, ինչպես հավասարը հավասարի հետ. պարզ, անմիջական։ Վարպետը սերունդներին է թողել վիթխարի գրական ժառանգություն։ 1982թ. մանկական գրքի համամիութենական շաբաթի առթիվ կազմել եւ հրատարակել է 15 հանրապետություններին նվիրված «Ծիածան» ժողովածուն։ 1987թ. Մինսկում լույս է տեսել նրա կազմած «Սեւանի «Արշալույսները» («իՏՐօ հպՉՈվՈ») անթոլոգիան, որն ընդգրկում է հայ ժողովրդական խաղիկներից. Գոշից, Այգեկցուց մինչեւ ժամանակակից մանկագիրների արձակ եւ չափածո ստեղծագործությունները (90 հեղինակ)։

Շուրջ 150 անուն գրքի հեղինակ է։ «Մրգաքաղ»-ը 40-ից ավելի մանկական ժողովածուներում ամփոփված գործերի ընտրանին է (1990), իսկ 80-ամյակին նվիրված «80 ղողանջ»-ը՝ 90 բանաստեղծական ժողովածուների ծաղկաքաղ հատընտիրը։ 2012թ. կազմել եւ հրատարակել է «Մանկական գանձարան» ժողովածուն, որտեղ ներկայացված են Խ. Աբովյանի, Ղ. Աղայանի, Հ. Թումանյանի բանաստեղծություններից մինչեւ ժամանակակից մանկագիրների լավագույն ստեղծագործությունները։ Խորհրդանշական է, որ ժողովածուն լույս է տեսել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք կոչվելու տարում։

Մանուկներին նվիրված գործերն արժանացել են ՀԳՄ Ստ. Զորյանի, Վ. Անանյանի անվան մրցանակների։ Թարգմանվել է 17 լեզուներով։ Պիեսները բեմադրվել են թատրոններում։ Պարգեւատրվել է ՀԳՄ «Եղիշե Չարենց», «Ֆրիտյոֆ Նանսեն» մեդալներով, կառավարության Մովսես Խորենացու անվան շքանշանով։ «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը Մուրադյանին շնորհել է «Թումանյանի հետնորդ» պատվավոր կոչումը։ «Թեքեյան» մշակութային միությունը արժանացրել է Թեքեյանի անվան մրցանակի։

Ս. Մուրադյանի մասին դրվատանքի խոսքեր են ասել Ավ. Իսահակյանը, Հովհ. Շիրազը, Ս. Կապուտիկյանը, Գ. Սարյանը, Հայրապետ Հայրապետյանը, Գեւորգ Էմինը, Ադրինե Տատրյանը, Էդուարդաս Մեժելայտիսը, Իրինա Տոկմակովան…

2020թ. հայրենիքին պատուհասած ցավագին հարվածը՝ հարված էր նաեւ գրող, հրապարակախոսի փխրուն սրտին…

Սուրեն Մուրադյանը այժմ եւ ընդմիշտ ներկա է, եւ ներկա է լինելու իր հոգեւոր տեսքով, իր անկրկնելի գործերով, իր լուսավոր հետագծով։

Խոնարհումով՝

Գուրգեն ԼՈՌԵՑԻ

«Առավոտ» օրաթերթ
18.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728