Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երկրաշարժերը՝ Թեղենյաց վանքում

Փետրվար 19,2021 13:00

Թեղենյաց վանքը գտնվում է Բուժական գյուղի հյուսիսարեւելյան մասում, Թեղենիս լեռան լանջի անտառածածկ թեղիների բացատում: Այն միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական կենտրոններից է, որի պատճառով անվանվել է «Աստուածաբնակ», «գերահռչակ», «մենաստան գերիմաստ», «սուրբ ուխտ» եւ այլն:

Հատկապես հայտնի է եղել նրա վանական դպրոցը: Թեղենյաց վանքի վաղ հիշատակությունը վերաբերում է 8-րդ դարի 20-ական թթ.:

Վանական համալիրի մեջ մտնում են կաթողիկե (գլխավոր) եկեղեցին, գավիթը, նրան հյուսիսից հարող կառույցը, փոքր եկեղեցին, սեղանատունը եւ գրչատունը: Կաթողիկեն հուշարձանախմբի կենտրոնում է եւ ամբողջովին բացվել է պեղումների շնորհիվ: Այն զույգ որմնամույթերով գմբեթավոր սրահ է: Եկեղեցու խորանի երկու կողմերում ավանդատներն են եւ չի բացառվում, որ եղել են կրկնահարկ, որի երկրորդ հարկը կարող էին բարձրանալ խորանի միջից: Այն ունի երկու մուտք, որի գլխավորը հարավային կողմից է: Կաթողիկեի ամենաուշագրավ հատվածը բեմի ճակատային մասն է, քանդակազարդված երկրաչափական, կենդանական եւ բուսական մոտիվներով:

Կենտրոնական քարին քանդակված է սիրամարգ՝ բացված պոչով, թեւերը կիսաբաց, գլուխը աջ թեքած: Այն հայկական քանդակագործության եզակի եւ բարձրարվեստ ստեղծագործություն է: Հավանական է համարվում, որ բեմի այս ճակատը կառուցվել է 14-րդ դարի առաջին քառորդում՝ եկեղեցու նորոգման ժամանակ, ենթադրաբար վնասված լինելով 1319թ. երկրաշարժից: Վանքը, անշուշտ, վնասվել է նաեւ 1679թ. երկրաշարժից, երբ աղետաբեր ալիքը տարածվել է Գառնիից մինչեւ Արագած լեռը:

Սակայն, ինչպես Հովհաննես եպս. Շահխաթունյանցն է գրել, համալիրը հիմնականում ավերվել է 1827թ. երկրաշարժից. «Տաճարն փոքրիկ խաչաձեւ ի կարմրերանգ կակուղ քարանց՝ որոյ հիւսիսային որմն եւեթ գտանի ի կանգուն. քանզի միւս փլուածքն ասեն եղեալ ի շարժէն դիպելոյ յամի 1827»: Գրեթե նույնը կրկնել է Հայր Սուքիաս Էփրիկյանը. «Այժմ բոլորովին ամայացած է, եւ հազիւ հետքերը կը մնան. ինչպէս փոքրիկ խաչաձեւ եկեղեցւոյ մը մէկ պատը՝ կարմիր քարերէ շինուած, որ կըսուի թէ կործաներ է երկրաշարժէ 1827-ին»: Այդ երկրաշարժը նշել են նաեւ հետագա ուսումնասիողները, որոնց թվում հնագետ Հովսեփ Եղիազարյանը. «Իսկ 1827թ. երկրաշարժի հետեւանքով ամբողջովին ավերվում են նրա բոլոր կառուցվածքները՝ վերածվելով փլատակների կույտերի, այդ վիճակում մնալով մինչեւ մեր օրերը»:

Հայտնի գրող Զարզանդ Դարյանը, անդրադառնալով վանական համալիրի գավթին, գրել է. «Մյուս շինությունների համեմատությամբ գավիթն ավելի քիչ է ենթարկվել ժամանակի հարվածներին: Ամբողջովին քանդվել են հարավային պատը եւ գմբեթի վերնամասը, ինչպես նաեւ չորս միակտոր սյուներից մեկը: Կանգուն մնացած հյուսիսային պատը եւ արեւելյան խորանի կամարը ծածկված են արձանագրություններով, որ հողմնահարության, նաեւ 1827թ. երկրաշարժից առաջացած խարխլվածության հետեւանքով դժվարընթեռնելի են»:

Թեղենյաց վանքը վնասվել էր նաեւ 1840թ. երկրաշարժից եւ կիսավեր վիճակով հասել մեր օրերը:

Արմեն ԱՍԱՏՐՅԱՆ
գիտաշխատող

«Առավոտ» օրաթերթ
18.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728