Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը լուսանցքում է, մեկուսացել է տարածաշրջանային գործընթացներից

Փետրվար 19,2021 12:00

Մինչդեռ մեր տարածաշրջանում լուրջ խմորումներ են, ակտիվ բանակցություններ են ընթանում

Իրանը պատրաստվում է Եվրասիական տնտեսական միության մշտական անդամ դառնալ, օրերս հայտարարեց Իսլամական Հանրապետության Մեջլիսի՝ խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը։ «Իրանը բանակցություններ է սկսել միության մշտական անդամ դառնալու ուղղությամբ, եւ մեր մշտական անդամակցության նախապատրաստական աշխատանքները կավարտվեն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում»,- Մոսկվա կատարած եռօրյա այցից հետո Թեհրան ժամանելով՝ իրանական լրատվամիջոցներին ասել է պաշտոնյան։ Խորհրդարանի խոսնակը նաեւ հայտարարել է, որ չնայած Covid-19 համավարակին` Ռուսաստանի եւ Իրանի միջեւ արտահանումն ավելացել է 40 տոկոսով, եւ երկու երկրներն առաջիկայում նախատեսում են ավելի խորացնել առեւտրային հարաբերությունները։

2015-ից գործող տնտեսական միությունը, որի անդամը նաեւ Հայաստանն է, 5 երկիր է միավորում։ ԵԱՏՄ անդամ միակ երկիրը, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ, Հայաստանն է։ 2018թ. մայիսին Եվրասիական տնտեսական միությունը եւ Իրանը համաձայնագիր ստորագրեցին, որով ԵԱՏՄ անդամ երկրների եւ Իրանի միջեւ արտահանված ապրանքների մաքսատուրքերը ժամանակավորապես իջեցվում կամ վերացվում էին սահմանափակ քանակով ապրանքների համար։ 2019թ. հոկտեմբերից ուժի մեջ մտած գործարքը նախատեսված էր երեք տարի ժամանակով, որի ընթացքում միությունը եւ Իրանը պետք է համաձայնություն ձեռք բերեին առեւտրի ազատ գոտու ռեժիմի անցման վերաբերյալ։

Փաստաթղթով Իրանը սակագնային արտոնություններ էր ստացել բանջարեղենի, մրգերի, ինչպես նաեւ շինարարական նյութերի, սպասքի, գորգերի, գունավոր մետաղներից պատրաստված որոշ արտադրատեսակների համար։ ԵԱՏՄ անդամ երկրների արտահանողներն արտոնություններ էին ստացել Իրան մսամթերքի, հրուշակեղենի եւ շոկոլադի առանձին տեսակների, ինչպես նաեւ մետաղներ, կոսմետիկական միջոցներ, էլեկտրոնային եւ մեխանիկական սարքավորումների առանձին տեսակներ արտահանելու համար։

Արցախում վերջին պատերազմից հետո, նկատելի է, որ Իրանը բավական ակտիվ բանակցությունների մեջ է հարեւան պետությունների հետ: Թեհրանն, անշուշտ ունենալով, մտահոգություններ, մասնավորապես մեր տարածաշրջանում Թուրքիայի միջոցով սիրիացի վարձկանների հայտնվելը, այնուամենայնիվ, Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի հետ փորձում է փոխշահավետ պայմանավորվածությունների գալ:

Ինչ վերաբերում է Հայաստանին, թեեւ Թեհրանից բարձրաստիճան պաշտոնյաներ Երեւան ժամանեցին տարածաշրջանային այցի շրջանակներում, այնուամենայնիվ, Երեւանի կշիռն ու ազդեցությունն ակնհայտորեն նվազել է Արցախում պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակում եւ ակնհայտ է, որ ՀՀ իշխանություններին չի հաջողվում անգամ հարեւան երկրների ղեկավարների հետ վստահելի հարաբերություններ հաստատել:

Օրերս Բաքու է ժամանել Իրանի խորհրդարանական պատվիրակությունը՝ Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մուջթաբա Զոննուրի գլխավորությամբ։ Իրանցի խորհրդարանականների օրակարգում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի, նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաների եւ խորհրդարանի ղեկավարության, ինչպես նաեւ Նախիջեւանի ինքնավարության ղեկավարի հետ բանակցություններն էին: Մանրամասները հայտնի չեն:

Ադրբեջանում Իրանի դեսպանությունը հայտարարել է, որ հաշվի առնելով երկու երկրների պատմական եւ մշակութային ընդհանրությունները՝ Ադրբեջանը հատուկ տեղ է զբաղեցնում Իրանի արտաքին քաղաքականությունում, եւ իրանական պատվիրակության այցը կնպաստի հետագա համագործակցության զարգացմանը։

Հարեւան Իրանը բավական ակտիվ տարածաշրջանային քաղաքականություն է վարում: Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների (Ռուսաստան, Թուրքիա, Իրան) պատվիրակությունները օրեր առաջ Սոչիում եռակողմ խորհրդակցություններ անցկացրեցին: Ավելի վաղ կայացել էին ռուսական պատվիրակության երկկողմ հանդիպումները Թուրքիայի եւ Իրանի ներկայացուցիչների հետ: Փետրվարի 16-17-ը Սոչիում անցկացվեց Աստանայի ձեւաչափով Սիրիայի վերաբերյալ 15-րդ միջազգային հանդիպումը:

Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը Սիրիայում «Իսլամական պետություն» եւ «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների գրոհայիններին վերջնականապես ոչնչացնելու նպատակով: «Կրկին վերահաստատել ենք մեր վճռականությունը՝ պայքարելու ահաբեկչության բոլոր դրսեւորումների դեմ, որոնք ուղղված են Սիրիայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության խախտմանը եւ սպառնում են հարեւան երկրների ազգային անվտանգությանը:

Պայմանավորվել ենք շարունակել համագործակցությունը ԻՊ-ի եւ «Ջեբհաթ ան-Նուսրա» եւ «Ալ-Քաիդա» կազմակերպության հետ առնչություն ունեցող այլ խմբավորումների ահաբեկիչներին վերջնականապես ոչնչացնելու նպատակով՝ միաժամանակ ապահովելով քաղաքացիական անձանց եւ ենթակառուցվածքների անվտանգությունը», – ասվում է Սիրիայի հարցով Աստանայի ձեւաչափով կայացած 15-րդ միջազգային եռակողմ հանդիպման ավարտին ընդունված համատեղ հայտարարության մեջ: Կողմերն ընդգծել եւ դատապարտել են ահաբեկչական ակտիվության աճը Սիրիայի տարբեր հատվածներում, ինչը հանգեցնում է խաղաղ բնակիչների մահվան: Բացի այդ, ՌԴ-ն, Թուրքիան եւ Իրանն ընդգծել են սիրիական Իդլիբի հարցով ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների լիարժեք կատարման անհրաժեշտությունը:

Ի դեպ, Թեհրանն այս օրերին հույս է հայտնել նաեւ, որ կկարողանա զենք գնել Ռուսաստանից: Նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության հատուկ քաղաքական հարցերով ավագ օգնական Ալի-Ասղար Հաջին: «Մենք ռազմական համագործակցություն ունենք Ռուսաստանի հետ: Եվ երբ սահմանափակումները հանվեցին, Ռուսաստանը դարձավ այն երկրներից մեկը, որտեղ մենք կարող ենք զենք գնել, եւ մենք կարող ենք համագործակցել նրա հետ` մեր տարածքը եւ տարածաշրջանի անվտանգությունը պաշտպանելու համար»,- ասել է Հաջին: Դիվանագետը նշել է, որ, չնայած Իրանն իրավունք չուներ զենք գնել ՄԱԿ-ի զենքի էմբարգոյի պատճառով, իր հարեւանները միլիարդավոր դոլարների զենք են գնել` տարածաշրջանը զենքի պահեստի վերածելով: Հավելենք նաեւ, որ փետրվարի 16-ից մեկնարկել էին Իրանի եւ Ռուսաստանի ռազմական ծովային զորավարժությունները Հնդկական օվկիանոսի հյուսիսում: Իսկ փետրվարի 19-ին Բաքվում ծրագրված էր Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը:

Մեր տարածաշրջանում լուրջ խմորումներ են, ակտիվ բանակցություններ, մինչդեռ Հայաստանը լուսանցքում է, մեկուսացել է տարածաշրջանային գործընթացներից: Հայաստանյան քաղաքական դաշտի քննարկումները բացարձակապես ադեկվատ չեն այսօր մեր տարածաշրջանում ձեւավորված իրողություններին: Տպավորություն է, որ մեր քաղաքական դաշտն անհաղորդ է մեր պետությանն առնչվող գործընթացներին:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 18.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728