Լրահոս
Օրվա լրահոսը

Այս թանկացումներին հնարավոր չէ՞ դիմակայել

Փետրվար 19,2021 14:30

Թե ինչ հետեւանքներով է հղի հետպատերազմյան Հայաստանում ապրանքների գների այսպիսի շոշափելի թանկացումները, կարծում եմ՝ բոլորն են պարզ հասկանում, քանզի դա անմիջականորեն հարվածում է հենց բնակիչների գրպանին եւ էլ ավելի վատացնում նրանց առանց այն էլ ծանր սոցիալական ու ֆինանսական վիճակը:

Իհարկե, դժվար է ամբողջովին թվարկել այն ապրանքների ցանկը, որոնք տարբեր չափերով թանկացել են, քանզի դրա համար պետք է ամբողջ շուկան ենթարկել մոնիթորինգի եւ այս պահի դրությամբ առկա գները համեմատել թանկացումների առաջին օրվա եղած գների հետ, որպեսզի կարողանանք հստակ ներկայացնել թանկացումների ամբողջական պատկերը եւ դրանից բխող տխուր հետեւանքները, որպեսզի փոքրիշատե հավաստի կարծիք կազմենք ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Նշենք նաեւ, որ այս պահին ինչ ասվում է, նկարագրում է միմիայն տվյալ պահի իրավիճակը, քանզի գների աճի դինամիկան շարունակվում է եւ հայտնի չէ, թե մինչեւ ուր կհասնի: Դա պարտադիր կշարունակվի, քանզի որեւէ միջոցառում չի ձեռնարկվում դրա դեմն առնելու կամ գոնե որոշակիորեն մեղմելու համար:

Գուցե այստեղ աշխատում է շուկայի դասական մոդելը, արտառոց ոչինչ չկա եւ հնարավոր էլ չէ ոչինչ անել: Փաստացի, ստեղծված իրավիճակն այսպիսին է, ուստի կխոսենք միայն դրանց հետեւանքների մասին: Կույր աչքին անգամ տեսանելի է, որ Արցախյան պատերազմի բազմապիսի ծանր հետեւանքներին զուգահեռ, այսօր առկա այս համատարած թանկացումներին դիմակայելն առանց չափազանցության ուղղակի անհնար է: Փաստացի, մարդկանց եկամուտների աճ չի գրանցվել, իսկ մի քանի տասնյակի հասնող ապրանքների գների էական աճը էապես նվազեցնում է մարդկանց մի կերպ գոյատեւելու շանսերը, քանզի առանց այն էլ չափազանց թեր սնվող բնակչությունն էլ տեղ չունի կրճատելու չափազանց սահմանափակ սննդակարգի ռեժիմը:

Առանց այն էլ բացարձակ ցածր կալորիայով (կարտոֆիլ, մակարոնեղեն …) սնվող բնակչությունը գտնվում է ցածր իմունիտետի՝ բազմապիսի հիվանդությունների վտանգի ռիսկերի առջեւ, այնպես որ՝ ապրանքների նման շոշափելի գնաճից հետո, այդ հիվանությունների ռեալ գլուխ բարձրացնելու հավանականությունն էապես մեծանում է, հետեւաբար լուրջ հարց է առաջանում, թե ինչպես կարելի է բազմաքանակ ծայրահեղ աղքատ եւ աղքատ բնակչությանը ուղղակիորեն փրկել սովահարումից, քանզի դրա հետեւանքը ֆիզիկական մահն է:

Այժմ բարձրաձայնենք դրանցից ընդամենը երկուսի մասին. ձեթի գինը 600-800 դրամից դարձել է 1000-ից ավելի, շաքարավազը թանկացել է 40 տոկոսից ավելի: Դե այսքանից հետո ավելի քան պարզ է, թե ինչ իրավիճակ է տիրում պարենային ապրանքների շուկայում եւ այն ինչի կարող է տանել: Երկու բան միանգամից է աչքի զարնում: Հատկապես Արցախյան կապիտուլյացիայի, 5 000-ից ավելի զոհերի, հազարավոր անհետ կորածների, բազմաթիվ գերիների ճակատագրերի անհայտության պարագային ավելացրած գների համատարած այս աճը, գումարած բոլոր ոլորտներում երկրի աղետալի վիճակը եւ այս վիճակից դուրս գալու համարյա զրոյական հույսերը, երկրում արտագաղթը դարձյալ մեծ թափ կառնի եւ կկանգնենք չափազանց լուրջ խնդրի առջեւ:

Արդյո՞ք մարդիկ կկարողանան գոնե ֆիզիկապես գոյատեւել, թե՞ սովը համատարած կսրբի, կտանի նրանց, որը ոչ այլ ինչ է, քան սպիտակ եղեռն: Եվ այս պայմաններում ինչպես ենք պատկերացնում դեռեւս չավարտված պատերազմի շարունակությունը. սոված մարդը կարո՞ղ է կռվել ու դիմակայել Թուրքիա-Ադրբեջան տանդեմի այսքան գերժամանակակից եւ հզոր զրահատեխնիկայի բիրտ հարձակումներին … Իհարկե՝ ոչ: Լավ, այս ամենի մասին բարձրաձայնեցինք, որի մասին բազիցս արդեն խոսվել է, սակայն եթե այս ուղղությամբ կոնկրետ միջոցառումներ չեն ձեռնարկվում, պարզից էլ պարզ է, որ գնալով վիճակն էլ ավելի է վատթարանալու եւ անդունդում հայտնվելու իրողությունը լրիվ իրական է դառնալու:

Ինչպես արդեն նշեցինք, բացի այն, որ տասնյակ, անգամ հարյուր հազարավոր սովահարման դեպքեր ենք ունենալու, մյուս կողմից էլ չափազանց լուրջ վտանգներ են կախվում Հայաստանի ազգային անվտանգության առջեւ: Եթե մի քիչ ավելի պարզ ասենք, որ մինչ սեպտեմբերի 27-ը ունեինք հաղթանակած, ոգեւորված բնակչություն, ապա ինչպես արդեն վերեւում նշեցինք, այս գնաճից հետո մոտավոր որքան եւ ինչ տրամադրվածության բնակչություն կունենանք, այնպես որ, ստեղծված իրավիճակին այլ անուն, քան կատաստրոֆան է, ուղղակի հնարավոր չէ տալ … Հա, մի բանի մասին էլ բարձրաձայնեմ. շատերին կթվա, որ աշխարհը թույլ չի տա նման սովահարության ենթարկվի մի ամբողջ ժողովուրդ … Իհարկե, նման կարծիք կար նաեւ Թուրքիա-Ադրբեջան տանդեմի եւ Արցախի միջեւ ընթացող պատերազմի ժամանակ, որի ընթացքում եւս հազարավոր զոհեր տվեցինք, որը, ցավոք, աշխարհի փուչ հայտարարություններից այն կողմ չանցավ: Այնպես որ, այս թարմ, դառը դասը մեզ հուշում է, որ լավագույն դեպքում մի երկու երկրից մի փոքր սնունդ կուղարկեն եւ կասեն, որ էլ չեն կարող, քանզի շարունակության դեպքում կնեղացնեն իրենց հարազատ պարտնյոր երկրներին՝ Թուրքիային ու Ադրբեջանին եւ մենք դարձյալ կմնանք միայնակ՝ նույն աղետալի վիճակում …

Այնուամենայնիվ, այսօր, երբ երկիրը եւ ժողովուրդը հայտնվել են սարսափելի անօգնական եւ աղետալի վիճակում, մի՞թե հայրենական արտադրողը եւս անտարբեր պետք է մնա եւ թանկացնի իր կողմից արտադրվող ապրանքների գները: Իհարկե, հասկանալի է նաեւ, որ ներմուծվող որոշ ապրանքների գները պարտադրված են թանկացնում, քանզի այդ ապրանքների եւ հումքի մի մասի գների աճը պայմանավորված է դրսի գների աճով: Այս դեպքում մնում է միայն, որ մարդկանց մոտ աշխատի խիղճը եւ ներմուծվող գների վրա ավելացումները հասցնեն նվազագույնի:

Սրանից կա ընդամենը մի ելք. ինչպես ժողովրդական ասացվածքն է ասում՝ պետք է գլուխներս պատին տանք, պատը՝ գլխներիս եւ ազգովին, համախմբված կերպով մի հնար գտնենք գնաճի այս տեմպերը կասեցնելու համար …

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
18.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728