Լրահոս
Օրվա լրահոսը

Արտյոմ Թումանյանը՝ Նիկոլ Փաշինյանի ատամները չփոխելու ու հանրահավաքից հետո իր հյուրի մեքենայի անիվները ծակելու մասին

Փետրվար 18,2021 22:44

Գյումրու Վարդանանց հրապարակում՝ ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի կազմակերպված հանրահավաքի ժամանակ կազմակերպիչ, «Իմ Գյումրի» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Արտյոմ Թումանյանն իր ելույթում հայտարարել էր․ «Ուշադրություն դարձրե՞լ եք, որ մինչև հիմա Նիկոլ Փաշինյանի ատամները դեռ փոխված չեն»։

Սա լրատվամիջոցներով, ինչպես նաև համացանցում դարձել էր բուռն քննարկման, հումորի թեմա։ Օգտատերերից մեկը հումորով գրել է․ «Նիկոլը շուտով կփոխի ատամները։Սա համաժողովրդական պահանջ է։ Ինչքան ենք չնչին…..»։ Մեկ այլ օգտատեր էլ հավելել է․ «Ատամնաբույժին դրա համար էլ տարել է խորհրդական»։

Aravot.am-ը բանախոս Արտյոմ Թումանյանից հետաքրքրվեց, թե նման միտք հնչեցնելով ՝հումոր է արե՞լ, որին ի պատասխան նա ասաց․ «Ի՞նչ հումոր, այո՛, նման միտք հնչեցրել ենք։ Ի նկատի ենք ունեցել այն փաստը, որ բոլոր պաշտոնյաները, բոլոր նախագահ ու վարչապետերը, նույնիսկ նախարարները միլիարդներ են դիզել տարիների ընթացքում, նույնիսկ եթե տաս կյանքն էլ իրենց տան, իրենք չեն հասցնի վայելել, բայց եթե վարչապետ Փաշինյանն այս րոպեին ուղղակի էլ չլինի վարչապետ, ինչ ուներ, այն էլ ունի։ Նա ունի երեք սենյականոց բնակարան «Մասիվ»-ում, ոչ մի բան ձեռք չի բերել, իր հետ ոչինչ չի տանելու, չի թալանել, պետությունից ոչինչ չի խլել։

Այո՛, իր ատամներն էլ դեռ փոխված չեն։Չեմ հասկանում քննարկելու ի՞նչ կա այդտեղ, նախ և առաջ պիտի մեր խոսքի իմաստը հասկանան։ Մենք ի նկատի ենք ունեցել, որ նախ ինքը թալանող չէ, պետությունը կեղեքող չէ։

Երկրորդ՝ այնքան շատ է աշխատում, որ ժամանակ չունի, չի հասցնում ատամները փոխել։ Օրուգիշեր աշխատում է , զբաղվում է մեր գերիներով, անհետ կորածներով, զոհվածներով, բոլորն իր ուսերին է, գիշերը ցերեկ է սարքել, ցերեկը՝ գիշեր։ Ժամանակ չունի սեփական կարիքները հոգալու․ ատամ փոխելն առաջին անհրաժեշտություն է, բայց իր համար այսօր առաջին անհրաժեշտությունը մեր երկրի վիճակն է։

Ինքն այնքան նվիրված է , ազնիվ, ոչինչ չի դիզել այս կյանքում, ոչ մեկին չի թալանել, ոչ մեկին չի սպանել, ունի այն, ինչ ունեցել է մինչև վարչապետ դառնալը։ Եթե որևէ մեկը կույր է, չի տեսնում, թող տեսնի»։

Ի դեպ, Արտյոմ Թումանյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ հանրահավաքի հաջորդ օրը միտումնավոր դանակով ծակել են իր տանը հյուրընկալված անձի մեքենայի անիվները։ Առավոտյան ժամը 10-ի սահմաններում տեսել են, որ նման խուլիգանություն է կատարված։ Հյուրը, որ եկել էր մայրաքաղաքից՝ հարսանիքի մասնակցելու, դիմել է իրավապահներին։

«Սա լակոտություն է, սադրանք է։ Նման մի սադրանք էլ եղավ հանրահավաքի ժամանակ, երբ ձու շպրտեցին։ Չեմ հասկանում՝ ինչ են ուզում ասել, եթե նման բաները շարունակվեն, արդեն ես իմ ձևով կպատժեմ դրանց», -ասաց Արտյոմ Թումանյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարներն՝ Արտյոմ Թումանյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728