Լրահոս
Օրվա լրահոսը

Մոտ 200 միլիոն` ԱԺ-ի ներկայացուցչական ծախսերի համար․ կգնեն նաեւ գորգեր, համակարգիչներ, զանազան պահեստամասեր

Փետրվար 18,2021 21:44

ՀՀ Ազգային Ժողովի 2021 թվականի գնումների պլանում բավականին ուշագրավ ծախսեր են նախատեսված։

ԱԺ-ն որոշել է այս տարի որոշ շենքերի եւ շինությունները կապիտալ վերանորոգել, նոր գորգեր, համակարգիչներ, հեռուստացույցներ, աթոռներ եւ բազկաթոռներ ձեռք բերել։

Օրինակ՝ շենք-շինությունների կապիտալ վերանորոգման համար ԱԺ գնումների պլանում նախատեսվում է 47 միլիոն 153 հազար դրամի ծախս։ 59 միլիոն 425 հազար դրամ էլ նախատեսել է ծախսել ընթացիկ նորոգման համար։ 5 միլիոն 500 հազար դրամ էլ կծախսի 550 կիլոգրամ շինարարական նյութեր ձեռք բերելու համար։

ԱԺ-ի համար 750 քմ ուղեգորգերն, այսպես ասած՝ հարկատուների վրա կնստի 10 միլիոն 875 հազար դրամ, իսկ 60 հատ աթոռը՝ 900 հազար դրամ, 6 միլիոն 500 հազար դրամի ծախս էլ նախատեսվել է 100 հատ բազկաթոռների համար։ Մեկ այլ գնումով էլ ձեռք կբերվի եւս 25 հատ բազկաթոռ, որի ընդհանուր արժեքը 6 միլիոն 250 հազար դրամ է։

ԱԺ-ն միայն 100 միլիոն 800 հազար դրամ է նախատեսել ծախսել 240 հատ սեղանի համակարգիչներ ձեռք բերելու համար։

Նույն գնումների պլանում 7 հատ էլ հեռուստացույց պետք է գնվի, որի ընդհանուր արժեքը կազմում է 1 միլիոն 750 հազար դրամ, 5 հատ էլ կենցաղային սառնարաններ, որոնց ընդհանուր արժեքը 750 հազար դրամ է։

ԱԺ-ի այս տարվա ներկայացուցչական ծախսերը գնումների պլանով կազմում է 195 միլիոն դրամ։

ԱԺ-ն 14 միլիոն 300 հազար դրամ նախատեսել է ծախսել ավտոմեքենաների վերանորոգման ծառայության համար։ ԱԺ-ի գնման պլանում նախատեսված է 2 միլիոն դրամ էլ պետական գնում կատարել մեկ անձից գնման ընթացակարգով՝ նույն ծառայության համար՝ ավտոմեքենաների վերանորոգում, որի միավորի գինը նշված է 1 միլիոն 300 հազար դրամ։

ԱԺ ծառայողական մեքենաների վառելիքի ծախսն էլ ահագին է, այս տարի գնումների պլանում ԱԺ-ն նախատեսել է ռեգուլյար տեսակի բենզին գնել մի դեպքում 34 միլիոն 560 հազար դրամ ընդհանուր գումարով 120 հազար լիտրի համար։Այսինքն, 1 լիտրի արժեքը կազմում 288 դրամ։ Իսկ ահա մեկ այլ նախատեսված գնումով 33384 լիտր ռեգուլյար բենզինի ընդհանուր ծախսը 13 միլիոն 320 հազար 216 դրամ է, այսինքն՝ 1 լիտր ռեգուլյար տեսակի բենզինի գինը 399 դրամով են հաշվարկելու։ Սուպեր տեսակի 2980 լիտր բենզինի համար ԱԺ-ն նախատեսում է ծախսել 1 միլիոն 519 հազար 800 դրամ։ Այսինքն, 1 լիտրի արժեքը հաշվարկում են 510 դրամով։ Մեկ այլ գնումով էլ 16000 լիտր սուպեր տեսակի բենզինի համար կծախսեն 6 միլիոն 640 հազար դրամ, 1 լիտրի արժեքը կազմում է 415 դրամ։ Նշենք, որ շուկայում գոնե այս պահին սուպեր տեսակի բենզինը 510 դրամից ցածր է։

ԱԺ գնումների պլանում նախատեսված է 700 հատ բացիկ գնել, որի համար կծախսեն 1 միլիոն 400 հազար դրամ։ Բջջային հեռախոսների ծառայությունների գնման համար նախատեսված է 6,5 միլիոն դրամ։

ԱԺ-ում գրասենյակների մաքրման ծառայությունների համար գնումների պլանում նախատեսված է 76 միլիոն 997 հազար դրամ։
Ազգային ժողովը նախատեսել է երկու տեսակի՝ թանկ եւ էժան զուգարանի թուղթ գնել։ Օրինակ՝ 2600 հատ զուգարանի թղթի համալիր գնումների պլանում նախատեսվել է 1 միլիոն 499 հազար 992 դրամ, այսինքն՝ մեկ զուգարանի թղթի արժեքը հաշվարկել են 576 դրամ։ Սակայն, կարելի է ենթադրել, չնայած որ գնումների կայքում նշված է հատ, բայց այս դեպքում զուգարանի թղթի տուփի արժեքն է 576 դրամ։ Մեկ այլ նախատեսված գնումով էլ ԱԺ-ն հատը 96 դրամով 1900 հատ զուգարանի թուղթ է գնելու, ընդհանուր 182 հազար 400 դրամով։ Փաստորեն բնական կարիքները հոգալու դեպքում էլ է իշխանությունը «սեւերի եւ սպիտակների բաժանել», թե չէ, զուգարանի թուղթ է էլի, բոլորի համար էլ նույնը գնեք։

Այս տարի ԱԺ-ն 4 հատ նոր զուգարանակոնք կունենա, որոնց ընդհանուր արժեքը 200 հազար դրամ է։

«Զանազան պահեստամասեր» տողով ԱԺ-ն կծախսի 10 միլիոն 340 հազար դրամ։ Բանավոր թարգմանության ծառայությունների համար ԱԺ-ն նախատեսել է ծախսել 6 միլիոն 641 հազար դրամ, իսկ գրավոր թարգմանության համար՝ 1 միլիոն դրամ։

13 միլիոն դրամ էլ նախատեսված է աուդիտորական ծառայությունների համար։ Մի ուշագրավ գնում էլ կա՝ արհեստական կաշի, 330 հազար դրամ, 66 քմ։ Սրանք, իհարկե, ԱԺ-ի գնումների պլանի մի փոքր մասն են, բայց ներկայացրել ենք հիմնականում խոշոր եւ ուշագրավ ծախսերը։

Նշենք, որ պետական այս գնումների մեծ մասը նախատեսված է գնանշման հարցում ընթացակարգով։ Ինչը նշանակում է, մրցույթի անցկացման ժամկետներն ավելի քիչ են, քան բաց մրցույթի դեպքում է լինում։ Գնանշման հարցման ընթացակարգի կիրառման դեպքում հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետն առնվազն չորս աշխատանքային օր է, այս ընթացակարգով գնումները նախատեսված են մինչեւ 70 միլիոն դրամի դեպքում։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728