Լրահոս
Օրվա լրահոսը

«Նաև Ադրբեջանին չեմ համարում հաղթած. հաղթողն ատելությամբ չի առաջնորդվում». Ռուբեն Բաբայան

Փետրվար 18,2021 21:21

«Շատ ադրբեջանցիներ չեն համարում, որ սա հաղթանակ է և մտածում են սրա մասին գլոբալ առումով ու փորձում դուրս գալ ազգայնական ճնշման տակից»,- Futures Studio-ի և լրագրող, հեղինակ Մարկ Գրիգորյանի համատեղ նախաձեռնած «Խոսենք ապագայից» շարքի շրջանակում անցկացված առցանց քննարկման ընթացքում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, Երևանի Հ.Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ ունի Ադրբեջանն այսօր և իրականում ինչ էր ուզում անկախությունից հետո՝ նա փաստեց. «Իրենք ուզում էին, որ իրենց երկրի տարածքում որևէ օտար երկրի զորք չլինի, իրենք հայտարարում էին, որ որևէ ռազմական ալյանսի մեջ իրենք չեն մտնելու: Հաջողվե՞ց դա: Ոչ: Իրականում Թուրքիայի, Պակիստանի հետ որոշակի համագործակցություն կա, որն ալյանսի տպավորություն է թողնում: Եվ, ամենակարևորը, այն, ինչից իրենց թվում է, թե հրաժարվեցին՝ օտար երկրի ռազմաբազայից, հիմա իրենց երկրում է: Եկեք անկեղծ խոսենք, դա ռազմաբազա է, որը գտնվում է Ադրբեջանի տարածքում: Հեշտ է թողնել, որ այդ բազան լինի, դժվար է հետո դրանից ազատվելը»:

Մարկ Գրիգորյանի հիշեցմանը՝ ժամանակին ադրբեջանցիները  պարտված զգալու ժամանակ սերմանում էին հայատյացություն ու ազգայնամոլություն, հիմա կարծես դերերը փոխվել են՝ մենք ենք պարտվողի դերում՝ ի՞նչ ենք մենք անելու, Ռուբեն Բաբայանը պատասխանեց. «Նույն ձևով վարվելը սխալ է, քանի որ իրականում, ցավոք, պետք է խոստովանել՝ և′ մենք, և′ ադրբեջանցիներն այս տարիների ընթացքում գտնվում էինք նույն քաղաքակրթական դաշտում, և արժեքային համակարգը նույնն է: Արժեհամակարգ ասելով նկատի ունեմ այն, որ ո′չ մեզ, ո′չ իրենց մոտ մարդը կենտրոնում չէր, մարդու կյանքն ամենամեծ արժեքը չէր: Այս պարագայում հաղթում է նա, ով ավելի դաժան է, ով ավելի անբարոյական է»:

Ռուբեն Բաբայանի հավաստմամբ՝ մենք երբեք չենք ունենա այն բացասական ներուժը, որն ունի Ադրբեջանը կողմնակիցների, քարոզչության, ռեսուրսների տեսանկյունից: Մերն ուրիշ ճանապարհ է: Ռուբեն Բաբայանը հիշեցրեց՝ մեզնից շատ ավելի հզոր երկրներ ընտրել էին ուրիշ ճանապարհ պարտությունից հետո և բերեց Երկրորդ համաշխարհային պատերազմի օրինակը. «Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիան, Ճապոնիան, Իտալիան պարտված երկրներ էին, որոնք հրաժարվեցին շարունակել այն գաղափարախոսությունը, որ կրում էին պատերազմից առաջ: Հասկացան, որ հաղթանակը կամ ռևանշը գտնվում է ուրիշ դաշտում, և արդյունքում հաղթող դուրս եկան: Գերմանիան Եվրոպայի, Ճապոնիան աշխարհի ամենազարգացած երկրներն են: Իսկ այն երկիրը, որը տոնեց հաղթանակ, այսօր չկա, իսկ իր ժառանգորդ երկրին դժվար է անվանել ամենազարգացած երկիր»:

Ըստ Ռուբեն Բաբայանի՝ հաճախ ենք ասում, որ անցյալը դասագիրք է, պետք է դասեր քաղել, բայց գործնականում դա չենք անում. «Սխալները կատարել ենք հենց այն պատճառով որ մարդը չի եղել արժեք կենտրոնում: Եթե ի սկզբանե այդ սկզբունքով առաջնորդվեինք, չէինք ունենա ո′չ այդքան մարդկային, ո′չ տարածքային կորուստ: Չեմ համարում նաև Ադրբեջանին հաղթած: Այն պահվածքը, որն այսօր ունի ադրբեջանական հասարակության մեծ մասն ու իշխող ուժը, չի ենթադրում, որ հաղթող են: Հաղթողն այդպես չի պահում իրեն, հաղթողը չի շարունակում առաջնորդվել ատելությամբ: Դա ընդհանրապես բնորոշ է պարտվողին»:

Ռուբեն Բաբայանը ցավով նշեց, որ երեք հազար տարի նույն սխալներն ենք կրկնում ու նշեց. «Չի կարելի երեք հազար տարի կրկնել նույն սխալները, հետո դրանք անվանել հայի բախտ: Բա էս անտեր մնացած անցյալը, որ ասում եք դասագիրքն է, դրանից պետք է սովորել: Վերջիվերջո, լինում են սովորող ու չսովորող աշակերտներ, աշակերտներ, որոնց թվում է, որ եթե այսօր իրենց չհարցրին դաս, իրենք կարող են այդ դասը չսովորել: Մինչդեռ դա կանդրադառնա իրենց գիտելիքների վրա»:

Ռուբեն Բաբայանի համոզմամբ՝ կարելի է սովորել նաև թշնամուց: Նա փաստեց. «Նույն թշնամին մեր պարագայում արտաքին հարաբերություններում կարգավորեց իրավական դաշտը՝ ՄԱԿ-ի որոշումները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, Իսլամական կոնֆերանսի որոշումները, ինչ երկրի հետ պայմանագիր էր կնքում, կար տարածքային ամբողջականությունը: Հետո արդեն եղավ զարգացումը: Իսկ մեր բանակը մտածողության տեսակետից թողեցինք ֆիդայական մակարդակի. դրա համար առաջին օրերին ջոկատներ կազմելու կոչեր էին լինում: Տնտեսությունը վերցրին շրջափակման մեջ, և ոչ ոք չպատժեց նրան դրա համար: Դաժանությունն իրենց պատիվ չբերեց: Սակայն, եթե մենք այդ բոլոր օղակներն անցնեինք, այդ դաժանությունը միայն իրենց դեմ կաշխատեր»:

Հարցին՝ ի՞նչ եք սպասում ապագա սերունդներից, Ռուբեն Բաբայանը պատասխանեց. «Զարգացում, գիտակցության զարգացում»: Նա հավաստիացրեց՝ երիտասարդներից շատ բան է սպասում ու ստանում, հակառակը երբեմն իր սերնդակիցներից սպասելիքներն արդարացված չեն. «Միշտ ասում եմ՝ եթե չեք կարող օգնել, գոնե մի խանգարեք: Եկել է նոր սերունդ, այլ է նրանց կյանքի տեմպը, հաղորդակցային համակարգը: Նրանք շատ ավելի լավն են, քան ես այդ տարիքում: Մենք իրենցից սպասում ենք, որ իրենք լինեն այս երկրի տերը, իսկ դրա համար իրենք պիտի լինեն ազատ ու պատասխանատու, մնացածն իրենք գիտեն՝ ինչ անել»:

Զրույցի ավարտին Ռուբեն Բաբայանը հավաստիացրեց՝ չարությունն անպտուղ ու անարդյունավետ է, բնության օրենքն է՝ ինչ ծնվում է, ծնվում է սիրո արդյունքում. «Եվ կարծել, որ մենք կարող ենք ինչ-որ բանի հասնել նույնիսկ մեր արդարացի դժգոհությունը հայտնելով, բայց չարությամբ, միևնույն է չենք հասնի: Չարության շուրջ մարդիկ դժվար են համախմբվում, հետո բողոքում են: Իսկ դուք չարությունը հանեք ու կտեսնեք՝ ինչքան մարդ կհավաքվի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728