Իր աջակիցների հետ ամեն օր հանդիպող ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանից բացի «Ազատության» հրապարակում են լինում նաեւ նրա թիմակիցներն ու գործընկերները, որոնք նույնպես պատասխանում են քաղաքացիներին հուզող հարցերին:
Aravot.am-ը «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանից հետաքրքրվեց, թե մարդիկ ամենից շատ ի՞նչ են ցանկանում: «Մարդիկ, ովքեր դիմում են ինձ, ուզում են րոպե առաջ Նիկոլին հեռացնել: Սա է նրանց հիմնական ցանկությունը: Երկրորդ պահանջը ժամանակավոր կառավարության կողմից տարբեր կարեւոր հարցերի ուղղությամբ լուծման ուղիները եւ կոնկրետ գործողություններն են: Կարելի է ասել, որ Նիկոլին հեռացնելուց զատ այլ հարց չի քննարկվում: Ընդ որում, միջոցների ընտրության մասով տարբերություն կա կոշտության պահանջով: Այսինքն, կան ագրեսիվ պահանջներ՝ հեռացնել ուժի կիրառմամբ եւ այլն: Սակայն ընդդիմության լիդերները նախընտրում են քաղաքակիրթ, սահմանադրական ճանապարհով հեռացումը»,- ասաց Արսեն Բաբայանը եւ նշեց, որ այլ պահանջներ ներկայացնող, առավել եւս Նիկոլ Փաշինյանին աջակցող մարդիկ «Ազատության» հրապարակում իրեն չեն հանդիպել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ