Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արցախից ժամանակավոր ապաստանած նախադպրոցական երեխաների մեծ մասն ունի ընկճված հոգեբանություն, որը կապված է նաև իրենց փակ ապրելակերպի հետ

Փետրվար 18,2021 18:12

«ՅՈՒՆԻՍԵՖ»- ի ֆինանսավորմամբ՝ «Քայլ առ Քայլ» բարեգործական հիմնադրամը Դիլիջանում իրականացնում է Վաղ մանկության ծառայությունների ապահովում Արցախյան ճգնաժամի ընթացքում:

Ծրագիրը նպատակ ունի Արցախյան պատերազմի հետևանքով հոգեբանական և զբաղվածության աջակցություն ցուցաբերել նախադպրոցական հասակի երեխաներին:

Ինգա Վաթինյանը, որն արդեն մեկ ամիս է՝ աշխատում է Դիլիջանում ժամանակավոր ապաստանած արցախցի 3-6 տարեկան երեխաների հետ, նշում է, որ ծրագիրն հիմնականում իր մեջ ներառում է զարգացնող խաղեր և աշխատանքներ, որոնց միջոցով երեխաները կարողանում են կտրվել իրենց միապաղաղ առօրյայից և միջավայրից:

«Աշխատում են շաբաթը երեք օր, երկու ժամով: Հիմնականում անցկացնում ենք այս տարիքում անհրաժեշտ զարգացնող խաղեր՝ մաթեմատիկայից սկսած՝ մինչև մակուլատուրայի հետ աշխատանք: Սակայն զարգացնող խաղերից բացի, մասնագիտությամբ լինելով հոգեբան, երեխաների հետ նաև հոգեբանական աշխատանքներ եմ տանում»,- նշել է Վաթինյանը:

Ինգայի խոսքով, երեխաների մեծ մասն ունի ընկճված հոգեբանություն, որը հիմնականում կապված է նաև իրենց փակ ապրելակերպի հետ.

«ՄԵնք աշխատում ենք նաև երեխաների ծնողների հետ և տեսնում ենք, որ ծնողների դժվար հոգեբանական վիճակն անդրադառնում է նաև երեխաների վրա: Խնդիր է նաև երեխաների փակ միջավայրը, քանի որ հյուրանոցներում բնակվող երեխաների հիմնական առօրյան անընդհատ նույն միջավայրում է ՝ նրանք նույն վայրում քնում են, ուտում են, խաղում են և ամբողջ օրը նույն վայրում անցկացնելը բնականաբար ազդում է երեխաների վրա: Այդ պայմանների պատճառով ևս երեխաներն ավելի փակ և դանդաղկոտ են դարձել: Այս աշխատանքի ընթացքում մենք փորձում ենք նաև երեխաների ժամանցն ապահովել այդ միջավայրից դուրս, որը հնարավորինս օգնում է երեխաներին ակտիվանալ»:

Մասնագետի խոսքով, նախադպրոցական տարիքի երեխաների մոտ հիմնականում կան ծնողներից փոխանցված վախեր՝ տան կորստի, իր միջավայրի, անգամ խաղալիքների կորստի անհանգստություն.

«Հիմնականում երեխաները այն վայրերից են, որոնք հանձնվել են թշնամուն և էլ չեն կարողանալու վերադառնալ: Երեխաներից ոմանց մոտ ակնհայտ է, որ վախերը փոխանցվել են մեծերից, սակայն կան նաև երեխաներ, որոնք շատ դրական և հանգիստ են: Այստեղ շատ կարևոր է, թե ծնողները երեխաների մոտ ինչ են խոսում: Ես ծնողների հետ աշխատելիս փորձում եմ հենց դրա վրա կենտրոնանալ և այս մեկ ամսվա աշխատանքը չնայած տվել է դրական արդյունքներ, սակայն շատերը դեռ ունեն երկար աջակցության կարիք»:

Վաթինյանի փոխանցմամբ՝ այս պահին երեխաներն ամենաշատն ունեն զբաղվածության և իրենց տարածքից դուրս գալու կարիք, որը պետք է ապահովեն ոչ միայն կազմակերպությունները, այլ նաև իրենց ծնողները՝ երեխաների տանելով թեկուզ մոտակա քաղաքներում առկա զվարճանքի վայրերը:

Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728