Լրահոս
Օրվա լրահոսը

«Նույն կինն ինձ էլ է ասում թագավոր»․ Վահան Թումասյանը՝ վարչապետի պատվին շոուներ կազմակերպելու ու Գյումրին նորովի կառուցելու մասին

Փետրվար 18,2021 17:59

Aravot.am-ի հետ զրույցում «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրին նորովի կառուցելու մասին հայտարարությունը համարում է անհասկանալի:

Ըստ նրա, աղետից դեռ մեջքը չշտկած, աղքատության մեջ թաղված քաղաքը նորովի կառուցելու մասին «լոզունգային ստերը» կործանարար են, նման հայտարարություններով անհնար է երկար ճանապարհ անցնել, պետություն ղեկավարել։ Վահան Թումասյանի բնութագրմամբ, 3 տարվա ընթացքում լուրջ աշխատանքներ չեն տարվել, միայն ապագա նպատակներից են խոսել, որը լսելն այլևս անհնար է, լավ կլիներ արված գործերը ցույց տային՝ կոնկրետ օրինակներով ։

«Ճիշտ կլինի իշխանությունը փոխի իր լեքսիկոնը՝ անելու ենք, այսպիսի նպատակ ունենք, ավտոբուսներ ենք Գյումրի բերելու, այգի ենք հիմնելու․․․ Հիմնել ենք այգի, ավտոբուսներ ենք բերել, աշխատատեղ ենք բացել․․․ Խոսում ենք ապագայի մասին ու լոզունգային ոճով, պատճառ այն է, որ որևէ գործողություն չի արվել», -ասում է մեր զրուցակիցը։

Վահան Թումասյանի ասելով, անընդունելի է նաև վարչապետի այցի ժամանակ շոուներ կազմակերպելը։

«Էդ խեղճ ու կրակ կնոջը բերել էին՝ որպես գովերգող։ Էդ կինը բոլոր իշխանություններին էլ ջերմ բառեր էր ասում, վերցրեք նախորդ այցելությունների ժամանակ, բոլոր քաղաքական լիդերներին, օլիգարխներին նույն բառերն է ասում։ Ինձ էլ ամեն շաբաթ գալիս, ասում է՝ թագավոր, հիմա ես թագավոր դարձա՞»,- հարցնում է Վահան Թումասյանը։

Նրա համար զարմանալի էր երեկ վարչապետի այցի օրակարգում տնտեսական- քաղաքական թեմաներ քննարկելը։

«Անհասկանալի էր՝ տնտեսական-քաղաքական թեմաներից խոսելը, որովհետև կար պաշտոնական հայտարարություն, որ վարչապետի պաշտոնական այցը Գյումրի մի նպատակ ունի։ Այն փակ է լինելու․ հանդիպելու է Շիրակի մարզի տասնյակ գերիների ծնողների հետ։ Այլ օրակարգի մասին նախօրոք չէր հայտարարվել։

Ես գյուղում էի, պատահաբար բացեցի համացանցը ու աչքիս ընկավ վարչապետի հայտարարությունը։ Ես ուզում եմ հասկանալ նորովի բառի իմաստը, ի՞նչ ի նկատի ունի։ Դա բազմիմաստ բառ է ու գրեթե որևէ հիմք չունեցող բառ է։ Նորովի կառուցում են Գյումրի՞ն, երբ Գյումրիի մասին խոսում ենք՝ որպես ավանդապաշտ, հնամենի, մշակութային, ամենահայկական քաղաքի։ Դրանից երկու տարի առաջ խոսում էին Ալեքսանդրապոլի արմատները վերականգնելու ու պահպանելու մասին, խոսում էին համաշխարհային զբոսաշրջային կենտրոն հիմնելու մասին։ Այս մասին մենք զրուցել ենք ու ես քննադատել եմ, որ պետության երկրորդ քաղաքը չի կարելի միայն մի ուղղությամբ փորձել զարգացնել կամ նման լոզունգներ, հայտարարություններ անել։ Կյանքը ցույց տվեց, որ կործանարար է, քաղաքը մեծ վնասներ է ստացել հենց այդ լոզունգների պատճառով»,-ասում է Վահան Թումասյանը։

Ըստ նրա, նման հայտարարություններ անողները չգիտեն` ինչ պրոբլեմներ կան Գյումրիում։ Իշխանության եկած «Իմ քայլ»-ի երիտասարդները թեև բավարարված ընտանիքներից են, են, սակայն բացարձակապես չգիտեն Հայաստանի խնդիրների մասին, չգիտեն՝ ինչ է աղքատությունը, թշվառությունը։

«Գյումրիի ամենամեծ խնդիրները գործազրկությունն ու անօթևանություն են, որոնք բերում են աղքատության։ Չկան աշխատեղեր, մարդիկ բնակարաններ չունեն, ապրում են թշվառ, զրկանքներով, ամենածայրահեղ վիճակում։ Տասնյակ հազարավոր մարդիկ են ապրում մի քաղաքում։ Այդ քաղաքում չի կարող առաջընթաց գրանցվել։

Մի կողմ թողնենք հայտնի գրանտային կամ վարկային ծրագիրը, որով շարունակվում է փողոցաշինությունը։ Երկու, թե երեք փողոց Գյումրիում կառուցվել է կամ շարունակվել է կառուցվել, չի ընդհատվել։ Կարող էր Հյուսիս-Հարավ ճանապարհի պես ընդհատվեր, բայց չի ընդհատվել, դրա համար շնորհակալություն եմ հայտնում ցանկացածին, ով շարունակել է այդ գործը։ Բայց մնացած խնդիրների լուծման համար որևէ կոնկրետ բան կարո՞ղ են ցույց տալ։ Դուք լրագրող եք, ես էլ քաղաքի վերջին մարդը չեմ, մենք Գյումրիից ենք, մարդկանց կյանքում ի՞նչ է փոխվել։ Խոսքը դրական փոփոխությունների մասին է, հազար ու մի պատճառ կարելի է բերել, որ դեպի վատն է փոխվել, աղքատությունն ահավոր խորացել է։ Իրենք կարող են խոսել, որ համաճարակ էր, պատերազմ էր, չկարողացան Գյումրիում որևէ բան անել․․․

Հիմա դրա փոխարեն նորովի, քաղաքը գեղեցկացնել և այլն լոզունգների փոխարեն վերցնենք Բուլվարային թաղամասը, տասնյակ բարձրահարկ շենքեր, որոնք երկրաշարժին չկործանվեցին և մարդիկ են ապրում, կա՞ որևէ շենքում մի վերելակ։ 21-րդ դարում խոսում են քաղաքը զբոսաշրջային, համաշխարհային կենտրոն դարձնելու, նորովի կառուցելու մասին, իսկ այդ շենքերի թշվառ մարդիկ, Բուլվարային թաղամասում գիտեք ովքեր են ապրում՝ հիմնականում աղքատ, ծեր մարդիկ, և նրանք ոտքով բարձրանում են մինչև 9-րդ հարկ։ Եվ որևէ մեկի մտքով չի անցնում, նույնիսկ լոզունգային խոստում չկա, որ մի հատ վերելակ կտեղադրենք»։

Վահան Թումասյանը խորհուրդ է տալիս զուսպ լինել, Գյումրին նորովի կառուցելու մասին ամպագոռգոռ հայտարարություններից զերծ մնալ, քանի որ եկել են թերսնված, ցրտահարված, գործազրկությունից գլուխը կորցրած քաղաք։ Ըստ մեր զրուցակցի, մարդիկ վարկեր են վերցրել, չգիտեն ինչպես փախնել-գնալ խոպան, իսկ այստեղ նորովի կառուցելու մասին խոստումներ են հնչում։

Ըստ նրա, աղքատությունը Գյումրիում գնալով խորացել է, նույնիսկ քաղաքային աղբ չի մնում։ Վահան Թումասյանի ասելով, 3-4 տարի առաջ Գյումրու աղբամանները օրական 2 անգամ մաքրում էին։ Հիմա ըստ նրա, աղբամանները կիսադատարկ են, աղքատ քաղում աղբ էլ չկա, եղածն էլ մարդիկ տանում, վառում են։

Մեր զրուցակիցը նշում է, հիմա ելք գտնելու ժամանակն է, ոչ ինքնախաբեությամբ զբաղվելու։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728