Տավուշեցի ավագ լեյտենանտ Սամվել Ռևազյանի անունով է կոչվել Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոցի ռազմագիտության դասասենյակը:
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ իր կյանքը զոհաբերած լեյտենանտն արդեն 3 տարի է՝ աշխատում էր Դիլիջանի թիվ 2-րդ դպրոցում որպես նախնական զինվորական պատրաստության (ՆԶՊ-ի) ուսուցիչ:
Դպրոցի տնօրեն Մարինե Մեջինյանի փոխանցմամբ՝ Ռևազյանը չնայած կարճ ժամանակ էր, ինչ դասավանդում էր դպրոցում, սակայն իր ամբողջ կյանքը նվիրել էր հայրենիքի ծառայությանը, և 17 տարի Պաշտպանության բանակում ծառայելուց հետո էլ միշտ պատրաստ էր անհրաժեշտության դեպքում նետվել ռազմի դաշտ.
Կարդացեք նաև
«Լեյտենանտը շատ լավ ուսուցիչ և ընկեր էր երեխաների համար, և իր ամբողջ կյանքը նվիրել է հանուն հայրենիքի և այս պատերազմին էլ գիտակցված գնաց առաջնագիծ»:
Մեջինյանի խոսքով ՝երեք տարվա աշխատանքի ընթացքում Ռևազյանը հասցրել էր բոլոր աշակերտների սերն ու հարգանքը վայելել:
Տնօրենի խոսքով՝ լեյտենանտն իր ամբողջ գիտակցական կյանքում եղել է զինվորական: Ռազմագիտության ուսուցիչը, որը «Ողջ մնալու Արվեստի»՝ ՈՄԱ -ի անդամ էր, իր վերջին մարտը մղել է նոյեմբերի 9-ին՝ Թաղավարդի համար մղվող մարտերի ընթացքում.
«Պատերազմի առաջին օրվանից ինքը գնաց առաջնագիծ և չխնայեց անգամ իր կյանքը, քանի որ ինքը գիտեր՝ ուր և ինչի համար է գնում: Մենք ցանկանում ենք, որ այդ օրինակը մեր երեխաների համար միշտ աչքի առաջ լինի և հենց դրա համար հերոսի անունով կոչեցինք ՆԶՊ-ի դասասենյակը, որտեղ ամեն անգամ դասին նստելիս կհիշենք իր սխրագործությունն, ու իր կիսատ թողած գործերը կփորձենք շարունակել»:
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Լուսանկարները՝ Տավուշի մարզպետարանի