Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ ի՞նչ է արել, որ մի հատ էլ թավիշը թարգի»․ Շարմազանովը՝ քաղաքացիների ու վարչապետի հանդիպումների մասին

Փետրվար 18,2021 16:29

Կառավարության հրապարակած՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին մարզային այցի ժամանակ քաղաքացիների հետ չնախատեսված հանդիպումների տեսանյութում բնակիչները Փաշինյանին կոչ են անում վերացնել թավիշը եւ «ռոբասերժական կլանն ու Դաշնակցությանը», ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ժողովուրդն է ՀՀ-ում որոշում կայացնողը։

«Նախ, Հայաստանում իշխանություն չկա, որ մի հատ էլ վարչապետ լինի։ Կա մարդ, որը ձախողել է ամեն ինչ, հանձնել Արցախը, դարձել 5000 զոհի պատճառ, Շուշին ու Հադրութը հասցրել ադրբեջանական տիրապետության տակ, Սյունիքի կարեւոր տարածքները հանձնել թշնամուն: Նա քաղաքական իմպոտենտ է եւ որեւէ հարց չի կարող լուծել, չի կարող պաշտպանել քաղաքացիների անվտանգությունը, կատարել սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները։ Ինչ վերաբերում է քաղաքացիներին, ապա՝ իրենց խնդիրն է։ ՀՀ-ում բազմակարծություն է։ Մեկը Նիկոլին կգովա, մեկը՝ մյուսին։ Ինձ համար դժվար ընդունելի է փաստը, որ կարելի է ծափահարել մեկին, որը դարձել է Ալիեւի եւ Էրդողանի կամակատարը, որը չի կատարել խոստումները, որը հանգեցրել է սոցիալական եւ անվտանգային աղետների»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով նշյալ հանդիպումներին՝ ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Էդուարդ Շարմազանով

Նա հարցադրում արեց․ «Ի՞նչ է նշանակում «թավիշը թարգեք»։ Այդ ի՞նչ է արել, որ մի հատ էլ թավիշը թարգի։ Հայաստանը մի օրակարգ պետք է ունենա՝ ազգային աղետի հեռացում։ Նիկոլն ազգային աղետ է։ Ես չեմ ասում, թե նրան պաշտպանող չկա։ Գուցե կան, չեմ բացառում, բայց ես չեմ կիսում այդ կարծիքը։ Չի հետաքրքրում՝ կդիմավորե՞ն, կգովաբանե՞ն, թե ինչ կանեն։ Կարեւորը փաստերն են։ Այդ մարդը քանդել է պետականությունը։ Ամեն ինչ թանկացել է, աշխատատեղեր չեն բացվում։ Այդ նույն մարզերի բնակիչներին հարցրեք՝ իրենք ավելի լա՞վ են ապրում 2018թ․-ից հետո։ Այդ մարդը որեւէ խնդիր չի լուծում։ Քանի այդ մարդը կա, ՀՀ-ում դրական տեղաշարժ չի լինելու»։

Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը չի կատարել խոստումները, հանգեցրել է ՀՀ-ի կապիտուլյացիային․ «Իր շնորհիվ ՀՀ-ն այլեւս Արցախի անվտանգության երաշխավորը չէ, իսկ նա դարձել է Ադրբեջանի ու Թուրքիայի կամակատարը, ուստի ինչի՞ն են ծափահարում այդ մարդիկ։ Այսինքն, գո՞հ են։ Այդ մարդուն ծափահարել՝ նշանակում է ծափահարել Արցախի 75%-ը հանձնելուն, Շուռնուխի եւ Որոտանի հանձնելուն»։

Հարցին ի պատասխան, թե ինչու են բնակիչները միաձայն շեշտում, որ վարչապետը թույլ չտա նախկինների վերադարձը եւ այդ համատեքստում տալիս են Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի անունները, Շարմազանովը նշեց․ «Այդ նախկինները հաղթանակի խորհրդանիշ էին, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ պարտության եւ կապիտուլյացիայի։ Նախկինի ժամանակ Շուշին հայկական էր, այսօր՝ թուրքական։ Նախկինի ժամանակ նախագահներն Ալիեւի եւ նրա հոր հետ խոսում էին արժանապատվորեն՝ հաղթողի դիրքերից, իսկ այսօր Ալիեւն աշխարհի հայհոյանքներն ասում է իր եւ Հայաստանի հասցեին, իսկ Նիկոլ Փաշինյանը ծպտուն չի հանում։ Եթե մարդիկ իրենց լավ են զգում, որ իրենց վարչապետը քաղաքական մանրադրամ է, որը վիզը ծուռ գնում է հանդիպումների, Ալիեւի հետ ընթրում, էլ ի՞նչ ասեմ։ Տգետ է մտածելակերպը, որ ՀՀ-ում պետք է բոլորը նույն կարծիքն ունենան, բայց կա ազգային եւ կա ապազգային։ Խոսքը սրա մասին է։ Նիկոլը հողատու է, որը մսխել է հայոց պետականությունը։ Հարյուր հոգի ասում են՝ նախկինները չգան, հարյուր հազար հոգի էլ ասում է, որ Նիկոլը դավաճան է։ Թող ինքը դրա մասին մտածի»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728