Այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, խոսելով կորոնավիրուսի ցուցանիշներից, ասաց՝ ուրախ կլինեն, եթե վերահսկողությունը լինի բավական խիստ եւ դիմակ չկրող մարդիկ կրեն օրենքով նախատեսված պատասխանատվությունը:
«Երբ վերահսկողության հետ կապված օրինագիծն էր քննարկվում, շրջանառվում էր, որ մարդիկ ինքնակամորեն, ինքնագիտակցաբար պետք է, որ դիմակները կրեն, անկախ նրանից, կա՞ վերահսկողություն, թե՞ չկա: Հիմա շատ լավ առիթ է դա ապացուցելու քաղաքացիների կողմից: Չեն կիրառվում տուգանքները այն խստությամբ, որը գուցե անհրաժեշտ է, բայց մարդիկ գիտակցելով, տեսնելով իրենց հարազատների վարակված լինելու փաստը, տեսնելով մահեր իրենց շրջապատում, պետք է, որ զգոն լինեն: Մեր բոլորի ինքնագիտակցությունը պիտի այնպիսին լինի, որ ինքներս փորձենք պաշտպանել մեզ եւ մեր հարազատներին», -ասաց նախարարը:
Ըստ նրա, այսօրվա դրությամբ, կատարված թեստերի մեջ դրական պատասխանների թիվը բավական փոքր է. «Մենք ունենք վարակվածների թիվ, լավացածների թիվ, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում: Դիմակների կրումը այն կարեւոր միջոցառումներից է, որն օգնում է վարակի տարածելիությունը պահել կառավարելի շրջանակներում»:
Նախարարը նաեւ ասաց, որ մասնագիտական հանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանում «Sputnik V», «AstraZeneca» կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի օգտագործմանը: Անահիտ Ավանեսյանն ասաց, միայն Pfizer-ի մասով ջերմային ռեժիմի ապահովման հետ կապված հարցեր կան, որոնք պետք է կարգավորվեն:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ