Լրահոս
Օրվա լրահոսը

«Տնտեսությունը կարծես թե մտնում է վերականգնման փուլ». վարչապետը կառավարության նիստում անդրադարձել է տնտեսական ակտիվության ցուցանիշներին

Փետրվար 18,2021 16:04

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետն անդրադարձել է տնտեսական ակտիվության ցուցանիշներին. «Հայաստանի տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում: Փետրվար ամսվա առաջին 15 օրերի տվյալներով հանրապետությունում հսկիչ դրամարկղային կտրոններով և հաշվարկային փաստաթղթերով արձանագրվել է 604 հազար գործարքով ավելի, քան նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերին, իսկ դրամաշրջանառությունը նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերի համեմատ աճել է 12 տոկոսով կամ շուրջ 31.4 մլրդ դրամով: Ընդ որում, ուզում եմ հիշեցնել, որ նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրը դեռևս COVID-ի ազդեցությունները չկային, քանի որ դեռ Հայաստանում կորոնավիրուսի դեպք չէինք արձանագրել: Իսկ 2020թ. փետրվարը շատ լուրջ աճ արձանագրեց 2019թ. նկատմամբ: Հարկ է արձանագրել, որ էականորեն աճել են նաև արտահանման և ներմուծման ծավալները փետրվարի առաջին 15 օրվա ընթացքում: Իհարկե, էլի ասում եմ, որ այստեղից հետևությունն այն է, որ տնտեսությունը կարծես թե մտնում է վերականգնման փուլ և, իհարկե, սա շատ կարևոր նորություն է»:

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նշել է, որ դրամաշրջանառության մասով գրանցված 31 մլրդ աճը հիմնականում վերաբերում է 3 ոլորտի՝ մանրածախ սպառման, արտադրության և ծառայությունների մատուցման: «Իսկ արձանագրված ավելի քան 604 հազար գործարքները հավասարապես վերաբերում են ներկայացված ոլորտներին նույն համամասնությամբ: Եվ հետաքրքիրն այստեղ այն է, որ աճել են և՛ մեծածախ, և՛ մանրածախ, այսինքն՝ 80 տոկոսը վերաբերում է ՀԴՄ կտրոններով իրացման շրջանառությանը, իսկ 20 տոկոսը հաշվարկային փաստաթղթերով իրացման շրջանառությանը: 604 հազար գործարքներից 483 հազարը նույն համամասնությամբ վերաբերում են ՀԴՄ կտրոններին, իսկ ավելի քան 120 հազարն արդեն հաշվարկային փաստաթղթերին»,-ասել է ՊԵԿ նախագահը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մեծագույն խնդիրներից մեկը սպառման ծավալների էական անկումն էր, և սրանով կարող են հույս ունենալ, որ սպառման ծավալները կվերականգնվեն, ինչը զարգացման կարևոր նախադրյալ է:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ իր հերթին նշել է, որ դա լավ նորություն է և պետք է ուշադիր լինել սպառման աճին. «Գիտենք, որ շատ հարսանիքներ, միջոցառումներ, հետաձգված են եղել, և հիմա, այսպես ասած, կուտակված պատկերն է մարվում: Պետք է շարունակենք աջակցությունը, որը հատկացնում ենք տնտեսությանը՝ մինչև համոզված լինենք, որ կայուն վիճակում ենք գտնվում»:

Վարչապետն էլ նկատել է, որ նույնիսկ կայուն վիճակում կառավարությունը չի դադարեցնում տնտեսությանն աջակցելը:

Կառավարությունը գումար է հատկացրել Շուռնուխ գյուղում բնակելի նոր թաղամաս կառուցելու նպատակով

Գործադիրի որոշմամբ 470 մլն դրամ կհատկացվի ՀՀ քաղաքաշինության կոմիտեին՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ գյուղում սահմանազատման հետևանքով իրենց բնակելի նշանակության գույքերի (իրենց հողամասերով և օժանդակ շինություններով) տնօրինման հնարավորությունից զրկված ընտանիքների բնակարանային խնդրի լուծման նպատակով: Այդ թվում, նախագծանախահաշվային փաստաթղթերի ներառյալ փորձաքննության կհատկացվի՝ 17 մլն դրամ, ճանապարհների շինարարության համար՝ 120 մլն դրամ, բնակելի տների շինարարության համար՝ 325 մլն դրամ, տեխնիկական հսկողության ծառայության համար՝ 5,8 մլն դրամ և հեղինակային հսկողության ծառայության համար՝ 2.4 մլն դրամ:

Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլարյանը մանրամասներ է ներկայացրել Շուռնուխում կատարվող աշխատանքների ընթացքի մասին. «Դեռևս հունվարի կեսերին Ձեր հանձնարարականի համաձայն, պարոն վարչապետ, անմիջապես մեկնել ենք Սյունիքի մարզ, տեղում մարզպետի և Ձեր խորհրդականի ուղեկցությամբ այցելել ենք Շուռնուխ բնակավայր, հանդիպել գյուղապետին, ծանոթացել խնդիրներին և նոր կառուցվող բնակելի թաղամասի հողատարածքի ընտրությանը: Դրանից հետո Կադաստրի կոմիտեի գործընկերների աջակցությամբ կատարվել է տեղամասի հանույթ և մեր մասնագետներն սկսել են իրականացնել նոր թաղամասի հատակագծման աշխատանքները: Հունվարի 29-ին արդեն փոխվարչապետ պարոն Ավինյանի գլխավորությամբ Կապանում կայացել է Ձեր որոշմամբ ստեղծված Սյունիքի հարցերով զբաղվող միջգերատեսչական աշխատանքային խմբի ընդլայնված խորհրդակցություն, որտեղ որոշվել են մի շարք անհետաձգելի քայլեր, որոնք հետևողականորեն այսօր իրականացվում են: Ընթացիկ ամսվա սկզբից, սահմանված ժամկետում մեկնարկել են նշահարման և նոր թաղամասի ճանապարհային ցանցի հողային աշխատանքները: Առաջիկայում շատ արագ պետք է սկսվեն նաև 13 բնակելի տների տեղակապման և շինարարական աշխատանքները: Յուրաքանչյուր բնակելի տան հետ միասին, զուգահեռ կիրականացվեն անասնագոմերի և ցանկապատերի կառուցման աշխատանքները: Աշխատանքները կազմակերպված են այնպիսի հաշվարկով, որ մինչև տարեվերջ ավարտենք բնակելի տների կառուցման և բնակեցման գործընթացը»:

Կոմիտեի նախագահը հայտնել է, որ ընդհանուր ծրագիրը նախատեսվում է ավարտել 3 տարվա ընթացքում. «Առաջին փուլում 2021թ.-ին նախատեսված է կառուցել 13 տուն և ճանապարհը՝ առանց ասֆալտապատման: Երկրորդ փուլով բոլոր ենթակառուցվածքները՝ 2022թ. ընթացքում: Եվ երրորդ փուլով մտածում ենք, որ կարող է նաև անհրաժեշտություն լինի, հասարակական և գյուղարտադրական նշանակության որոշ կառույցների և շենքերի շինարարության հարցեր առաջ քաշվեն: Դրանք կլինեն 2022-2023 թթ. ընթացքում: Առաջին երկու փուլերի գնահատականը, ընդհանուր առմամբ, նախնական հաշվարկներով կկազմի մոտ 700 մլն դրամ»:

Արմեն Ղուլարյանի խոսքով՝ տների կառուցման աշխատանքները նախատեսվում են ավարտել մինչև տարեվերջ՝ հնարավորինս, առավելագույնը ներգրավելով մարզի և տարածաշրջանի բոլոր շինարարական և վերահսկող կազմակերպություններին:

Սյունիքի մարզում առկա և հնարավոր խնդիրների բացահայտման և օպերատիվ արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար, վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը մանրամասներ է ներկայացրել կատարված և նախատեսվող աշխատանքների վերաբերյալ: «Վաղը տեղի կունենա միջգերատեսչական աշխատանքային խմբի արդեն երրորդ նիստը Սյունիքի մարզում: Ինչպես հանձնարարել էիք, պարոն վարչապետ, աշխատանքային խմբի նիստերն անցկացվում են Սյունիքի մարզում. յուրաքանչյուր հերթական նիստ տեղի է ունենում Սյունիքի մարզի մեկ այլ բնակավայրում: Այս պահի դրությամբ, բնականաբար, բնակչության հիմնական հուզող հարցը դա անվտանգության միջավայրի ապահովումն է, որի հետ կապված Զինված ուժերի գլխավոր շտաբը, Պաշտպանության նախարարությունը և Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերն աշխատում են և իրենք առանձին զեկուցում են Ձեզ»,-նշել է Ռոբերտ Ղուկասյանը:

Աշխատանքային խմբի ղեկավարը հայտնել է նաև, որ Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ քննարկվում են Սյունիքի մարզի բնակավայրերում քաղպաշտպանության հենակետերի տեղադրման հետ կապված խնդիրները: Ըստ Ռոբերտ Ղուկասյանի՝ առկա են նաև գյուղատնտեսության և անասնապահության հետ կապված մի շարք խնդիրներ:

Արձագանքելով՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ քննարկվող որոշումն էլ աշխատանքային խմբի գործունեության արդյունք կարելի է համարել. «Շատ կարևոր է, որ աշխատանքային խմբի գործունեության արդյունքում մենք անընդհատ ունենանք այպիսի կոնկրետ որոշումներ, որոնց իրագործումը տեսանելի, շոշափելի կլինի և մարդկանց կյանքում կփոխի շատ կոնկրետ իրավիճակ և, իհարկե, Սյունիքի մարզի մեր հայրենակիցները կզգան, որ կառավարությունը կանգնած է իրենց կողքին»:

Կառավարության ղեկավարը հետաքրքրվել է նաև Տավուշի մարզում իրականացվող ծրագրերի ընթացքից: Զեկուցվել է, որ Այգեպարում աշխատանքները գտնվում են ավարտման փուլում, առաջիկայում կավարտվեն նաև Չինարիիում կառուցվող տան շինաշխատանքները: Նշվել է նաև, որ որոշ խնդիրներ են առաջացել Ներքին Կարմիրաղբյուրի պուրակի կառուցման հետ կապված: Վարչապետը նշել է, որ պետք է գնալ, լուծել հարցը և զեկուցել, որ ամեն ինչ արված է. «Այսինքն՝ գումարը տրված է, տունը գնված է, պայմանավորվածությունները ձեռք բերված են, նախագիծը հաստատված է, շինարարը կա, գյուղացիներն ուզում են, որ պուրակը լինի, բայց գործն առաջ չի գնացել»:

Հաստատվել է ԱՀ-ում քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնություն տրամադրելու կարգը. արցախահայության աջակցության ընդհանուր ծավալը կազմում է մոտ 61 մլրդ դրամ

Գործադիրը հաստատել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի տնտեսական և սոցիալական հետևանքները մեղմելու համար Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնություն տրամադրելու կարգը: Մասնավորապես, դրամական օգնությունը տրամադրելու է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը, եթե շահառուն Արցախի Հանրապետության կենսաթոշակառու է կամ Ծառայությունը, եթե շահառուն Արցախի կենսաթոշակառու չէ ներկայացրել է էլեկտրոնային դիմում։ Էլեկտրոնային դիմումը ներկայացվելու է օոliոe.ssa.am կայքէջի միջոցով մինչև 2021 թվականի փետրվարի 25-ից մինչև հունիսի 15-ը։ Դրամական օգնությունը Արցախի Հանրապետության կենսաթոշակառուներին և նպաստառուների վճարվելու է կենսաթոշակի վճարման հետ միաժամանակ, իսկ մնացած դեպքերում՝ Կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված պայմանագիր կնքած բանկում բացված՝ շահառուի (անչափահասի դեպքում՝ ծնողի կամ խնամակալի) քարտային հաշվին փոխանցելու միջոցով։ Դրամական օգնության վճարման ցուցակը ձևավորում է տվյալ ամսվա 10-ին և 20 -ին։ Աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը մանրամասներ է ներկայացրել մինչ այժմ արցախահայությանը տրամադրված օժանդակությունների վերաբերյալ: «Մինչ այժմ արցախահայությանը տրամադրված սոցիալական աջակցության 20 միջոցառում է հաստատվել, որոնց մի մասը դեռ ընթացքի մեջ է: Ընդհանուր առմամբ այդ բոլոր միջոցառումների շրջանակում ուղիղ ֆինանսավորվել է 21.5 մլրդ դրամ: Այսինքն՝ այդքան գումար արդեն փաստացի տրամադրվել է արցախահայությանը: Դեռևս ընթացքի մեջ գտնվող ծրագրերով, որոնք մոտ ժամանակներս կավարտվեն, մինչև 3 մ րդ դրամի բյուջե ունենք, որոնք շահառուները պետք է ստանան: Այսինքն՝ ընդհանուր առմամբ առկա ծրագրերով մոտ 25 մլրդ դրամի ֆինանսավորում արդեն ունենք»,- ասել է նախարարը: Մեսրոպ Առաքելյանը հայտնել է նաև, որ կառավարության այսօրվա նիստում ընդունված միջոցառումն էլ ներառյալ, արցախահայությանը տրվող աջակցության ընդհանուր ծավալը կազմում է մոտ 55 մլրդ դրամ:

Այս համատեքստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ ևս 6 մլրդ դրամ աջակցություն կառավարությունը հատկացրել է նախորդ տարվա դեկտեմբերին և ընդհանուր հատկացումները հասնում են 61 մլրդ դրամի:

Վարչապետը, անդրադառնալով աջակցության ծրագրերին, նշել է, որ իր կողմից հրապարակած ճանապարհային քարտեզի շրջանակում արդեն 18 աջակցություն միջոցառում է ընդունվել: «Նաև պետք է արձանագրել, որ այդ 18 աջակցության միջոցառումների իրականացման տեմպերի մեջ որոշակի խնդիրներ ունենք, մասնավորապես՝ վիրավորված զինծառայողների աջակցության ծրագիրը կարծես թե անհրաժեշտ տեմպով առաջ չի գնում: Ուզում եմ հիշեցնել նաև, որ անհետ կորած և գերեվարված մեր հայրենակիցների ընտանիքներին աջակցության ծրագիրը, ինչքան ես շփումներից հասկանում եմ, դեռևս չի ամբողջացել: Այսինքն՝ կան շահառուներ, որոնց գումարը դեռևս չի հասել: Ճիշտ է՝ մեծամասնությանը հասել է, բայց կան շահառուներ, որոնց դեռևս այդ գումարը չի հասել և պետք է արդեն ավելի ինտենսիվ զբաղվել, որ այս խնդիրը լուծվի:

Հաջորդ հարցը, որի հետ առնչվում ենք այն է, որ կարգերի մեջ պետք է փոփոխություններ մտցնել, որպեսզի այդ աջակցությունն ավելի արդյունավետ տեղ հասնի: Կարծում եմ՝ կառավարության որոշումներում որոշակի կարգավորումներ պետք է իրականացնել բաշխման առումով, որ ավելի ճշգրիտ հասցեատերերին հասնի: Այդտեղ կարևոր թերություն եմ համարում, որ երեխաները կարծես թե շահառու չեն հաշվառվում և դա գործնականում որոշակի հարցեր է առաջացնում: Ես հանձնարարել եմ արդեն, որ այդտեղ ուսումնասիրություն անենք, քանի որ, ըստ ամենայնի, որոշակի ճշգրտումների կարիք կա: Կարծում եմ՝ նույնիսկ այն ծրագրերը, որոնք արդեն իրականացվում են, պետք է մի հատ էլ նայել՝ գործնականում ինչ խնդիրներ, ինչ բողոքներ են առաջացնում շահառումների շրջանում, որպեսի մենք կարողանանք այդ հարցը լուծել»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության որոշմամբ 954 մլն դրամ կուղղվի 2020-ին ընդունած մի շարք որոշումներով ստանձնած պարտավորությունների կատարմանը

Կառավարությունը վերաբաշխում է կատարել ՀՀ 2021 թ. պետբյուջեում, փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում. 954 մլն դրամ կուղղվի 2020-ին ընդունած մի շարք որոշումներով ստանձնած պարտավորությունների կատարմանը:

Ինչպես նշել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, այդ գումարից 99 մլն դրամն ուղղվելու է անցած տարի աշնանացան ցորենի սուբսիդավորման ծրագրի ներքո ծագած պարտավորությունների մի մասի կատարմանը, 32.5 մլն դրամը հատկացվելու է տուրիստական ոլորտի տրանսպորտային ընկերություններին ուղղված Կորոնավիրուսի 25-րդ աջակցության միջոցառման ապահովմանը, 165 մլն դրամ կհատկացվի կոնյակի սպիրտի արտահանման տուրքի փոխհատուցման գծով 2020 թվականին առաջացած պարտավորությունների կատարմանը: «Այստեղ մենք արդեն փոխհատուցել ենք 274 միլիոն դրամ և ևս 165 միլիոն փոխհատուցելու ենք անցած տարվա պարտավորությունները՝ մոտ 4.4 միլիոն լիտր կոնյակի արտահանման խթանմանն ուղղված ծրագրով»,- ասել է նախարարը: Վահան Քերոբյանը հայտնել է նաև, որ 114 միլիոն դրամ կուղղվի պատերազմական գործողությունների ընթացքում քաղաքացիների և զինծառայողների հետ կապված խնդիրների բավարարմանը, 543 միլիոն դրամը՝ կորոնավիրուսով հիվանդ մարդկանց բուժման շրջանակում՝ դեկտեմբերի, հունվարի, փետրվարի խնամքի և սննդի ծախսերի փակման նպատակով:

Անդրադառնալով կոնյակի սպիրտի արտահանման տուրքի փոխհատուցման հարցին՝ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե արդյոք կոնյակի սպիրտի այդ ծավալներն արդեն արտահանվե՞լ են, և հիմա տուրքի փոխհատուցո՞ւմ է իրականացվում: Վահան Քերոբյանը ի պատասխան նշել է, որ այո, սա նախորդ տարվա արտահանվածի տուրքի փոխհատուցումն է. «Այս տարվա համար 900 մլն դրամ ենք հատկացրել, որը 9 մլն լիտր կոնյակի սպիրտի արտահանման խթանմանն ուղղված ծրագիր է: Սա շատ կարևոր ծրագիր եմ համարում, որը նաև շղթայական էֆեկտ ունի մինչև խաղողագործություն և գյուղատնտեսության զարգացում»:

Նախարարի խոսքով, հաշվի առնելով անցած տարվա խիստ ծանր վիճակը կոնյակի և գինու արտահանման հարցում, այդ 2 կատեգորիաներում ունեն էական անկում. «Կոնյակի սպիրտի այս ծրագիրը հույժ կարևոր է եղել, որ կարողանանք մթերման ամբողջականությունն ապահովել և չթողնել, որ գյուղատնտեսները լուրջ խնդիրների առջև կանգնեն»:

Արձագանքելով՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ այդ կարևոր որոշումը կայացվել է ճգնաժամային տարում։ «Այս գործընթացում նաև շատ կարևոր է, որ խաղողի մթերումների և խաղողի այգիների իրական պատկերը սկսենք ստանալ Հայաստանում, որպեսզի նաև հստակ լինեն այն ծավալները, որոնք մթերվում են։ Այս գործիքով, որով խթանում ենք տնտեսվարողներին, նաև մեկ այլ բան ենք ասում տնտեսավարողներին, որ այնուամենայնիվ այս գործընթացը պետք է լինի մաքսիմալ թափանցիկ, և խաղողի իրական ծավալների հետ կապված մեր բոլոր մտահոգությունները պետք է փարատված լինեն»,- ասել է փոխվարչապետը։

Վահան Քերոբյանը հավելել է, որ խնդիրն իսկապես լուրջ է և մի շարք մեծ հարցեր են առաջացել մթերումը վերահսկելու կամ մթերման գործընթացին հետևելու ժամանակ։ Նախարարի գնահատմամբ՝ հարցը անհրաժեշտ է լուծել թվային մեթոդների կիրառմամբ, որպեսզի շատ աշխատուժ չներգրավվի այդ գործընթացում: Վահան Քերոբյանը հայտնել է նաև, որ 3 մարզում արդեն ավարտվել են խաղողի տնկարկների քարտեզագրման գործընթացը, այս տարի նախատեսվում է ևս 2 մարզում այդ աշխատանքներն իրականացնել: «Արդյունքում մենք կունենանք ամբողջական պատկեր խաղողի այգիների մասով և բջջային հավելվածի միջոցով հնարավոր կլինի վերահսկել խաղողի մթերումն ամբողջությամբ»,-ասել է նախարարը:

Կանխատեսումների համաձայն՝  ջրային ռեսուրսների կուտակման խնդիր չենք ունենա. վարչապետն անդրադարձել է գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին

Վարչապետ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է նաև գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի սեզոնին: «Մենք վերջին խորհրդակցության ժամանակ քննարկում ենք ունեցել այդ թեմայով: Կարծես թե կանխատեսումները մեզ թույլ են տալիս ասել, որ ջրային ռեսուրսների առումով եղանակային պայմանները գոնե այս պահին բարենպաստ են և ջրային ռեսուրսների կուտակման խնդիր չենք ունենա: Մենք խոսել ենք, որ ջրային ռեսուրսների ճիշտ արդյունավետ բաշխվածության կապված պետք է շատ լուրջ աշխատենք»:

Վարչապետի դիտարկմամբ, պետք է անել հնարավորը, որ խաղողագործները, լոլիկագործները, այգեգործները ստիպված չլինեն իրենց ձայնը լսելի դարձնելու համար ճանապարհներ փակել: Նիկոլ Փաշինյանը պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է հարցը մշտապես պահել ուշադրության կենտրոնում. «Մարզպետարանների, համայնքապետարանների հետ պետք է շատ սերտ աշխատել խնդիրները նախապես իմանալու համար: Դրանց չծագելու ուղղությամբ աշխատենք և ոչ թե խնդիրը ծագի, մարդիկ ստիպված լինեն իրենց ասածը բարձրաձայնելու այլ եղանակներ փնտրել»:

Կառավարության ղեկավարը նշել է նաև, որ երբեմն կան պարզ ընթացակարգեր, որոնց մասին մարդիկ տեղյակ չեն լինում, ինչի պատճառով ծագում են խնդիրներ: Այդ համատեքստում վարչապետն ընդգծել է լուսաբանման, տեղեկացվածության ապահովման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ գյուղացու հետ պետք է ազնիվ խոսել ու ասել, թե որ խնդիրն է հնարավոր հրատապ լուծել, որ խնդիրն է, որ երկարաժամկետ լուծում է պահանջում:

Այլ որոշումներ. կներդրվի պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի մոնիթորինգի համակարգ

Կառավարությունը հաստատել է Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օգտագործման վիճակի մշտադիտարկումներ անցկացնելու և գույքի օգտագործման բարելավման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու կարգը: Ըստ հիմնավորման, պետական գույքի կառավարման և դրա օգտագործման արդյունավետության բարձրացման հիմնական ուղղությունները բացահայտելու համար անհրաժեշտություն է առաջանում պետական մարմիններին ամրացված պետական ոչ առևտրային կազմակերպությունների, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օգտագործման վիճակի վերաբերյալ մշտադիտարկում (մոնիթորինգ) իրականացնել։ Վերջինս չափազանց կարևոր գործիքակազմ է պետական գույքի հետագա կառավարման ժամանակ հիմնավորված որոշումներ ընդունելու համար։ Դրա հետ կապված անհրաժեշտ է հնարավոր սեղմ ժամկետում ստեղծել նաև անշարժ գույքի մոնիթորինգի համակարգ, որը մինչ օրս գոյություն չունի և որի պատճառով չի կատարվել անշարժ գույքի օգտագործման արդյունավետության գնահատում։ Նոր գործիքակազմը հնարավորություն կտա պարզել անշարժ գույքի վիճակը, բացահայտել տեղ գտած բացթողումները, թերությունները, օգտագործողի կողմից կատարված խախտումների բացահայտումը։ Ըստ այդմ, առաջարկվում է ստեղծել մոնիթորինգի համակարգ: Արդյունքում, հնարավոր կլինի պարզել, մասնավորապես, պետական գույքի բոլոր տարրերի վերաբերյալ նախորդ ժամանակահատվածի համեմատությամբ տեղի ունեցած փոփոխությունների դինամիկան, այդ փոփոխությունների դրական կամ բացասական միտումները, չօգտագործվող կամ ոչ արդյունավետ օգտագործող պետական գույքի մակերեսները և բնութագրիչները, մասնավոր անձանց օգտագործման հանձնված պետական գույքի օգտագործման վիճակը և օգտագործումից ստացված արդյունքների դինամիկան և միտումը:

Հավանության է արժանացել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրինագծով առաջարկվում է ռազմական դրություն հետևանքով որպես կամավորական պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու մեկնած պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց համար սահմանել մի շարք երաշխիքներ: Մասնավորապես, կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա Արցախի պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածում պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնողի հիմնական աշխատավարձը պահպանել, զորահավաքային զորակոչի միջոցով զինվորական ծառայության, ինչպես նաև Արցախի պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածները հաշվի առնել կիսամյակային հաշվետվությունների կամ կատարողականի հիման վրա պարգևատրման իրավունք տվող աշխատաժամանակում: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հայրենիքի առջև իրենց պարտքը կատարող պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց համար որպես երաշխիք սահմանել աշխատավարձի պահպանման վճարման և նրանց կատարողականի հետ կապված պարգևատրման իրավունքի պահպանման դրույթներ:

Գործադիրն ընդունել է «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2 Իսակովի պողոտա-Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածում առկա գույքերի նախնական ուսումնասիրման մասին» որոշում: Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի հոկտեմբերի 13-ին կնքված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2» վարկային համաձայնագրով, Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակում նախատեսվում է իրականացնել Երևանի Իսակով պողոտա-Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները: Ծրագրի իրականացումը կնպաստի Երևան քաղաքի կենտրոնի բեռնաթափմանը՝ էապես կրճատելով երթևեկության տևողությունն և նվազեցնելով խցանումները:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728