Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք լինելու ենք պուտինյան Ռուսաստանի եւ էրդողանյան Թուրքիայի գերեզմանափորը». Փետրվարյան ապստամբության հետքերով

Փետրվար 18,2021 15:30

Այսօր փետրվարյան ապստամբության 100-ամյակն է: Ազգային ժողովրդավարական բեւեռը հավաք-երթ էր կազմակերպել՝ հարգանքի տուրք մատուցելու փետրվարյան ապստամբության զոհերի հիշատակին:

Իր ելույթում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն ասաց, որ փետրվարի 18-ը ոչ միայն պատմական, գեղեցիկ օր է եղել, որով կարելի է ուրախանալ, այլ կարելի է հպարտանալ, որ ամբողջ կոմունիստական բռնապետության տարածքում հայերն էին, որ ապստամբեցին եւ հաղթեցին. «Փետրվարի 18-ը մեզ համար դաս է, այն մեզ հուշում է, որ նյութականից վեր դասվելու ընդունակ ժողովուրդ ենք եղել»:

Ազգային ժողովրդավարական բեւեռի անդամները զարմացած էին՝ այսօր կառավարության նիստը եղավ ու որեւէ բառ չհնչեց, որ այսօր փետրվարյան ապստամբության 100-ամյակն է:

Երթի ժամանակ Հանրապետության հրապարակում ոստիկաններն ասացին, որ երթեւեկությանը խոչընդոտելու են: Կազմակերպիչներն ասացին, որ իրենց ազատությունը սահմանափակվում է այնտեղ, որտեղ սկսում է ուրիշի իրավունքը, բայց իրենք որեւէ մեկի իրավունքը չեն ոտնահարում, երթեւեկելի մասից դուրս կարող են շարժվել: Ոստիկաններն էլ ասում էին, որ նախապես այլ երթուղի էր մշակվել: Տեւական բանակցություններից հետո ի վերջո թույլ տվեցին:

«Սարդարապատ» երգը երգելով՝ հավաքի մասնակիցները հասան Անգլիական այգի: Քաղաքագետ, դիվանագետ Արա Պապյանն ասաց, որ սա պատմական օր է, որովհետեւ հայ ժողովուրդը ցույց տվեց, որ կարող է պայքարել ու իր պետական շահերը պաշտպանել:

Տիգրան Խզմալյանն էլ ասաց. «4 տարի է՝ գալիս ենք այս սրբավայրը: Եթե 2018-ին, 2019-ին ու անգամ 2020-ի փետրվարի 18-ին դա տուրք էր մեր հերոսական պատմությանը, ապա այսօր սա արդեն պատմություն չէ, այսօրվա պայքար խորհրդանիշն է: Մոսկովյան ռուս-թուրքական բարեկամության եւ եղբայրության պայմանագիրը, որը կնքվեց մարտի 19-ին ու որը առանձնահատուկ ձեւով ենք նշելու մեկ ամիս անց, ապօրինի էր: Ապստամբությունը ստիպեց ոսոխին հարգել հայ ժողովրդին»:

Խզմալյանի խոսքով՝ այսօր էլ հայաթափումը շարունակում են, հայերենը դուրս մղելու եւ ռուսերենը պետական լեզու դարձնելու հանցավոր, սարսափելի գաղափարն են իրականացնում. «Ոչինչ չի ստացվի, որովհետեւ մենք լինելու ենք պուտինյան Ռուսաստանի եւ էրդողանյան Թուրքիայի գերեզմանափորը, ինչպես եղել ենք կայսրությունների գերեզմանափորը մեր ողջ պատմության ընթացքում: Կեցցե՛ ապստամբությունը, կեցցե՛ դիմադրությունը եւ կեցցե ազատ եւ անկախ Հայաստանը»:

Ազգային ժողովրդավարական բեւեռի մասնակիցները վստահեցնում էին, որ «այս անբարոյական ռուս-թուրքական սիրավեպի» վերջը մենք ենք տալու՝ հայերս:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728