Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պետք չէ պարզել, զեկուցել, պետք է գնալ եւ լուծել հարցը, զեկուցել, որ արված է». Փաշինյանին զայրացրեց, որ Ներքին Կարմիրաղբյուրի գույքի հարցը չեն կարողանում լուծել

Փետրվար 18,2021 14:46

Շուռնուխի բնակելի տների, անասնագոմերի կառուցման հարցը կլուծվի: Այսօր կառավարությունն այդ մասին որոշում կայացրեց: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում նշեց, որ այդ նպատակով աշխատանքային խումբ են ստեղծել, որը ղեկավարում է իր խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը:

«Սյունիքի մարզում, այս պահի դրությամբ, բնականաբար, բնակչության հուզող հարցը անվտանգության ապահովման հարցն է: Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ քննարկում ենք Սյունիքի մարզի բնակավայրերում քաղպաշտպանության հենակետերի տեղադրման հետ կապված խնդիրը եւ Գորիս-Սիսիան ճանապարհի խնդիրը ձմռանը»,-ասաց Ռոբերտ Ղուկասյանը: Նա ասաց, որ Շուռնուխ բնակավայրում իրենց տները կորցրած ընտանիքների համար նոր թաղամաս է կառուցվում, միեւնույն ժամանակ նրանք պետությունից աջակցություն կստանան մինչ բնակարանների կառուցումը. «Հիմնական խնդիրը գյուղատնտեսության, անասնապահության հետ է կապված, քանի որ մարդիկ այդ աշխատանքները նախկինում իրականացնում էին ավելի լայն տարածությունների վրա, որի հնարավորությունը չունեն այսօր, հատկապես մեծ խնդիր է առաջանում Որոտանի տարածքում»,-ասաց նա՝ նշելով, որ այս ուղղությամբ շուտով վերջնական լուծումներ կներկայացնեն:

Ծրագիրը նախատեսվում է ավարտել 3 տարվա ընթացքում: Այս մասին նիստում ասաց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը. «Առաջին փուլում նախատեսված է կառուցել 13 տուն, ճանապարհը՝ առանց ասֆալտապատման: Երկրորդ փուլով կկառուցվեն բոլոր ենթակառուցվածքները՝ 2022 թվականին, եւ երրորդ փուլով մտածում ենք, որ կարող է անհրաժեշտություն լինի հասարակական, արտադրական նշանակության որոշ կառույցներ հիմնել: Դրանք կլինեն 2022-2023 թվականներին: Առաջին երկու փուլերի գնահատականով՝ կկազմի մոտ 700 միլիոն դրամ»: Ըստ կոմիտեի ղեկավարի, այսօրվա որոշումն իրագործելու համար բյուջեի պահուստային ֆոնդից կոմիտեին կհատկացվի 470 միլիոն դրամ:

Փաշինյանն ասաց, որ Սյունիքի մարզի հայրենակիցները կզգան, որ կառավարությունը կանգնած է նրանց կողքին. «Քանի որ մենք նախորդ տարի Տավուշի մարզում ենք իրականացնել նման ծրագիր, ուզում եմ իմանալ, թե ինչ ընթացք ունեցավ այն»: Ապա վարչապետը հետաքրքրվեց՝ Այգեպարում եւ Չինարիում աշխատանքներն ի՞նչ ընթացքում են: «Ավարտական փուլում են»,-ի պատասխան նշեցին կառավարության անդամները:

Արմեն Ղուլարյանն ասաց, որ Ներքին Կարմիրաղբյուրում գույքի գրանցման հետ կապված խնդիրներ առաջացան եւ մինչ օրս հնարավոր չի եղել այդ գույքերը գրանցել համայնքի հաշվեկշռում, որպեսզի աշխատանքները սկսեն. «Սեփականատերերի հետ կապված խնդիրներ են, դատական պրոցեսներն են»,-ասաց նա: Նիկոլ Փաշինյանը հարցրեց՝ ի վերջո լուծվելո՞ւ է այդ հարցը, թե ոչ, այսքան ժամանակ ինչո՞ւ չի լուծվել:

Պարոն Ղուլարյանն ասաց, որ խնդիրն իրենց դաշտում չէ, մարզը եւ համայնքը պետք է լուծեին այդ հարցը:

Վարչապետի խոսքով՝ գնացել, մարդկանց խոստացել են, ֆինանսավորումը տվել են, նախագիծը հաստատել են, տեղում նայել են, պարզվում է՝ մինչեւ հիմա արված չէ: Պարոն Ղուլարյանն ասաց, որ քանդման աշխատանքները սկսել են, բայց ձեւակերպումը չեն կարողանում անել, ձգձգվում է:

Նիկոլ Փաշինյանը դիմելով տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին հարցրեց, թե ինչո՞ւ մինչեւ հիմա այդ հարցը լուծված չէ, Պապիկյանն ի պատասխան ասաց՝ կճշտեն, կզեկուցեն՝ ում դաշտում է խնդիրը: Փաշինյանն արձագանքեց՝ այդպես չի լինի. «Պետք չէ պարզել, զեկուցել, պետք է գնալ եւ լուծել հարցը, զեկուցել, որ արված է ամեն ինչ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728