Այսօր փետրվարյան ապստամբության 100-ամյակն է: Ազգային ժողովրդավարական բեւեռը Գարեգին Նժդեհի հուշարձանի մոտից հավաք-երթ էր կազմակերպել դեպի Անգլիական այգի՝ հարգանքի տուրք մատուցելու փետրվարյան ապստամբության զոհերի հիշատակին:
100 տարի առաջ Հայաստանը Խորհրդային միության տարածքում միակ երկիրն էր, որն ըմբոստացավ բոլշեւիկյան իշխանության դեմ ու ապստամբությունը տեւեց 50 օր: Ազգային ժողովրդավարական բեւեռի ներկայացուցիչները գտնում են, որ հիմա ժամանակն է այդ 50 օրը շարունակել ու հասնել հաղթանակի՝ ստեղծելով ազատ, ինքնիշխան երկիր:
Ազգային ժողովրդավարական բեւեռի ներկայացուցիչ Վահե Գասպարյանը հավաքի ժամանակ ընթերցեց ուղերձ:
Նա պատմական ակնարկ անելով՝ ասաց. «Փետրվարի 18-ը, ինչքան էլ խորհրդային իշխանությունների իրավահաջորդ ներկայիս ՌԴ-ի պրոպագանդան ներկայացնում է որպես դաշնակցականների խռովություն, բայց իրականությունն այն է, որ այն ժողովրդական ապստամբություն էր, որը չէր կարող չլինել: Ընդամենը Հայաստանի բոլշեւիկների եւ թուրք բոլշեւիկյան օկուպացիայից 2,5 ամիս հետո հայ ժողովուրդը ճաշակեց բոլշեւիկյան իշխանությունը ու հասկացավ այդ իշխանության հրեշավոր էությունը: 1920 թվականի 29-ին փառապանծ 11-րդ Կարմիր բանակը ճակատագրի հեգնանքով Իջեւանով մտավ Հայաստան եւ օկուպացրեց մեր հայրենիքը: Մինչ դա թուրք բանակն էր մտել հայոց երկիր, ինչը պայմանավորվածության արդյունք էր՝ Լենինի եւ Քեմալի օգոստոսի 24-ի գաղտնի բանակցությունների եւ դեկտեմբերի 2-ին կնքվեց տխրահռչակ Դրո- Լեգրան համաձայնությունը իշխանությունը հանձնելու վերաբերյալ եւ Հայաստանում հաստատվեց բոլշեւիկյան բռնատիրական իշխանությունը:
Կարդացեք նաև
Տվեցին խոստումներ առ ազատություն, առ այն, որ երաշխավորում են դաշնակցական գործիչների, կրոնական, հասարակական, քաղաքական գործիչների անձնական անվտանգությունը, որ ՌԴ-ից կհասնի պարենի եւ հագուստի մեծաքանակ օգնություն, խոստումներ, որ ճանապարհները կապաշրջափակվեն, թուրքական բանակը կլքի հայոց հողը, հետո թուրքական բանակը մոսկովյան պայմանագրի հիման վրա իրեն մաս դարձրեց հայոց հայրենիքի մեծ մասը:
Դրո-Լեգրան պայմանագրի հաջորդ օրը Լեգրանը Բաքվից ուղարկված մի քանի կոմիսարների հետ միասին, որոնք կոչվում էին հայ հեղկոմ ու որոնց ազգանունները յան-ով էին վերջանում, սկսեցին կարմիր տեռորը: Հաշվի առնելով Դրոյի բարձր հեղինակությունը ժողովրդի մեջ, չհամարձակվեցի նրան ձերբակալել, բայց ստիպեցին Դրոյին լքել հայրենիքը ու 21 թվականի հունվարի 10-ին, ցանկանալով խուսափել քաղաքացիական բախումներից, ստիպված էր լինելու լքել հայրենիքը: Բանտերը լցվեցին 1200 հայերով, որոնց թվում էին Քաջազնունին, Նիկոլ Աղբալյանը, Լեւոն Շանթը եւ այլ գործիչներ: Աքսորի ճամփան բռնեցին շատ գործիչներ, օրինակ` գեներալ Նազարբեկյանը, Սիլիկյան, Դանիել Բեկ-փիրումյանը, որի եղբայրը՝ Պողոս Բեկ-Փիրումյանը ինքնասպան եղավ՝ չդիմանալով բոլշեւիկների ստորացումներին, նրանք պոկել էին ուսադիրները: Ժողովուրդն այս ֆոնին ապստամբեց փետրվարի 18-ին, նախաձեռնողներն էին սասունցիները:
100 տարի առաջ այս օրը ապստամբները գրավեցին Երեւանը: Բոլշեւիկները, հասկանալով, որ ստիպված են լինելու մայրաքաղաքը զիջել, թուրք մսագործի օգնությամբ նախորդ գիշեր կացնահարեցին հայ մտավորականների: Կացնահարվեց խմբապետ Համազասպը եւ շատ ուրիշներ: Նահանջի ճանապարհին բոլշեւիկները վրեժխնդիր էին լինում գյուղերում՝ սպանելով խաղաղ բնակչությանը: Սա է բոլշեւիկյան իշխանության էությունը՝ խաբել, բռնանալ, ուրիշ ոչինչ»,- ասաց Վահե Գասպարյանը:
Ուղերձում նա ասաց, որ թեեւ ապստամբության ժամանակ ուժերը հավասար չէին, բայց այդ յուրօրինակ Սարդարապատի վճռական պոռթկումը կարողացավ զավթիչներին պարտադրել հայկական գործոնի հետ հաշվի նստելու անհրաժեշտությունը: 1921-ի փետրվարի 18-ի հերոսական ապստամբության ու Նժդեհի գլխավորած Զանգեզուրի ինքնապաշտպանության շնորհիվ պահպանվեց հայկական պետական ինքնությունն ու քաղաքական ապագան՝ հակառակ թրքաբոլշեւիկյան պլանի ու նկրտումների:
Վահե Գասպարյանի խոսքով՝ ԽՍՀՄ փլուզումից հետո մենք չկարողացանք իրապես ինքնիշխան պետություն ստեղծել. «Այսօր ականատես ենք լինում, որ այսպես կոչված երրորդ հանրապետություն համակարգը ռուս-թուրքական դաշինքին է հանձնել Արցախը եւ ավարտում է պետական ինքնիշխանությունը հանձնելու իր առաքելությունը: Սակայն պատմությունը կրկնելու իրենց պլանները ձախողվելու է»:
Ազգային ժողովրդավարական բեւեռի ուղերձում ասվում է, որ ներկայիս իրավիճակը միայն արտաքուստ է նման 100 տարի առաջվա իրողությանը. «Մեր տարածաշրջանում, բացի ՌԴ-ից ու Թուրքիայից կան շատ ավելի հզոր խաղացողներ, որոնք շահերը համընկնում են մեր շահերին: 100 տարի առաջ մենք գործ ունեինք հզորացող եւ վերադարձող, իսկ այսօր գործ ունենք թուլացող եւ նահանջող Ռուսաստանի հետ: Պետք է նկատի ունենանք, որ ամենակարեւոր գործոնը մենք ենք ու տեր ենք կանգնելու մեր արժանապատվությանն ու ճակատագրին»:
Ուղերձի վերջում նա ասաց, որ դիմադրական նոր շարժում են սկսելու՝ «մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսով: Նախաձեռնող խումբը մարտի 16-ին Ազատության հրապարակում կազմակերպելու է համահայկական հանրահավաք, որի ընթացքում կհրապարակեն իրենց խոսքով՝ «քաղաքական Սարդարապատի ճանապարհային քարտեզը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ