«Ալիք մեդիա». Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարեց՝ «հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ» եւ հրաժարվեց ընտրություններ կազմակերպելու մտքից։ Ասում են՝ նման պահանջի առկայության դեպքում փողոցում 100000 մարդ պետք է լիներ։ Չկա այդքան մարդ՝ չկա, ուրեմն, նման պահանջ։ Այն, որ մարդիկ հրապարակ դուրս չեն գալիս հրապարակում եղած ուժերի հետ չնույնացվելու պատճառով՝ «Իմ քայլի» համար փաստարկ չէ։ Ինչպես նաեւ փաստարկ չէ, որ քաղաքացին ոչ թե փողոցն, այլ ընտրություններն է համարում իր խոսքն ասելու լավագույն միջոց:
Փողոցով իշխանության եկած ուժը չկարողացավ կտրվել փողոցից, շարունակեց մնալ փողոցում, հետեւել փողոցին եւ փողոցով պայմանավորել իր գործողությունները։ Չեն հասկացել նրանք 2018-ի խորհուրդը։ Որպես նախկիններին քշած փողոցային շարժում են այն դիտարկում եւ իրենց հեռացումն էլ փողոցով են պայմանավորում։
Չաճեցին, քաղաքական գործիչներ չդարձան, քաղաքական գործընթացներն ու «հասարակության լայն շերտերի տրամադրությունները» շարունակում են պայմանավորել փողոցում գտնվող զայրացած մարդկանց քանակով։
Ներկա ու ապագա զարգացումներից ու նաեւ օրվա իշխանությունների վարք ու բարքից անկախ՝ 2018-ի ապրիլ-մայիսը որպես սահմանագիծ կմնա մեր պատմության մեջ։ Այդ օրերին հրապարակ դուրս գալու ու փողոցները մեզանով լցնելու հիմնավոր պատճառ ունեինք։
Կարդացեք նաև
Քսան տարի շարունակ ընտրակեղծարարությամբ վերարտադրվող իշխանությունն այլ ճանապարհ չէր թողել։ Ընտրություններով փոփոխություններ իրականացնելն անհնարին էր։ Վստահ էինք՝ այդ սահմանից այս կողմ բոլորովին այլ կյանքով ենք ապրելու։ Տեղի ունեցածը հեղափոխություն անվանեցինք։ Մեկ տարի երեւի պետք եղավ, որ սկսենք հասկանալ՝ մեր պատկերացրած հեղափոխությունը չկա ու չի էլ լինելու։
Հեղափոխական կարգախոսները շուրթերին՝ ոգեւորության ալիքի ու մեր վեր մեկնված ձեռքերի վրա իշխանական սենյակներ մտածները բոլորովին էլ հեղափոխականներ չէին։ Մենք հեղափոխություն էինք ուզում, նրանք, փաստորեն, իշխանություն։
Մենք նրանց մեր պատկերացրած որակներով էինք օժտել։ Պատրաստ էինք տալ նրանց ամեն ինչ ու տվեցինք։ Մենք դարձանք նրանց համար կամուրջ ու ճանապարհ։ Միայն հաջողեն, իրականություն դարձնեն տարիների մեր ձգտումները։ Իսկ նրանք ապաշնորհ ու անկարող դուրս եկան։ Պարզվեց՝ անպատկերացնելի ստախոսներ, սնապարծներ, անպատասխանատուներ ու խոստմնազանցներ են, որոնց հետ ճանապարհ գնալ չի կարելի։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: