ՀՀ Սյունիքի մարզի դատախազության դատախազի որոշմամբ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնական լիազորությունների չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ Մասնավորապես խոսքը վերաբերում է համայնքին պատկանող հողերը վարձակալությամբ տալու պայմանագրերին, համայնքային բյուջե չի վճարվել 3․692․500 դրամ։
Մեղրիի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ համաձայն չէ մեղադրանքի հետ։ «Չեմ ուզում խորանալ նախաքննության գաղտնիքների մեջ, հիմա էլ չասեն՝ խանգարում եմ քննությանը, միայն ասեմ, որ ես՝ որպես համայնքի ղեկավար փորձել եմ բջջային 3 օպերատորներին բերել հավասարության դաշտ, ու ըստ պայմանագրի բոլորը այժմ վճարում են տարեկան 300-360 հազար դրամ։ Իսկ նախկին համայնքի ղեկավարը, օպերատորներից մեկին հողատարածքը վարձակալությամբ էր տվել տարեկան 16000 դրամով»,–ասում է Մխիթար Զաքարյանը։
Նրա խոսքով, համայնքի ղեկավարի գործառույթն է, որպեսզի բոլոր միջոցներով ապահովվի համայնքի բյուջեի մուտքերը՝ պահպանելով հավասարությունը։ «Հիմա ստացվում է այնպես, որ իմ գործը անելու համար քրգործ են հարուցե՞լ»,–զարմանում է Մեղրիի համայնքի ղեկավարը։
Վերջինս պատրաստ է մինչեւ վերջ պայքարելու՝ հասնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ «Պիտի արդարացնեն ինձ, ես պաշտոնական լիազորություններս չեմ չարաշահել»,–ասում է մեր զրուցակիցը։
Կարդացեք նաև
Մխիթար Զաքարյանին հարցրինք՝ արդյոք քաղաքական հետապնդում է տեսնում, ասաց․ «Չգիտեմ, չեմ կարող ասել, գուցեւ եւ դա, գուցե անգրագիտության ու անտեղյակության հարց է, լավ չեն ուսումնասիրել, գուցե երկուսը միասին՝ պետք էր անվանարկեին ինձ։ Կարեւորը ոչ մի խախտում չեմ արել, պիտի ներողություն խնդրեն ինձնից։ Փաստաբաններս առաջիկայում կներգրավվեն գործում, կարծում եմ՝ մնացածը իրենք կասեն»,–եզրափակեց Մխիթար Զաքարյանը։
Նշենք, որ Զաքարյանը այն քաղաքապետերից է, որ քննադատել է գործող կառավարությանը՝ կապված սահմանազատումների հետ։
Հիշեցնենք, որ քրեական գործեր են հարուցված Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի եւ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի նկատմամբ։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ