Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք ամեն ինչ կեղտոտ քաղաքական դաշտ եք տանում». Նորանշանակ տնօրենը՝ գործադուլավոր ուսուցչին

Փետրվար 18,2021 13:38

Աբովյանի անվան թիվ 1 դպրոցում արդեն 3 շաբաթ տեւող գործադուլը եւ դասադուլը շարունակվում են, իսկ դպրոցից ֆեյսբուքյան իր էջից ուղիղ միացումով կատարվածի մասին պարբերաբար պատմում է դպրոցի պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանը: Նա ասում է, որ դպրոցում դասապրոցեսը խաթարված է:

«Ծնողական համայնքն անհանգիստ է, ընդհուպ մտածում են նաեւ երեխաների գործերը դպրոցից հանելու մասին: Ամսի 3-ից դպրոցում դաս չկա, եւ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչ չի եկել դպրոց: Եկել են միայն ընդունում-հանձնում անելու համար եւ վերջ: Հարցի վերաբերյալ որեւէ առաջարկ չի եղել, ինչը մեզ իրավունք է տալիս մտածելու, որ իրենք թքած ունեն դպրոցում կատարվող իրադարձությունների վրա»,- ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ նշեց Հայկ Փայտյանը:

Մի խումբ ուսուցիչներ մտան դպրոցի նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանի մոտ: Նրանք ուզում էին պատճենել անձնական գործերը: Հայկ Փայտյանն առաջարկում էր դրսում պատճենել, իսկ տնօրենն առարկում էր. «Միայն իմ ներկայությամբ, ես ի՞նչ գիտեմ, եթե տանեն, նույնությամբ հետ կբերե՞ն…Ես վստահություն չունեմ: Դուք կարող եք ձեր հեռախոսով նկարել»:

Տնօրենն ուսուցիչներին ասաց, որ ինքը չի եկել դպրոց, որպեսզի հաշվեհարդար տեսնի որեւէ մեկի նկատմամբ. «Ուղղակի որպես ուսուցիչ՝ խնդրում եմ, հորդորում եմ, սիրելի ուսուցիչներ, մենք ուրիշ առաքելություն ունենք: Ինչո՞ւ եք ամեն ինչ բարդացնում եւ տանում ուրիշ հարթություն, եթե կարող ենք հանգիստ աշխատել»: Հայկ Փայտյանն ասաց, որ ֆեյքերից մեկը գործադուլ անող ուսուցիչների մասին գրառում է կատարել: Տիկին Առաքելյանն ասաց, որ ֆեյքերի հետ կապ չունի:

«Պարզապես մտածեք ձեր առաքելության մասին, որեւէ մեկիս չպետք է հուզի տնօրենի փոփոխությունը, հինգ տարի անց ինձանից հետո էլ ուրիշն է տնօրեն գալու: Ես ձեզ չեմ դնի այն վիճակում, որ այնքան վատ զգաք, որ ձեր խղճին դեմ գնաք: Այնպես չէ, որ այս կառույցն իմ հոր տունն է, պետք է ժառանգաբար փոխանցվի, եւ ես պետք է տարիներ ի վեր տնօրեն լինեմ: 5 տարի հետո թող ուրիշ մարդ գա նորարարություններով լի, դպրոցը զարգացնելու իր ծրագրով»,-ասաց Քարմիլե Առաքելյանը:

«Ճի՞շտ է, որ հորդորել եք՝ գանք, դիմում գրենք»,-հարցրեց հեռախոսով ուղիղ եթեր մտած Հայկ Փայտյանը: «Կոնկրետ ձեզ շատ եմ հորդորում, որովհետեւ դուք խեղաթյուրում եք արժեքները, ամեն ինչ կեղտոտ քաղաքական դաշտ եք տանում»,-ասաց տնօրենը: «Ինձանից բացի է՞լ ում եք ասել դիմում գրի»,-չէր ընկրկում Փայտյանը:

«Ասել եմ փոխտնօրեններին, որ եթե չեն ուզում աշխատել, թող գան, դիմում գրեն: Ես առաջարկել եմ, որովհետեւ եթե ամբողջ կրթական գործընթացը կանգն է առել՝ եւ տնօրենների պատճառով եւ ուսուցիչների՝ հանձին ձեզ: Դուք խեղաթյուրում եք բոլոր արժեքները, իսկ այն զրպարտանքները, որ ձեր կողմից հնչում են, դեռ պետք է քննվեն: Դուք կողմնորոշվեք ձեր ուղղվածության մեջ եւ այս մարդկանց ձեր անազնիվ քայլերի հետեւից մի տարեք»,-ասաց Քարմիլե Առաքելյանը: Ուսուցչուհիներից մեկն ասաց, որ իրենց չեն առաջնորդում: Նրան միացավ եւս մի տղամարդ ուսուցիչ:

Aravot.am-ի հետ զրույցում Քարմիլե Առաքելյանը նշեց. «Մինչեւ հիմա փորձել եմ աշխատողների հետ հաշտեցման եզրեր գտնել, ամեն դեպքում իրենք խուսափել են անգամ ինձ հետ կոնտակտի մեջ մտնելուց, փորձել եմ խոսել, չի ստացվում, խուսափում են: Հետո իմացա, որ ինձանից թաքուն երեխաներին տեղեկացնում են, որ գան հանեն գործերը, տանեն ուրիշ դպրոցներ, որովհետեւ իրենք դեռ պատրաստվում են անժամկետ գործադուլի: Այդ ուսուցիչներին եմ ուզում կոչով դիմել: Նորից պետք է ասեմ, որ իրենց առաքելությունն աշակերտներին կրթելն է, ոչ թե նման վայրիվերումների մեջ խառնվելը, շփոթություն գցելը եւ ամեն ինչ անելը, որպեսզի իմ նշանակումը քաղաքականացնեն:

Իրենք նախկին տնօրենի ցանկության հետեւից են ուզում անընդհատ սլանալ՝ առանց հասկանալու, որ սա պետական կառույց է, եւ պետական կառույցում իրենք չէ, որ պետք է, որոշեն, թե ով պետք է լինի տնօրեն»:

Պատասխանելով մեր հարցին՝ կա՞ն ծնողներ, որոնք ցանկացել են երեխաների գործերը վերցնել դպրոցից, Քարմիլե Առաքելյանը նշեց. «Քանի որ գործադուլ է հայտարարված, գործավարն էլ այստեղ չէ, բայց ես ծնողների ցանկությանը դեմ չեմ գնում: Խնդրել եմ գործավարին ժամը 2-ին այստեղ լինել, որպեսզի կարողանանք այդ ծնողների ցանկություններին ընդառաջ գնալ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728