Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Օրենսդրական բաց․ համայնքի ղեկավարների պաշտոնակատարները մնում են առանց ավագանու

Փետրվար 18,2021 11:08

Փետրվարի 23-ին լրանում է Սյունիքի մարզի Տաթեւ խոշորացված համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների լիազորության ժամկետը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ, մարտին պիտի կայանային ՏԻՄ ընտրություններ, սակայն ռազմական դրության պատճառով այն հետաձգվելու է, քանի որ ընտրական օրենսգրքի 7-րդ հոդվածի 2–րդ մասի համաձայն՝ «Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ՝ ՏԻՄ եւ Ազգային ժողովի ընտրություններ չեն անցկացվում»։

«Տեղական ինքնակառավարման մարմինների» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի համաձայն, «համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանալու դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է քաղաքային բնակավայր ընդգրկող, իսկ մարզպետը` բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչև օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը»:

Ըստ այդմ, Սյունիքի մարզպետը կնշանակի պաշտոնակատար, իսկ ավագանու անդամների լիազորությունների դադարման դեպքում, օրենքը ոչինչ չի նախատեսում։

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2019-2020 թվականների ընթացքում ի հայտ եկան իրավիճակներ, երբ համայնքների ավագանիների լիազորությունները լրանում էին, իսկ ավագանիների արտահերթ ընտրություններ չէին նշանակվում՝ Հայաստանում արտակարգ և ռազմական դրության ռեժիմներին անցնելու հիմնավորմամբ, ներկայացրել է օրենսդրական փոփոխություն կատարելու նախագիծ։

Համայնքների ավագանիների լիազորությունները դադարելուց հետո՝ համայնքների բնականոն գործունեությունը խաթարվում է. չեն հաստատվում համայնքային բյուջեները, չեն հատկացվում սուբվենցիոն ծրագրերի համար համաֆինանսավորումները, անհնարին է դառնում ավագանու լիազորություններով պայմանավորված բազմաթիվ գործառույթների իրականացումը: Բազմաթիվ ներդրումային ծրագրեր իրականացնելու համար անհրաժեշտ են հողհատկացումներ, ինչը նույնպես հնարավոր չէ առանց ավագանու որոշման: Այդ իսկ պատճառով, նախարարությունն առաջարկում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում նախատեսել կարգավորում, համաձայն որի՝ ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ ավագանու ընտրություն չի անցկացվում, իսկ ավագանու լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչև ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո նորընտիր ավագանու առաջին նիստը:

Փոփոխությունից հետո, թերեւս օրենքը կունենա հետադարձ ուժ՝ պարզ չէ։ Սակայն երկուշաբթի օրվանից, Տաթեւ համայնքը չի ունենալու ավագանի։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728