ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, գրականագետ Սերժ Սրապիոնյանն ասում է՝ շաբաթներ առաջ, երբ զրուցում էին մի քանի մտավորականներով, հանգել են եզրակացության, որ բացասական մոտեցում կա կուսակցականության գաղափարի վերաբերյալ, ինչի մեջ իրենց մեղքի չափաբաժինն ունեն նաև կուսակցությունները: «Որպես անհատներ, մասնակցում էինք «17+1» ձևաչափով ընդվզմանը, որովհետև հասկանում էինք՝ այս աղետից դուրս գալը գերմարդկային ճիգեր է պահանջելու մեր ժողովրդից: Բայց մտավորականների այս անտարբերությունը նաև վիրավորական էր, որոշեցինք նրանց արթնացնել
Մեզ համար էլ էր անակնկալ, որ համակիրների մի վիթխարի խումբ հավաքվեց: Երևանյան մեր հանդիպումներին մինչև երեք հարյուր մտավորականներ, հայտնի դեմքեր են մասնակցում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սրապիոնյանը՝ ներկայացնելով «Ձայն հայրենյաց» նախաձեռնությունը: Այսօր արդեն նախաձեռնության մասնակիցները մարզային հանդիպումներ են ունենում:
Բոլոր մարզերում, ուր այցելել ենք, մեկ բան հստակ է՝ մարդիկ հասկացել էին, որ հարվածն ուղղված է եղել գլխավոր զարկերակին՝ մշակութային նկարագրին: Որոշվեց տեղերում ստեղծել մտավորականների խորհուրդներ, որոնք ի մի կբերեն մարդկանց, կորոնեն ուղիներ, կանեն առաջարկներ, և կորոշենք մեր հետագա անելիքը: Մեր համերաշխությունն ենք հայտնել բոլոր կառույցներին և ուժերին, բոլորս հավաքվում ենք մեկ նպատակի շուրջ՝ աղետներ բերող, ազգակործան, հայ ժողովրդի պատմության մեջ նախադեպը չունեցող այս վարչախումբը պետք է հեռանա: Թե հետո ինչպես կդասավորվի քաղաքական կյանքը, մտավորականների ճնշող մեծամասնությանը չի էլ հետաքրքրի: Նրանք տեսնում են՝ այսօր աղետ կա, հայտնվել ենք ոչ միայն պետականությունը, այլ նաև ժողովրդին կորցնելու վտանգի առաջ: Կա ներքին վիթխարի տրամադրություն հայրենիքը լքելու գաղափարի շուրջ:
Զարմանալի է, բայց ցանկանում են հեռանալ ընտանիքներ, որոնք ունեն միջին և միջինից բարձր սոցիալական կենսակերպ: Կա արդարության պակասի մեծ չափաբաժին: Ժողովուրդն իրեն անարգված է համարում: Հիշո՞ւմ եք՝ վարչապետի աթոռին բազմած անձը հայտարարեց, թե ժողովրդի մեջ թասիբ չկա: Դա ասվում էր այն ժողովրդին, որն ամենաթանկն էր տվել՝ իր զավակի արյունը, էլ չասած այն մասին, որ վերջին կոպեկն էր հավաքում և տալիս բանակին: Մարդկանց մի մասի երեխաները, ում ասում էին, թե թասիբ չունեն, նահատակվել էին: Նման խոսակցություն ունեցել ենք օրերս Վայքում, որտեղ հավաքվել էին ճարտարապետներ, ուսուցիչներ, մշակութային գործիչներ և այլք: Բոլորը ցանկանում են միավորվել մեկ գաղափարի շուրջ, անգամ նման բնութագրում եղավ, թե այս ֆաշիստական վարչակազմը պետք է հեռանա: Մարդիկ վիրավորված են իրենց հերոսների փոխարեն, ում շիրիմներին ուխտագնացություն են կազմակերպում, նրանց թափած արյունն առոչինչ համարեց այս վարչակազմը»,-նշում է մեր զրուցակիցը: Սրապիոնյանն ընդգծում է՝ ժողովրդի այս զայրույթը նաև վախ է ծնել իրենց մեջ:
Կարդացեք նաև
«Եթե այս եռացող լավան, որը լեռան տակ է, հանկարծ ժայթքի, իր ճանապարհին ամեն ինչ ավերելով առաջ կգնա: Գուցե հետևանքները շատ ավելի վատը լինեն»,-ասում է գրականագետը:
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։
« մասնակցում էինք «17+1» ձևաչափով ընդվզմանը, որովհետև հասկանում էինք՝ այս աղետից դուրս գալը գերմարդկային ճիգեր է պահանջելու մեր ժողովրդից», հարգելի «մտավորական» կարող ե՞ք որևէ կապ գտնել «17+»-ի և ժողովրդի միջև: Ընդամենը մեկ հարցով խնդիր է, բայց հազիվ թե կարողանաք հոդաբաշխ լուծում գտնել….