Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյան. «Ես չեմ տեսնում ուժ, որ կարող է այլեւս ունենա Հայաստանում մեծամասնություն». «Հրապարակ»

Փետրվար 18,2021 10:10

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը երեկ ասաց, որ Ծաղկաձորում պետք է հանդիպում լիներ՝ կապված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի հետ, իրենք ներկայացուցիչ են ուղարկել այդ հանդիպմանը եւ այդ ժամանակ նոր պետք է իմանային, թե ինչ օրենսգիրք է իրենց սպասվում։

– Կարծում եք՝ Նիկոլ Փաշինյանը, եթե Ընտրական օրենսգիրքը փոխի ու այս տարվա ընթացքում արտահերթ ընտրություն անցկացնի, կկարողանա՞ նորից 50 տոկոս եւ ավելի ձայն հավաքել։

– Ես կարծում եմ՝ չէ։ Եվ ոչ մեկը չի հավաքի, մենք էլ չենք հավաքի։ Ես չեմ տեսնում ուժ, որ կարող է այլեւս ունենա Հայաստանում մեծամասնություն։

– Դուք բացառո՞ւմ եք հաջորդ ընտրություններին նորից դաշինքով հանդես գալը, թե՞ ավելի շատ հակված եք միայնակ մասնակցելուն։

– Քննարկումներ չենք ունեցել, մենք մինչեւ էդ համագումար ունենք անելու, հազար բան ունենք անելու, ես չեմ կարող ամբողջ կուսակցության տեղը, դեռ ոչ մի որոշում չկայացրած, ասել, հակված ենք առանձին գնալուն, բայց ինչ ասես՝ կարա լինի։ Կարող է մի հատ նենց պլատֆորմ ստեղծենք, որ գնանք 50 տոկոս ձեն տանենք, օրինակ։ Բայց ես կարծում եմ, որ պետք է սեւ ու սպիտակի մեջ, որքանով տեսնում ենք՝ լինելու է սեւ ու սպիտակի պայքար, այսինքն՝ պետք է ասեն, նախկինները գալիս են, դրա համար եկեք ինձ ընտրեք, հա՞, ու էդ սեւ ու սպիտակի կռվի մեջ ես տեսնում եմ, որ պետք է մեր նման ուժերը, որոնք երբեք իշխանության մեջ չեն եղել, քաղաքական համակարգի կենտրոնում հավաքվեն եւ մի մեծ պլատֆորմով գնան եւ իշխանությունը վերցնեն։

– Հույս ունեք, որ սեւ ու սպիտակի պայքարի արանքում դուք կշահե՞ք։

– Ես չեմ ասում՝ կշահենք, ես ասում եմ՝ պետք է էդ կենտրոնական հատվածը տանել առաջ, որովհետեւ, եթե թողնում ենք էդ սեւ ու սպիտակը, ընտրությունների ժամանակ բանավեճը լինելու է հետեւյալ ձեւի՝ դուք դավաճան եք, դուք թալանչի եք։

– Բայց այսօր «սպիտակներին» մեղադրում են դավաճանության մեջ, այսինքն՝ զուտ սեւ ու սպիտակի պայքար չի լինելու։

– Սեւերին էլ մեղադրում են թալանի մեջ։ Դրա համար, որպեսզի Հայաստանի զարգացման մասին քննարկում, բանավեճ ունենանք, պետք է էն ուժերը, որոնք երբեւէ իշխանության մեջ չեն եղել եւ շանս չեն ունեցել Հայաստանը ո՛չ թալանելու, ո՛չ դավաճանելու, կենտրոնական հատվածում կենտրոնանան եւ իշխանությունը վերցնեն։

– Փետրվարի 20-ին, ասում են, հուժկու հանրահավաք է սպասվում, եթե իսկապես ընդդիմությանը հաջողվի փողոցային ճնշմամբ Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից, Դուք ինչպե՞ս կվերաբերվեք դրան։

– Ես ողջունում եմ, թող անեն հեղափոխություն։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728