Սյունիքի ու Գեղարքունիքի մարզի 39 համայնքներ սահմանամերձի կարգավիճակ են ստացել։ Սահմանամերձ դարձած գյուղերը կօգտվեն սոցիալական աջակցության ծրագրերից, կփոխհատուցվի նրանց գույքահարկը, գազի, հոսանքի ու ոռոգման ջրի վճարները այդ համայնքի բնակիչները կվճարեն կիսով չափ։
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք կառավարությանը ներկայացրել են սահմանամերձ 26 համայնքի ցուցակ, որի մեջ եղել է նաև Ճամբարակը և Վահան համայնքը, բայց ընտրվել է միայն 6-ը, դրանից առաջ էլ երկու համայնք արդեն սահմանամերձի կարգավիճակ ուներ։ Այսինքն՝ ընդհանուր առմամբ Գեղարքունիքի մարզից 8 համայնք է կառավարությունը ճանաչել սահմանամերձ։
«Մենք առաջարկել էինք այն համայնքների, բնակավայրերի ցանկը, որոնք իրենց հողատարածքներով սահմանակից են Ադրբեջանի Հանրապետությանը։ Տրամաբանությունը դա է եղել, բայց կառավարությունը համայնքները մի քիչ այլ տրամաբանությամբ է ընտրել։ Որոշիչ է եղել պաշտպանության նախարարության խոսքը։ Իսկ իրենք մի քիչ այլ մեթոդով են ընտրել համայնքները։
Հաշվի է առնվել ոչ թե համայնքի հողատարածքների սահմանակից լինելը, այլ համայնքի շենք-շինությունների, բուն բնակավայրի հեռավորությունը դիրքերից։ Հաշվի է առնվել համայնքի ռելիեֆը, որ որոշակի ուղիղ թիրախի տակ է համայնը, թե ոչ»,- ասաց Գեղարքունիքի մարզպետը՝ հավելելով, որ դրանով պայմանավորված՝ իրենց մոտ էլ անհամաձայնություն կա, սահմանամերձ համայնքի կարգավիճակ չստացած համայնքներում որոշակի դժգոհություն կա, բայց իրենք հանգիստ համայնքների հետ քննարկումներ են ունենում և կփորձեն առաջիկայում կառավարության հետ՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ աշխատանքներ տանել և կփորձեն սահմանամերձ համայնքների ցանկը ընդլայնել. «Կարծում եմ՝ համատեղ ինչ-որ որոշման կգանք»,- եզրափակեց Սանոսյանը։
Կարդացեք նաև
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում