Լրահոս
Օրվա լրահոսը

Հատուկենտ բացառություններ՝ ցինիզմի ֆոնին

Փետրվար 18,2021 10:00

Երբ մարդը մտնում է քաղաքականության մեջ եւ առավել եւս՝ երբ նա մաս է կազմում իշխանական խմբակի, նա պետք է գիտակցի, որ իրենից պահանջվելու է դեմագոգիայի ու ցինիզմի որոշակի մակարդակ: Դա համաշխարհային օրինաչափություն է, եւ Հայաստանն այստեղ չի կարող բացառություն լինել: «Թիմային ոգին» պահանջում է, որ դու կա՛մ չնկատես թերություններն ու արատները, կա՛մ նկատես ու ասես, որ դրանում մեղավոր ես ոչ թե դու. այլ քո նախորդները, կա՛մ, եթե լեզուդ առավել ճկուն է, թերությունը ներկայացնես որպես առավելություն: Հայաստանի նման ավտորիտար երկրում դու պարտավոր ես նաեւ փառաբանել քո ղեկավարի իմաստությունն ու խորաթափանցությունը:

Անխիղճ եւ անամոթ լինելն, այսպիսով, քաղաքական գործչի, կարելի է ասել, անբաժանելի հատկությունն է: Հետպատերազմյան Հայաստանում այդ հատկությունը ձեռք է բերել աննախադեպ եւ ծայրահեղացված բնույթ: Իմքայլականները եւ նրանց շեֆը, անգամ այն պարագայում, երբ Արցախի ՊԲ-ն շարունակում է գրեթե ամեն օր հրապարակել մի քանի տասնյակ զոհվածների անունները, գլուխները չեն կախում, մարդկանցից աչքերը չեն փախցնում. շարունակում են «դուխով» խոսել թե՛ պատերազմի եւ թե՛ զանազան այլ թեմաներով: Սովորական մարդը, եթե անգամ պատահաբար մեկ մարդու մահվան պատճառ է դառնում (ասենք, վթարի պատճառով), հետո ամբողջ կյանքը սթրեսի մեջ է, խիղճը տանջում է, երազներում մահացածը գալիս է ու հիշեցնում ողբերգական պատահարը: Բայց քաղաքական գործչի պարագայում դա այդպես չէ. պաշտոն կամ մանդատ ունենալու «կայֆերը» գերակշռում են սովորական մարդկային զգացմունքներին:

Ճիշտ է, կան հատուկենտ բացառություններ՝ մի քանի պատգամավորներ մանդատները վայր են դրել կամ դուրս են եկել իշխող խմբակցությունից: Նրանց թվում է Վարազդատ Կարապետյանը: Նախկին իմքայլական պատգամավորը եւ ԱԺ տարածքային կառավարման եւ այլնի մշտական հանձնաժողովի նախագահը օրերս որոշել է հրաժարական տալ նաեւ Չինաստանում Հայաստանի առեւտրային ներկայացուցչի պաշտոնից՝ բացատրելով, որ հիմա Չինաստան գնալու ժամանակը չէ: Երեք ամսվա ընթացքում պարոն Կարապետյանը գիտակցել է, որ մեր երկիրը խայտառակ պարտություն է կրել՝ մի բան, որը ջանասիրաբար հերքում են նրա նախկին թիմակիցները: Եվ դա բնական է. եթե նրանք իրերն անվանեն իրենց անունով, ապա կթուլանա նրանց դեմագոգիկ «փաստարկն» այն մասին, որ պատգամավորական մանդատն իրենց «ժողովուրդն է տվել»: Կստացվի, որ նրանց տրվել է խայտառակ պարտություն կրելու մանդատը:

Իսկ քանի որ մենք պարտություն չենք կրել, ուրեմն, մենք եւ մեր երեխաները շարունակում ենք ապրել «երջանիկ Հայաստանում»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Պարոն Աբրահամյան
    Ձեր ասած համաշխարհային օրինաչափության նման մի բան էլ կա. բազմաթիվ դեպքեր են եղել, երբ մեկ կամ մի քանի հոգու մահվան պատճառ դարձած մարդը՝ ասենք ինքնաթիռի թռիչքը կարգավորող դիսպետչերը, վթարից հետո, սեփական մեղքի զգացումից ինքնասպան է եղել:Չեմ առաջարկում բոլոր քայլականներին ինքնասպան լինել, բայց զղջալու դրսեւորում էլ չեն տեսել: Պարտությունից երեք ամիս անց հրաժարվելը մի բան է նշանակում՝ երեք ամսում ինչ-որ հարցեր է կարգավորել ու հեռանում է: Կամ որ քայլականներըւ լքում են խմբակցությունը ու մնում պատգամավոր: Շարունակում են վայելել մանդատը, չեն զղջում:

    Այնպես, որ ոչ մի բացառություն էլ չկա:

  2. Լավատես says:

    Ցանկացած համակարգում՝ լինի իշխանական, կուսակցական թե ընտանիք կամ ազգ, ընդդիմության մակարդակը հավասար է իշխանության մակարդակին, այդ պատճառով դեմ եմ, երբ մակարդակով մարդիկ հրաժարվում են ընդդիմություն լինելուց եւ դուրս են գալիս համակարգից՝ կուսակցությունից: Կուսակցությունն է նրանց ռազմաճակատը, թողնել դաշտն ու հեռանալ միայն այն պատճառով, որ քո կարծիքի հետ կուսակցական ղեկավարությունը հաշվի չի նստում, դա երեխայություն է, հակառակը՝ պետք է ձեր իսկ կուսակցության մեջ հայտնաբերել կամ ՝վերբովկա՝ 🙂 անել նորմալ մարդկանց ու դարձնել յուրային ու կազմել լուրջ ընդդիմություն կուսակցական ղեկավարությանը, բայց պահպանելով իհարկե համակարգի ռազմավարական արժեքները, իսկ եթե կուսակցական ղեկավարությունն է սպառնում կուսակցության ռազմավարական արժեքներին, պետք է նման ղեկավարությանը կուսակցությունից անհապաղ հեռացնելու պահանջ դնել: Միայն ուժեղ առողջ ներկուսակցական ընդդիմությունն է ընդունակ առողջացնել կուսակցության համակարգը եւ օգտակար լինել ազգին: Թող միամիտ հնչի, բայց ես այս քաղաքական ճգնաժամի լավագույն լուծումը տեսնում եմ հենց իշխող կուսակցությունների ինքնամաքրման, ինքնաառողջացման, ինքնազարգացման մեջ, դա հնարավոր է, երբ նորմալ մարդիկ իշխող զանգվածում կրիտիկական զանգված կազմեն:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728